Միշտ հիշեք՝ միայն համախմբվածությամբ է հնարավոր իրագործել հզոր հայրենիքի մեր տեսիլքը, միայն օրինահարգությամբ, արդարասիրությամբ, ծառայանվիրումով, հանձնառություններով ու զոհողություններով կարող ենք ծաղկեցնել մեր կյանքը, եւ ամուր ու հաստատուն պահել մեր պետականությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

«ՏԷՐ, ԲԱՐՒՈՔ Է ՄԵԶ ԱՍՏ ԼԻՆԵԼ»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

խտգնացությունները հայ քրիստոնյայի անհատական կյանքի հոգեւոր դաստիարակության լավագույն միջոցներից են եւ կապված են ոչ միայն Հիսուս Քրիստոսի կյանքին առնչվող վայրերի, այլեւ մարտիրոսների, սրբերի գերեզմանների, հրաշագործությունների հետ:

Հունիսի 22-ին՝ Սուրբ Տրդատ թագավորի տիկնոջ՝ Աշխենի եւ Խոսրովիդուխտի տոնի ուրախ առիթով, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Ժաննա Խաչատրյանի եւ Զարիկ Իգիթյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ուխտագնացություն դեպի Վայք: Վաղ առավոտյան ուխտավորների փոքրիկ խումբը, օրվա խորհրդով լցված, մեկնեց Վայք՝ ներկա գտնվելու, Ս. Տրդատ եկեղեցում մատուցվելիք, Սուրբ եւ անմահ Պատարագին:

ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՎԱՅՔՈՒՄ

Սուրբ Տրդատ եկեղեցին կառուցվել է 2000 թվականին եւ օծվել ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Սեպուհ քհն. Հարությունյանը: Սուրբ Պատարագին Տեր Հայրը ներկաներին ծանոթացրեց եկեղեցու պատմությանը:

ՆՈՐԱՎԱՆՔ

Ուխտավորների հաջորդ կանգառը Սյունյաց մետրոպոլիտների աթոռանիստ, Օրբելյանների հոգեւոր կենտրոն ու դամբարանավայր, նաեւ Հայ Եկեղեցու ճարտարապետության ամենանշանավոր կառույց Նորավանքն էր: 13-14-րդ դարերի վանական համալիրը, ըստ Օրբելյանի, սրբատեղի է դեռ վաղ միջնադարից: Նորավանքի համալիրի գլխավոր Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը՝ 1218-1223 թթ.-ին: Այստեղ ուխտավորները ծանոթացան վանական համալիրի պատմությանը, գոհաբանական աղոթք բարձրացրին առ Աստված եւ շարունակեցին ճանապարհը:

ՋԵՐՄՈՒԿԻ ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑԻ

Հաջորդ կանգառը Ջերմուկի՝ 2008 թ. կառուցված, Ս. Գայանե եկեղեցին էր: Այստեղ ուխտավորները վառեցին իրենց մոմերը, խնկարկեցին, միասնական աղոթեցին: Վերջին կանգառը Մուշաղբյուրի Ս. Հովհաննես եկեղեցին էր: Գյուղը եղել է Հայաստանի հնագույն եւ նշանավոր բնակավայրերից մեկը: Աղոթա-տունը մի քանի անգամ հիշատակվում է նաեւ Ս. Հովհաննես Կարապետ վանքի վիմագիր արձանագրություններում, ուր նշվում է, թե 1301 թ. իշխանուհի Գոնցան կառուցել է Սպիտակավոր Աստվածածին, Ս. Հովհաննես-Կարապետ վանական համալիրը: Վերջինս Ջալալ Օրբելյանի կինն էր: Եկեղեցու ներսում է գտնվում Օրբելյանների զինանշան քանդակը: Համալիրը կանգուն է մնացել մինչեւ 1678 թ. երկրաշարժը: Եղել է գրչության կենտրոն: Այցելուներին եկեղեցում իր հայրական օրհնության խոսքն ասաց հոգեւոր հովիվ Տ. Արիստակես վրդ. Այվազյանը: Վերջինիս առաջնորդությամբ ուխտավորներն աղոթք բարձրացրին առ Աստված՝ հայցելով Սուրբ Հովհաննես Կարապետի բարեխոսությունը: Եկեղեցում ամփոփված է Սրբի մասունքը, որի առջեւ ծնրադիր խոնարհվեցին ուխտավորները: Աստծո ներկայությունը բոլորի սրտերում էր: Ուխտավորներից մեկն օրվա վերջում հիշեց հայտնի ասացվածքը. «Օր կա՝ տարի արժե, տարի կա՝ օր չարժե»: Ուխտագնացությունն այդ օրը մեզ համար տարի արժեցավ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները