Ճշմարիտ քրիստոնյան գիտի, որ իր յուրաքանչյուր օրը պարգեւ է Արարչից, եւ որ այդ պարգեւն առավել պայծառազարդվում է, առ Աստված հավատքից ճառագող, սիրով, հավատավոր գործերով:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 5 (293), մայիս 2024 թ.  


 

       

«ԱՆՄԱՀԱՐԱՐ ԲԱԺԱԿ ՀԵՂԵԱԼ ՅԵՐԿՆԻՑ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ…»
ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

«Սարսափելի հողմոյ նըման ահեղագոչ սաստիկ հընչմամբ երեւեցար ի Վերնատանն,
Հոգիդ դասուն երկոտասան, որք առ ի Քէն մըկըրտեցան, որպէս ոսկի
հրով մաքրեցան, մաքրեա ի մէնջ զմէգ մեղաց եւ ըզգեցո ըզլոյս փառաց»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ոգեգալուստը տեղի ունեցավ Պենտեկոստեի տոնին, որը հրեաները կատարում էին ի հիշատակ Սինա լեռան վրա Մովսեսին տրված տասնաբանյայի՝ տասը պատվիրանների: Ինչպես գրում է Ս. Գրիգոր Տաթեւացին՝ եգիպտական գերությունից դուրս գալուց հետո՝ հիսուներորդ օրը, անապատում տրվեց Հին Ուխտի կանոնը, եւ, Հիսուսի խաչելությունից հիսուն օր հետո, Վերնատանը տրվեց Նոր Ուխտի իմացությունը, որն առաքյալները քարոզելու էին ողջ աշխարհում: Ինչպես Զատկին էին մեծ թվով հրեաներ հավաքվում Երուսաղեմում, այնպես էլ Պենտեկոստեի տոնին էր բազմամարդ դառնում քաղաքը, եւ ինչպես Հիսուսի խաչելությանը մեծաթիվ ականատեսներ եղան, այնպես էլ հարկավոր էր, որ, Սուրբ Հոգու իջմամբ, աստվածային փառքի հայտնությունը Պենտեկոստեի տոնին ներկա եղողները տեսնեին:

Ըստ Սուրբ Հովհան Ոսկեբերանի՝ Սուրբ Հոգին այս նշանավոր տոնին իջավ, որպեսզի խաչելության ժամանակ Հիսուսի անարգանքը տեսնողները տեսնեն եւ Նրա փառքը: Սուրբ Հոգու Էջքի ժամանակ հնչած ձայնի եւ բոցեղեն լեզուների մասին Ոսկեբերանը գրում է, որ, ի հավաստումն Սուրբ Հոգու իջման, «ձայնը հնչեց՝ ականջին լսելի լինելու համար, իսկ բոցեղեն լեզուներն իջան՝ աչքին տեսանելի լինելու համար: Բոցեղեն լեզուները կարծրերը հալեցնում են, իսկ թույլերն ամրացնում: Ինչպես որ հրից մետաղը հալվում է եւ կավը թրծվում, այնպես էլ անհավատների սիրտը հալեցրեց եւ հավատքի բերեց, իսկ առաքյալներին կարծրացրեց, ամրացրեց իրենց հավատքում, որ ողջ աշխարհով աներկյուղ քարոզեն Ավետարանը»: Հոգեգալստյան տոնը նշվել է դեռեւս առաքելական շրջանից, իսկ հոգեւոր խորհրդի մեծությունը գտնում ենք Ընդհանրական Եկեղեցու վաղ շրջանի հայրերի գործերում: Ըստ Սուրբ Հայրերի՝ յոթը շաբաթ անց Սուրբ Հոգու Էջքը խորհրդանշում է յոթնարփյա շնորհները, որք են՝ իմաստություն, գիտություն, զորություն, հանճար, խորհուրդ, աստվածապաշտություն եւ երկյուղ, որոնք տրվեցին առաքյալներին:

Նոր Կտակարանում հրաշալի դեպքերի եւ երեւույթների ոսկեհուռ շղթան ամբողջացնում է Հոգեգալստյան դրվագը: Ճշգրտված թվականով այն պատահելէ 30 թ. մայիսի 28-ին: Հավելենք նաեւ, որ հնում մեկ օր էր միայն տոնվում Հոգեգալուստը, բայց 12-րդ դարում Սուրբ Ներսես Շնորհալին սահմանել է ամբողջ շաբաթ ի պատիվ Սուրբ Հոգու՝ ճոխացնելով այդ տոնը հատուկ ընթերցվածներով ու շարականներով: Սուրբ Հոգով է միայն մխիթարվում Եկեղեցին: Աղոթքի պահին Նա է օգնում հավատացյալներին՝ վկայելով ու բարեխոսելով նրանց համար: Բնականաբար Սուրբ Հոգին է արթնացնում մարդուն՝ պատրաստելով նրան երկնքի Արքայությանը: Առանց Սուրբ Հոգու գալստյան չէր լինի հստակ պատկերացում Աստվածորդու երկրային գործունեության մասին: Սուրբ Երրորդությունը կատարյալ չէր լինի, եթե Սուրբ Հոգին չգար: Ինչպես «Հավատո հանգանակ»-ում է ասվում՝ «հաւատամք եւ ի Սուրբ Հոգին, յանեղն եւ ի կատարեալ, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս: Որ Էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալն եւ բնակեցաւ ի սուրբսն»:

Հոգեգալստյան տոնի ուրախ առիթով՝ մայիսի 19-ին, Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սուրբ Պատարագի ընթացքում մեր Տիրոջ կենարար Մարմնին եւ Արյանը հաղորդվեցին մեծաթիվ բարեպաշտ հավատացյալներ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները