Աստծուց հեռացող աշխարհը միշտ պիտի զգա խաղաղության, արդարության պակասը, ազնվության, խոնարհության, գթության ու կարեկցության պակասը: Այս չէ կամքն Աստծո...

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 12 (288), դեկտեմբեր 2023 թ.  


 

       

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ «ՌԵՔՎԻԵՄ»-Ը
ԳՅՈՒՄՐՈՒ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Ուրիշ հայ կոմպոզիտորների հետ մենք կստիպենք Եվրոպային եւ աշխարհին՝ լսել մեր երաժշտությունը: Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտութունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմեք մեզ այդ ժողովրդի մասին, ցույց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»:
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

եկտեմբերի 7-ին, Ս. Ամենափրկիչ եկեղեցում, տեղի ունեցավ «Տիգրան Մանսուրյան. Ռեքվիեմ» հիշատակի երեկոն՝ նվիրված Սպիտակի աղետալի երկրաշարժի 35-րդ տարելիցին:

ԻՍԿ ՄԻՆՉ ԱՅԴ ՀԻՇԱՏԱԿԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Մինչ հիշատակի համերգը՝ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, 1988 թ. ավերիչ երկրաշարժից երեսունհինգ տարի անց, Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի:

Եկեղեցու վերականգնման աշխատանքները 1998-ին նախ սկսվեցին հանգանակություններով, ապա շարունակվեցին «Ամենափրկիչ» հիմնադրամի միջոցներով: Հաջորդ տարիներին, վերականգնման նպատակով, պետ-բյուջեից հատկացվեց 70 մլն. դրամ, որից հետո, վերակառուցումն ամբողջացնելու համար, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի բարերարությամբ, իրականացվեցին մնացած աշխատանքները:

Օրվա պատարագիչն էր Տ. Արսեն ավգ. քհն. Սիմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսելով՝ պատարագիչ Տեր Հայրն ի մասնավորի ասաց. «Ցավն էլ լինի ազգովի, իմը, ձերը, քոնը, մերը չլինի: «Իմը», «քոնը, «ձերը» բառերի մեջ հենց կա քանդող, ավերող բան: Ցանկացած հզոր թագավորություն կկործանվի, եթե բաժանված է: Եվ մենք այսօր մեր աղոթքն առաքենք առ Աստված՝ վերապրելով այն դժվարին օրերը, երբ միասին վիշտը կիսելով, չէինք տարբերակում իմը, ձերը, քոնը, մերը: Նրանք, ովքեր վիշտ չունեին, հասնում էին հարեւանին, բարեկամին, ընկերոջը, հարազատին: Ցավը համատարած էր: Այսօր էլ մենք մեր աղոթքն առաքենք առ Աստված՝ միմյանց օգնելով, միմյանց սիրելով: Բարիք չեն գործում, որպեսզի փառավորվեն, բարիք են գործում, որպեսզի Աստծո մոտ տեղ ու բաժին ունենան»:

Հավարտ Սուրբ եւ անմահ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ:

ՈԳԵԿՈՉՄԱՆ ՀԱՄԵՐԳ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, նախաձեռնությամբ հանրային հեռուստաընկերության առաջին ալիքի եւ Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի, Ս. Ամենափրկիչ եկեղեցում հանդես եկան Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախումբը (գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Հայաստանի Պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան), Երեւանի Պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), Սոֆյա Սայադյանը (սոպրանո) եւ Ակսել Դավեյանը (բարիտոն):

Արվեստը միտք չէ եւ ոչ էլ միայն զգացողություն, այն հոգեվիճակ է, ապրում, որն իրենում մտային բարձր կազմակերպվածություն է ընդգրկում: Երաժշտությունը միաժամանակ ե՛ւ հոգու պոռթկում է, ե՛ւ զգացողություն: Որպեսզի չխանգարվի ստեղծագործության արտահայտչականությանը, այն պետք է ներդաշնակ լինի: Երաժշտությունը պետք է շնչի, փոխանցվի ունկնդրին: Անշուշտ, երաժշտության ներքին ուժը հավատքից է բխում:

Կան անհատներ, որոնք իմաստավորում են իրենց ապրած ամեն օրը, վաղը, գալիքը, կյանքը չափում են ոչ թե տարիներով, այլ դրանց հագեցվածությամբ, մարդկանց եւ հասարակությանն օգտակար լինելու մեծ ցանկությամբ: Իր համար սահմանած հենց այս սկզբունքով էլ ապրում ու գործում է Տիգրան Մանսուրյան կոմպոզիտորը, ում «Ռեքվիեմ»-ը հնչել է տարբեր երկրների բեմահարթակներից: Այն գրվել է տասը տարիների ընթացքում: Այդ առիթով հեղինակը նշում է. «Ռեքվիեմը գրել եմ 2010-2011 թթ.-ին: Հիմքում լատիներեն կանոնական տեքստն է: Երկը գրելու առաջարկն ստացել եմ Մյունխենի կամերային նվագախմբի եւ Բեռլինի ՌԻԱՍ երգչախմբի կողմից: Այն նվիրված է 1915-1917 թթ. Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ցեղասպանություն, որն անմիջականորեն առնչվում է նաեւ իմ ընտանիքի հետ:

Երկը գրելիս... որոշեցի զերծ մնալ թատերական ու հռետորական համակարգի խնդիրներից: Այդպիսով ինձ պարզ դարձավ, որ իմ «Ռեքվիեմ»-ի երգիչները պետք է ունենային մեր հնագույն մանրանկարչության մեջ պատկերված կերպարների հոգեբանությունն ու ընդհանուր նկարագիրը: Հուսով եմ, որ հայ հնագույն հոգեւոր ու աշխարհիկ երաժշտության եւ լատիներեն տեքստի համակցումը ծնել են անսպասելի մի բան»:

Երկրաշարժի սարսափելի օրը մաեստրոն, Ֆրունզիկ Մկրտչյանի հետ, եղել է Գյումրիում, ապրել այն վիշտն ու ցավը, որ պատել էր Հայոց աշխարհին: Ստեղծագործությունը 2018 թ. արժանացել է ԱՄՆ «Գրեմ» մրցանակին:

Տերունական կամարների ներքո երգը ուժ է, սեր, կամեցողություն, բարություն: Համերգին ներկա էին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, Մայր Աթոռի միաբան Տ. Վահան եպս. Հովհաննիսյանը, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, մշակույթի գործիչներ, մեծաթիվ արվեստասեր գյումրեցիներ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները