Աստծուց հեռացող աշխարհը միշտ պիտի զգա խաղաղության, արդարության պակասը, ազնվության, խոնարհության, գթության ու կարեկցության պակասը: Այս չէ կամքն Աստծո...

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 12 (288), դեկտեմբեր 2023 թ.  


 

       

«ԱՐԴ ԲԱՐԵԽՕՍ ԱՌ ՔԵԶ ՈՒՆԻՄՔ, ՈՐՔ ԱՍՏ ԵՒ
ԱՄԵՆԱՅՆ ՏԻԵԶԵՐՍ ՍՈՒՐԲՔ ԻՑԵՆ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Յաղթօղ եւ սուրբ հայրապետ նման մեծին Մովսէսի, բարձող խաչին
պարծանաց ընդդիմամարտ հանդիսիւ զքեզ ունիմք բարեխօս
առ Հայր յերկինս վասն մեր»:
ՇԱՐԱԿՆՈՑ

Դեկտեմբերի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի եւ Մելիտոս եպիսկոպոսի տոնը:


ՆՐԱՆՑ ԾՆՈՒՆԴԸ ՄԻՇՏ ԹՎՈՒՄ Է ԱՆՍՊԱՍԵԼԻ

Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետն ասորիների, հայերի, ինչպես նաեւ Ընդհանրական Եկեղեցու կողմից մեծապես սիրված ու պատվելի սրբերից է: Նրա երկրային կյանքը համակ նվիրվում էր Հիսուսին ու Նրա Ավետարանին: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաեւ Սքանչելագործ: Վարքագրական աղբյուրների համաձայն` Հակոբը պարթեւական տոհմից էր եւ մեր առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին:

Մծբինում հանդիպելով Ս. Մարուգե ճգնավորին՝ տեղեկանում է, որ մարդկանցից շատերը, թեպետ հավատքի են եկել, բայց թերահավատ են եւ կասկածում են Նոյան տապանի գոյությանը, ուստի որոշում է բարձրանալ լեռը, տապանը տեսնել եւ մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողանում հասնել Արարատի գագաթը եւ, երկար տանջվելուց հետո, նիրհում է: Երազում հրեշտակն այցելում է նրան եւ տապանից մի մասունք դնում գլխատակին: Նոյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Մեծանուն Հայրապետն իր անձը հեռու պահելով աշխարհիկ գայթակղություններից՝ ապրեց սրբությամբ եւ միշտ հավատարիմ ու հաստատուն մնաց Տիրոջ պատգամներին: Մակերեսային դիտարկումով կարող է արդի ժամանակաշրջանում լիովին ավելորդ թվալ սրբերի մասին խոսելը, քանզի սրբությունն այսօր մեզ ներկայացվում է իբրեւ գեղեցիկ ու ցանկալի, բայց, այդուհանդերձ, վերացական գաղափար: Սակայն սրբերը մեզ երկրային կյանքում ոգեշնչել են իրենց օրինակով եւ լույսի ու մաքրության շող դարձել, մեր իսկ ապրելակերպից ու բարքերից խավարած ու ապականված, կյանքի ընթացքում: Սրբերի բարեխոսությունն Աստծո առջեւ միշտ պահապան ու հովանավոր է եղել մեր ժողովրդին՝ նրա բազմաշերտ պատմության ընթացքում: Սուրբ Հայրերի ճշմարտախոս մտքերը եղան հիմնաքարն ու սկզբունքը մեր եկեղեցական-ազգային կառույցների:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետին նվիրված տոնի առիթով՝ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ, ուխտավորաբար Գյումրի եկած, Սյունյաց թեմի հոգեւոր սպասավոր Հոգեշնորհ Տ. Միքայել վարդապետ Գեւորգյանի:

Մեծաթիվ ուխտավորներ էին մեկտեղվել Անի թաղամասի համանուն եկեղեցում՝ ներկա գտնվելու մատուցվելիք ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագին:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Հայր Սուրբը շնորհակալություն հայտնեց թեմակալ Առաջնորդին՝ իրեն նման հնարավորություն ընձեռելու համար եւ ոգեշունչ քարոզ խոսեց՝ առանձնակի անրադարձ կատարելով Սրբի վարքին ու թողած ժառանգությանը, չմոռանալով հիշել, նրա հետ առնչվող, ուսանելի ավանդություններն ու հրաշքները, շեշտելով նաեւ Ս. Գրիգոր Տաթեւացու խոսքերը. «Աստված լույս է: Անիմանալի, անճառելի լույսն է, որ Աստվածային լույսով լուսավորեց ողջ արարչությունը: Եվ արարչության մեջ եղան լուսեղեն ու հրեղեն էակներ, որոնք, Աստվածային լույսով լուսավորված, լուսավորում էին նաեւ ամբողջ մյուս արարչությունը: Հրեշտակներն էին այդ լույսով օժտված: Աստվածային լույսն անմիջականորեն փոխանցվում էր հրեշտկաց դասերին: Հրեշտակաց դասերից ոմանք ապստամբեցին Արարչի դեմ, ինչպես Արուսյակը, որ դարձավ սատանա, անմիջապես կուրացավ, որովհետեւ նայել էր Արեգակին: Լույս էր՝ խավար դարձավ: Ինչո՞ւ, որովհետեւ բաց աչքերով նայեց Արեգակին»:

Շարունակելով ասելիքը՝ պատարագիչ Հայր Սուրբն ի մասնավորի հավելեց. «Ուստի մեր աչքերը հառած Սուրբ Հակոբի նմանողությանը՝ պետք է առաջ ընթանանք, ապրենք մեր կյանքը, որպեսզի, իր անձի նման, մեր անձի մեջ էլ երբեմն առկայծի Աստծո ներկայությունը… Եվ Նոյան Տապանի մասունքը, որ իջեցրեց Արարատից, իբրեւ Աստծո ներկայության առհավատչյա, լինի մեր Եկեղեցվո եւ ժողովրդի համար զորության ու ներշնչանքի աղբյուր, այժմ եւ հավիտյանս. Ամեն»:

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցու խորանին էր դրվել Սրբի տապանաքարից մի բեկոր, ինչը հնարավորություն ընձեռեց հավատացյալներին՝ այս կերպ խոնարհվել Սուրբ Մծբնեցու գերեզմանին եւ հայցել նրա բարեխոսությունը: Արդ, առ Աստված մշտաներկա աղոթքներով եւ Սուրբ Հակոբի բարեխոսությամբ հայցենք, որ Տերը զորացնի մեզ մեր հավատի մեջ, ուժ տա անցնելիք ճանապարհի խոչընդոտները հաղթահարելիս եւ արժանացնի Արարատ լեռը բարձրանալու եւ Նոյան Սուրբ Տապանը տեսնելու մարդկության երազանքին:

Հավարտ սրբազան արարողկարգի Քնարիկ Մխիթարյանի կողմից մատաղ բաժանվեց ներկա հավատացյալներին ու ուխտավորներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները