Միշտ հիշեք՝ միայն համախմբվածությամբ է հնարավոր իրագործել հզոր հայրենիքի մեր տեսիլքը, միայն օրինահարգությամբ, արդարասիրությամբ, ծառայանվիրումով, հանձնառություններով ու զոհողություններով կարող ենք ծաղկեցնել մեր կյանքը, եւ ամուր ու հաստատուն պահել մեր պետականությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՐԲՈՑՆ ԴԱՆԻԵԼԻ
ԵՎ ԵՐԻՑ ՄԱՆԿԱՆՑՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ունիսի 18-ին՝ Ս. Դանիելի եւ երեք մանուկների՝ Սեդրակի, Միսաքի եւ Աբեդնագովի տոնին, Ազատանի Սուրբ Հարություն - Սուրբ Ստեփանոս եկեղեցու հավատացյալները, հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանի առաջնորդությամբ, մեկնեցին ուխտագնացության՝ նորոգելու առ Աստված իրենց ուխտը:

Առաջին կանգառը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցին էր, ուր հավատացյալները ներկա գտնվեցին Առավոտյան ժամերգությանը եւ ստացան Տ. Պողոս քհն. Միքայելյանի օրհնությունը: Այնուհետեւ շարժվեցին դեպի հայոց միջնադարյան գլուխգործոցներից մեկը՝ Նորավանք, ուր, միասնական աղոթքից հետո, այցելուներին վանքի պատմությանը ծանոթացրեց տեղի հոգեւոր սպասավոր Տ. Արամ քհն. Կարապետյանը:

Հարուստ տեղեկատվություն ստանալուց եւ շրջայց կատարելուց հետո ուխտավորները բռնեցին Թանահատի վանք տանող ճանապարհը, ուր, ըստ վարկածների, ժամանակին եղել է միջնադարյան հայոց մտքի կաճառ Գլաձորի համալսարանը:

Այստեղ միասին շարականներ երգելուց հետո Տեր Մակարը խոսեց օրվա խորհրդից եւ հորդորեց, որ, Դանիելի եւ նրա երեք ընկերների օրինակով, մեզանից յուրաքանչյուրը հավատարիմ լինի Աստծուն՝ կյանքի բոլոր պարագաներում, իսկ Աստված Իր մեծ շնորհն ու ողորմությունը չի ուշացնի:

Չորրորդ սրբավայրը Արկազի Սուրբ Խաչն էր: Ըստ ավանդության՝ այստեղ ամփոփված է մեր Տիրոջ խաչափայտի մասունքը: Տեղի քահանան հաղորդ դարձրեց վանքի պատմությանը եւ իր օրհնությունը բաշխեց ուխտավոր հավատացյալներին:

Վերջին հանգրվանը Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր, ուր բոլորն աղոթեցին մեր երկրի խաղաղության, բանակի հզորացման, սահմանների անսասանության ու ժողովրդի միասնականության համար:

Այստեղից հավատացյալները, հոգենորոգված, զորացած ու մաքրված, վերադարձան Ազատան:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները