Միշտ հիշեք՝ միայն համախմբվածությամբ է հնարավոր իրագործել հզոր հայրենիքի մեր տեսիլքը, միայն օրինահարգությամբ, արդարասիրությամբ, ծառայանվիրումով, հանձնառություններով ու զոհողություններով կարող ենք ծաղկեցնել մեր կյանքը, եւ ամուր ու հաստատուն պահել մեր պետականությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

«…ՏԷՐ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՊԵՏ ՊԱՐԹԵՒԵԱՆ,
ԼԵՐ ՄԵԶ ՊԱՐԻՍՊ ՈՒ ՊԱՀԱՊԱՆ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՀԱՅԿԱՁՈՐԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉՈՒՄ

«Գրիգոր սուրբ քահանայապետ, որ զհաւատս ուսուցեր եւ զբանակս դիւացն
հալածեցեր, մարդկան ուսուցեր քարոզել զԵրրորդութիւնն, պսակեցար
յարքայութեան. արդ բարեխօս լեր առ Տէր վասն մեր»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ունիսի 15-ին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի օրը, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ եւ Զարիկ Իգիթյանի ու Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Հայկաձորի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որ գտնվում է Հայաստանի ու Թուրքիայի սահմանին, չեզոք գոտում եւ տարին երեք անգամ է սահմանը բացվում հայոց կողմից՝ աղոթատան սուրբ խորաններից ներս հյուրընկալելու Հայաստանի տարբեր մարզերից եկած ուխտավորներին:

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

Եկեղեցին, որ 985 թվականի կառույց է, գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին: Ըստ հարավային ճակատի արձանագրության՝ աղոթատունը կառուցել է Հոռոմոս վանքի առաջնորդ Տ. Սարգիս եպիսկոպոսը: Նրա մահվանից հետո եկեղեցու կառուցումը շարունակել է Սողոմոն եպիսկոպոսը՝ Սամեհան ճարտարապետի ձեռամբ: Այն կառուցվել է բուսական եւ այլ զարդաքանդակներով, որոնցով ավելի է շեշտվում աղոթատան հմայքն ու գեղեցկությունը:

Կառուցված է կարմիր սրբատաշ տուֆաքարով եւ կրաշաղախով: Սելջուկյան արշավանքներից հետո, որոնց ընթացքում եկեղեցին ենթարկվել էր մեծ ավերումների, հավանաբար 13-րդ դարի սկզբին այն ամբողջապես վերակառուցվել է, վերականգնվել է գմբեթը, ինչպես նաեւ ճակատների երեսպատումը: Մեր օրերում, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի ձեռամբ, օծվեց գմբեթի խաչը եւ տեղադրվեց երկնաբարձ գագաթին:

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հունիսի 15-ին առաջնորդա-նիստ Ս. Յոթվերք եկեղեցում ուխտավորները ներկա գտնվեցին առավոտյան ժամերգությանը, ապա շարժվեցին դեպի Հայկաձորի սահման: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Հայկաձորի հոգեւոր հովիվ Տ. Մխիթար քհն. Հարոյանի:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց Արմավիրի Ս. Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ահարոն քհն. Գրիգորյանը:

Ներկա ուխտավորները հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Ս. Արյանը: Մաքրված ու զորացած ուխտավորներն այնուհետեւ շարունակեցին ճանապարհը դեպի Անիպեմզա, ուր գտնվում է 6-րդ դարի խոնարհված Երերույքի տաճարը: Այստեղ վառեցին իրենց հավատքի մոմերը, խնկարկեցին, իսկ երեկոյան բռնեցին տունդարձի ճամփան:

Ի ԴԵՊ

Փրկչական 21-րդ դարագլխի 2001 տարում՝ հայոց լուսավորության տասնյոթերորդ հարյուրամյակի ուրախ առիթով, Հռոմի Հովհաննես-Պողոս Պապը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին նվիրեց Ս. Գրիգորի մասունքները:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ՀՐԱՆՏ ՈՍԿԱՆՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները