Միշտ հիշեք՝ միայն համախմբվածությամբ է հնարավոր իրագործել հզոր հայրենիքի մեր տեսիլքը, միայն օրինահարգությամբ, արդարասիրությամբ, ծառայանվիրումով, հանձնառություններով ու զոհողություններով կարող ենք ծաղկեցնել մեր կյանքը, եւ ամուր ու հաստատուն պահել մեր պետականությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՎԻՐԱՊ ԵՎ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

«Գրիգոր՝ Սուրբ քահանայապետ, որ զհաւատս ուսուցեր եւ զբանակս
դիւացն հալածեցեր, մարդկան ուսուցեր քարոզել զԵրրորդութիւնն,
պսակեցար յարքայութեանն, արդ բարեխօս լեր առ Տէր վասն մեր»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ստծո օգնությամբ եւ թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ կատարվեց մի խումբ հավատացյալների իղձը: Հունիսի 12-ին նրանք ուխտագնացության մեկնեցին Լուսավորչի վիրապը, այնտեղ, ուր հազարամյակներ առաջ, Արարատից իջնելով, Նոյը զոհասեղան էր կանգնեցրել՝ փառաբանելով Աստծուն իր եւ իր ընտանիքի փրկության համար: Յուրաքանչյուր ուխտավոր մի նվիրական փափագ ուներ՝ տեղ հասնել եւ տեսնել մեծ Սրբի չարչարանաց վիրապը սեփական աչքերով, ծնկի գալ եւ զգալ այդ սուրբ հողը:

ԽՈՐՎԻՐԱՊՈՒՄ

Օրն արեւոտ էր, ինչպես ուխտավորների հոգիները: Առաջին հանգրվանը ժայռերին բազմած Խորվիրապի վանական համալիրն էր: Բազմամարդ էր այնտեղ: Երկար սպասելուց հետո վերջապես մոտեցանք եւ …ակամայից հետ քաշվեցինք: Բայց ինչ-որ զորավոր ուժ մեզ մղում էր դեպի վիհը: Դանդաղ ու զգուշությամբ իջանք աստիճաններով, եւ մեր աչքերի առջեւ բացվեց փոքրիկ, սեւացած պատերով խնկաբույր խուցը: Հավատքի ուժով ծնկեցինք եւ սկսեցինք աղոթել: Ակամա մտածում ես, թե ինչպես կարող էր մարդ տասն-չորս տարի ապրել այդպիսի խցում: Հիրավի աստված-ընտրյալ էր նա: Երբ բարձրանում էինք նեղլիկ աստիճաններով, հասկացա, որ վերելքն ավելի հեշտ էր, քան վայրէջքը: Խորվիրապ, խորհուրդ խորին, խորհրդագործ զորություն՝ մարմնեղեն բնակչիդ հետ հերկի՛ր կարծրացած սրտերը մեր, փարատի՛ր մեր մտքերի մառախուղը, որպեսզի կարողանանք տեսնել այն, ինչ մեր մարմնեղեն աչքերն ու տրամախոսությունը թույլ չեն տա տեսնել…

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Սուրբ Աստվածածին եկեղեցում սկսվեց, մեր հավատի հոր «ելն ի վիրապեն» տոնի ուրախ առիթով մատուցվող, Սուրբ եւ անմահ Պատարագը: Այն մատուցվեց ձեռամբ հոգեշնորհ Տ. Իսահակ վրդ. Պողոսյանի: Սուրբ Պատարագից հետո մեր հավատո հոր մասունքակիր Ս. Աջին խոնարհվեցին ուխտավորները:

Հաջորդ հանգրվանը Մարմարաշենի Ս. Գեւորգ եկեղեցին էր: Այստեղ եւս ուխտավորներն աղոթեցին, վառեցին իրենց հավատքի մոմերը: Երրորդ կանգառը Մասիսի Ս. Թադեոս եկեղեցին էր: Վերջին հանգրվանը Վաղարշապատի Ս. Գայանե, Ս. Հռիփսիմե եկեղեցիներն էին: Այստեղ եւս ուխտավորները մոմեր վառեցին եւ Ս. Կույսերի գերեզմաններին ծնրադիր աղոթեցին՝ հայցելով նրանց բարեխոսությունը: Ապա ամենքը, սրբավայրերի եւ Սրբի մասունքերի զորությունն ստացած եւ հոգեպես հարստացած, բռնեցին տունդարձի ճանապարհը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները