Միշտ հիշեք՝ միայն համախմբվածությամբ է հնարավոր իրագործել հզոր հայրենիքի մեր տեսիլքը, միայն օրինահարգությամբ, արդարասիրությամբ, ծառայանվիրումով, հանձնառություններով ու զոհողություններով կարող ենք ծաղկեցնել մեր կյանքը, եւ ամուր ու հաստատուն պահել մեր պետականությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

«ԷՋՄԻԱԾԻՆ՝ ԶԱՐԴ ԵԿԵՑԵՑԵԱՑ, ՊԱՐԾԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ…»
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

«Սուրբ Էջմիածինը Քրիստոսի Ավետարանն է, որ տրվեց Սուրբ Գրիգոր Լուավորիչ
Հայրապետին: Սուրբ Էջմիածնի լույսն ամենուր է եւ ճառագում է մեր ժողովրդի
հոգիներից ներս՝ կապելով նրանց մեր Սուրբ Հայրենիքին»:
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

այ մարդու համար Ս. Էջմիածինը հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է՝ իր հոգեւոր, ազգային ու պատմական նշանակությամբ՝ հիմնադրված Աստծո Միածին Որդու կողմից: «Աստվածակառույց եւ անյաղթելի մեծի Աթոռոյս անշարժութիւն եւ անսասանութիւն» հայրապետադիր կարգի համաձայն ամեն տարի՝ տարբեր առիթներով, Հայոց Եկեղեցու սպասավորներն այս մաղթանքն առ Ամենասուրբ Երրորդություն են վերառաքում՝ «վասն Մայր Աթոռոյ Ամենայն Հայոց»:

Հայրապետի տեսիլքով Աստված իջավ հայոց աշխարհ եւ կանխորոշեց հայ ժողովրդի ապագան որպես ընտրյալ մի ժողովուրդ, որն առաջինը հռչակեց քրիստոնեությունը որպես պետական կրոն՝ իր սրտում դրոշմելով Երկնավոր Վարդապետի սիրո վարդապետությունը: Համայն հայության սիրտը կապված է այս գանձի՝ ամենայն օրհնությունների աստվածահիմն ակունքի հետ. «Աստված կնքեց մեր հողը, դրեց խարիսխ հավատի ու կապեց կամար Սրբազան ուխտի» (Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս): Սուրբ Էջմիածինը, ինչպես բնորոշել են Հայրապետները, առաքելություն է, որ առաջնորդում է մահվանից դեպի կյանք եւ ամեն հայի հոգում պատկերագրում Աստծո Էջքը:

Էջմիածինն ուղղակի քարեղեն կառույց չէ, այլ առաջին հերթին հոգեւորականների ու հավատացյալ ժողովրդի մի ամբողջություն, որպես միմյանց լրացնող մասնիկներ: Զուր չէ «Էջմիածին» ուխտավորի երգում ասվում. «Ես մի ընծա քո խորանում, մի կաթիլ խունկ՝ քո բուրվառում»: Անշուշտ Էջմիածինը երկնքից առաքված խորհուրդ է հայ ժողովրդի համար: Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե հայ ժողովուրդը Էջմիածնի քարերն է պաշտում: Ավետիք Իսահայկանն ասում է. «Էջմիածնի տոնն այն նշանավոր օրն է, որ հիշեցնում է Հայ Եկեղեցու ամեն անդամի, թե նա հոգեւոր կյանքի մի կենտրոն ունի, թե այդ կենտրոնի կենդանությունը, նրա հետ կենդանի կապ պահելը նույնչափ անհրաժեշտ է, որչափ հայի ինքնուրույն, ազգային, եկեղեցական կյանքի պահպանությունը»:

Հետեւաբար՝ յուրաքանչյուր հայի պարտականությունն է մշտապես աղոթել Էջմիածնի անսասանության համար: Քրիստոնեությունը հայի մաշկի գույնը, նկարագիրն ու էությունն է, իսկ Էջմիածինը՝ բաբախող սիրտը, որի շնորհիվ էլ Մայր Տաճարի զանգերի ձայնը լսելի է ամբողջ աշխարհում: «Սուրբ Էջմիածինը միշտ կը բաշխուի ու չի նւազեր, ինչքան կը բաշխուի, այնքան կը շատնայ, ինչքան լոյս կը սփռէ՝ այնքան կը շողա: Դարեր կը գան, դարեր կանցնին, ան կը բարձրանայ, կը լուսաւորէ, միշտ կը ներշնչէ, կեանք տալով՝ կապրի…» (Վազգեն Ա Կաթողիկոս): Նայելով Մայր Տաճարին, ոգեշնչվում է հայը՝ հիշելով նրա պատմությունը, որը, չլռող զանգի պես, միշտ հնչում է իր ականջին՝ առաջնորդելով կյանքի ու մահվան պայքարի, զինելով Աստծո օգնականությամբ՝ նույնիսկ դժոխքի կրակների միջով անցնելու քաջությամբ, քանզի, քրիստոնյա առաջին արքայի եւ հայոց առաջին հայրապետի ձեռքերով կառուցված, սրբարանը բազմաթիվ հողմեր ու փոթորիկներ է տեսել պատմության ընթացքում, սակայն, Բարձրյալ Աստծո հովանու ներքո, անսասան է մնացել եւ դարեր ի վեր ծառայել ու ծառայում է՝ ի բարօրություն իր հավատացյալ զավակների:

Ահավասիկ, հունիսի 2-ին եւս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնադրման շնորհալից տոնին, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին աղերս է առաքում երկինք, որպեսզի Բարձրյալ Տերն Իր իսկ հաստատած Մայր Աթոռը՝ անպարտելի եւ անխորտակելի վեմը, միշտ անհողդողդ ու անարատ պահի, պահպանի՝ ի փառս Իր սուրբ անվան:

Հունիսի 2-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի ուրախ առիթով, առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները