Քրիստոնեական հավատք ունեցողը չի կարող զուրկ լինել հույսից, որովհետեւ հույսի աղբյուրն Աստված Ինքն է:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 4 (292), ապրիլ 2024 թ.  


 

       

ԱՎԱԳ ԿԱՄ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ՇԱԲԱԹԸ
ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

իսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ, որովհետեւ ամենամեծն ու նշանակալիցն է հիշատակվող դեպքերի կարեւորությամբ ու խորհրդով: Ինչպես ասում է Հովհան Ոսկեբերանը՝ «այդ շաբաթ…տրորվեց ու ոտնահարվեց մահը, ջնջվեց մեղքը, փշրվեցին երդումն ու դրախտի փականը, կոտրվեց երկնքի անմատչելիությունը, մարդիկ մերձեցան հրեշտակներին, հեռացվեց բաժանության պատնեշը, զավթվեցին անջրպետող սահմանները, Աստված աշխարհում հաշտեցրեց երկնայինն ու երկրայինը»:

Ավագ երկուշաբթի՝ մարտի 25-ին, անպտուղ թզենու հիշատակության օրն էր: Երուսաղեմից դուրս գալիս Հիսուս մի թզենի է տեսնում եւ ցանկանում թուզ ուտել, բայց, պտուղներ չգտնելով, անիծում է, եւ այն չորանում է: Մարտի 26-ին՝ ԱՎագ երեշաբթի օրը, հիշատակվեց տասը կույսերի առակը:

Ավագ չորեքշաբթի օրը՝ մարտի 27-ին, հիշատակվեց, մեղավոր կնոջ ձեռքով, Բեթանիայում Հիսուսի գլուխը եւ ոտքերը նարդոսի թանկարժեք յուղով օծվելը: Ավագ չորեքշաբթին նաեւ մատնության օրն է, երբ աշակերտներից Հուդա Իսկարիովտացին երեսուն արծաթով համաձայնեց մատնել Հիսուսին:

28 մարտի՝ Ավագ հինգշաբթի: Առավոտյան ժամերգությունից հետո հիշատակվեց Վերջին ընթրիքը, նաեւ կատարվեց ապաշխարողների արձակման կարգ: Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, ի հիշատակ Վերջին ընթրիքի եւ Ս. Հաղորդության խորհրդի հաստատման, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ հավուր պատշաճի եւ ամենայն հանդիսավորությամբ: Այդ օրը հավատացյալ բազմությունն ի մի էր եկել՝ ներկա գտնվելու, Սուրբ Խորհրդի հաստատումը խորհրդանշող, սրբազան արարողակարգին:

«Հավատամք»-ի ընթերցման ժամանակ բացվեց Սուրբ Խորանի վարագույրը, որ փակվել էր նույն օրը: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն ընթերցեց, Սուրբ Հաղորդության մասին, Ս. Բարսեղ Հայրապետի ճառը:

ԿԱՐԳ ՈՏՆԱԼՎԱՅԻ

Երեկոյան՝ Ոտնալվայի մեծախորհուրդ արարողության ընթացքում, որ հիշատակն է մեր Տիրոջ տված խոնարհության ամենամեծ դասի, Առաջնորդ Սրբազանը լվաց եւ յուղով օծեց տասներկու ընտրյալների ոտքերը Տիրոջ օրինակով: Ոտնալվայից հետո ներկա հավատացյալներին բաժանվեց օրհնված յուղը, որը եկեղեցուն էր նվիրել խաչքավոր Արմեն Տոնոյանը:

Ի դեպ այս կարգը հեղինակել է Սուրբ Եփրեմ Ասորին Դ դարում եւ հայերեն է թարգմանվել ԺԱ դարի հայրապետ Գրիգոր Բ Վկայասերի կողմից, իսկ հետագայում ճոխացվել է զուտ հայկական հոգեպարար շարականների ու աղոթքների հավելումով:

ԿԱՐԳ ԽԱՎԱՐՄԱՆ

Ուշ երեկոյան կատարվեց Ավագ ուրբաթի հսկումը՝ «Խավարում»-ը: Սուրբ Յոթվերքում հավաքված հավատացյալները, հոգիներում անափ տխրություն անթեղած, եկել էին ներկա գտնվելու, Տիրոջ երկրավոր կյանքի վերջին ժամերը խորհրդանշող, ամենատխուր արարողությանը, որ ծանոթ է Խավարում անվամբ: Արարողությունն սկսվեց երեկոյան ժամը 21:00-ին: Սուրբ Խորանի վրա վառվող տասնմեկ մոմերը խորհրդանշում էին Տիրոջ առաքյալներին, իսկ սեւ գույնով ներկվածը՝ Հուդային: Այդ օրը յոթն Ավետարան ընթերցվեց, եւ հիշեցվեց Հուդայի մատնությունն ու Քրիստոսի չարչարանքը: Ս. Խորանի վրա վառվող տասներկու մոմերը, սուրբգրային ընթեցվածներից հետո, համապատասխանաբար մարվեցին:

«Տեր երկնից» շարականի երգեցողությունից հետո մարվեց նաեւ Տիրոջը խորհրդանշող մոմը, ապա մարեցին եկեղեցու լույսերը: Արարողությունն ավելի ազդեցիկ դարձավ, երբ մթության մեջ հնչեցին զղջման ու ապաշխարության «Տեր ողորմեա»-ն եւ «Ո՞ւր ես, մայր իմ» հոգեզմայլ տաղը: Այնուհետեւ, դարձյալ մթության մեջ, հնչեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանի քարոզը:

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ «ԵՒ ԳԻՇԵՐ ԷՐ…»

Ավագ ուրբաթի խորհրդակատարությունները շարունակվեցին հաջորդ օրվա միջօրեին՝ «Խաչելության կարգ»-ով, Տիրոջ դատապարտության եւ խաչելության դրվագների ընթերցմամբ: Հընթացս ժամերգության, Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հանդիսապետությամբ, տեղի ունեցած արարողությունը խորհրդանշում էր Քրիստոսի թաղումը: Ծաղիկներից ու դալար ոստերից հյուսված գերեզմանի մեջտեղում քողածածկ պատանքված խաչն էր, որ Թաղման կարգի ժամանակ, մեծաթիվ հավատացյալների ուղեկցությամբ, դուրս բերվեց Ս. Յոթվերքից եւ պտտեցվեց մայր եկեղեցու շուրջը՝ ի տես եւ ի խոնարհումն հավատավոր ժողովրդի:

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ, ՃՐԱԳԱԼՈՒՅՑ
«ՅԱՐԵԱՒ ԱՍՏՈՒԱԾ ԵՒ ՑՐՈՒԵՑԱՆ ԱՄԵՆԱՅՆ ԹՇՆԱՄԻՔ ՆՈՐԱ»

Սուրբ Զատկի Խթման օրն է կամ Ճրագալույց: Երեկոյան ժամը 20:00-ին, Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագ, որին ներկա էին մեծաթիվ հավատացյալներ: Նախ ընթերցվեցին Դանիել մարգարեի թղթերը: Երեք ընթերցողները խորհրդանշում էին բոցավառ հնոց նետված երիտասարդներին: Սա նաեւ խորհրդանշում է Հիսուսի երեքօրյա թաղումը, որով սակայն Նա չապականվեց: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Ս. Հարության նախատոնակ, որից հետո ներկա հավատացյալները վառվող մոմեր տուն տարան՝ որպես Հիսուսի կենսատու լույսի խորհրդանիշ: Գիշերվա խորհրդավոր լռության մեջ հնչեց լուսաշող Հարության ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Ի լրումն օրվա խորհրդի, հավատացյալները հաղորդվեցին Փրկչի կենարար Մարմնին ու Արյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները