Քրիստոնեական հավատք ունեցողը չի կարող զուրկ լինել հույսից, որովհետեւ հույսի աղբյուրն Աստված Ինքն է:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 4 (292), ապրիլ 2024 թ.  


 

       

«ՄԵՆՔ ՈՒԽՏ ՈՒՆԵՆՔ՝ ՄԻՇՏ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ…»

եզ՝ քրիստոնյաներիս, համար կիրակին հանգստի եւ հոգեւոր մտորումների օր է: Կարմիր կիրակին հատուկ շարական չունի, սակայն զուրկ չէ իր ուրույն խորհրդից: Կարմիրն առհասարակ պայքարի խորհրդանիշն է: Ուստի այս կիրակին մեզ հիշեցնում է, Քիստոսի Ս. Հարությամբ ապահովված, մեր կյանքի կարեւորագույն իրողությունը. այն պայքար է՝ մեր կյանքում տեղ գտած բոլոր բացասական երեւույթների դեմ: Ուրեմն՝ Կարմիր կիրակին քրիստոնեական քաջության հիշեցման օր է, իսկ քաջությունը հիմնականն է քրիստոնեական առաքինությունների մեջ:

Ապրիլի 21-ին՝ Կարմիր կիրակիի տոնի ուրախ առիթով, թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի, Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, Ս. Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ հավատացյալներ ուխտավորաբար այցելեցին Արագածոտնի մարզի երեք նշանավոր եկեղեցիներ՝ Հովհանավանք, Սաղմոսավանք եւ Հարթավանի Աստվածընկալ:

ՀՈՎՀԱՆԱՎԱՆՔ ԿԱՄ ՕՀԱՆԱՎԱՆՔ

Հովհանավանքը, ըստ ավանդության, հիմնել է Ս. Գրիգոր Լուսավորիչը՝ այստեղ բերելով Հովհաննես Մկրտչի նշխարների մի մասը: Եկեղեցու համալիրի մեջ մտնում են 4-5-րդ դարերի Ս. Կարապետ եւ 13-րդ դարի Կաթողիկե եկեղեցիները, ժամատուն գավիթը (1247-1250), տապանատունը եւ 5-րդ դարի հուշասյունը:

Ուխտավորները զմայլվեցին աղոթատան արտաքին գեղեցկությամբ, ապա ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Դերենիկ աբղ. Սահակյանը: Արդեն մի քանի տարի է, ինչ Կարմիր կիրակիի տոնի առիթով, երեւանաբնակ Կարապետյանների տանից դուրս է բերվում «Կարմիր Ավետարանը»: Ս. Գիրքը բերել է Մշո Սուրբ Առաքելոց վանքի վանահայր Կարապետը: Այն սերնդե-սերունդ պահպանում է Կարապետյան գերդաստանը: Ավետարանի մեջ գրված է. «Ես՝ անարժան Կարապետս, այս Ավետարանը ստացա նվեր»: Ըստ ավանդույթի՝ Ս. Գրքի վրա երդվել է Անդրանիկ Օզանյանը:

ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ

Ուխտավորների հաջորդ կանգառը, լեռան գագաթին վեհաշուք բազմած, Սաղմոսավանքն էր, ուր թվում է՝ երկինքն ու երկիրը խառնվում են միմյանց: Սաղմոսավանքում եւս հնչեցին հոգեհույզ շարականներ: Իսկ մանրաքանդակ խաչքարերը, որոնք կանգնած էին եկեղեցու գավթում, իրենց քարե համանվագով լրացրին եկեղեցում հնչող երաժշտությունը:

Ուխտագնացության վերջին հանգրվանը Հարթավանի Աստվածընկալ Ս. Նշան վանքն էր, ուր ընթանում էին գավթի եւ կից եկեղեցու վերականգնողական աշխատանքները: Ընդհանրական աղոթքից եւ երկրպագությունից հետո, երանավետ երջանկությամբ ու բազմախորհուրդ շարականների օրհնությամբ, ուխտավորները բռնեցին տունդարձի ճամփան:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները