Աստծուց հեռացող աշխարհը միշտ պիտի զգա խաղաղության, արդարության պակասը, ազնվության, խոնարհության, գթության ու կարեկցության պակասը: Այս չէ կամքն Աստծո...

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 12 (288), դեկտեմբեր 2023 թ.  


 

       

ՈՒԽՏԻ ԽԱՉԵՐԹ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԻ
ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

եկտեմբերի 2-ին, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալների տոնի առիթով, Սառնաղբյուրի Հոգեվանքի (Կարմիր վանք) մոտից մեկնարկեց ուխտի խաչերթը:

Շիրակի թեմի արժանապատիվ Տեր Տաթեւ, Տեր Մակար եւ Տեր Գարեգին քահանաների առաջնորդությամբ, «Սրբազան Հայաստան» նախաձեռնության անդամներ Արմեն Հարեյանի եւ Սամվել Գրիգորյանի ակտիվ մասնակցությամբ ուխտավորները, միախորհուրդ աղոթքներով ու շարականներով, շարժվեցին Սուրբ Թադեոս եկեղեցի:

Խաչերթի մասնակիցները Սառնաղբյուր էին եկել ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից` Գյումրի, Ազատան, Ամասիա, Մարմաշեն, Մայիսյան, Ղարիբջանյան, Ախուրիկ, Հայկավան, Աբովյան, Արմավիր, Երեւան, Կապան, Իջեւան եւ այլն, այլ նաեւ արտերկրից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, եվրոպական մի շարք երկրներ:

Սուրբ Թադեոս եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Արթիկի թեմի հոգեւոր հովիվ Տ. Եղիշե քհն. Նազարյանի: «Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիր երկու մեծագույն Առաքյալներ Ս. Թադեոսի եւ Ս. Բարդուղիմեոսի տոնն է: Ովքե՞ր էին նրանք. պարզ, հասարակ մարդիկ, բայց մի ամբողջ աշխարհ խավարից լույս բերեցին, կռապաշտությունից՝ սրբություն, անհավատությունից՝ հավատքի լույս, կործանումից՝ փրկություն:

Այսօր բոլորս հավաքվել ենք՝ Թադեոս եւ Բարդուղիմեոս Առաքյալներին ասելու, որ սա ձեր վիճակն է, ձեր հոտն է, ձեր մեղավոր զավակներն ենք, թերի ու տկար, ուստի խնդրում ենք արտասվախառն, որդիական խոնարհությամբ, աղոթեք, բարեխոսեք մեզ համար: Թող այսօր երկիրը երկինք դառնա, երկինքը միավորվի երկրի հետ, խնդրենք թող երկնային ցողն իջնի ամենքիս վրա, երկնային արքայությունից մեկ կաթիլ թող ամեն մեկիս հոգու մեջ կաթա, որպեսզի մենք, արքայության քաղցրությունն ու բույրն առնելով, այն չփոխարինենք այս աշխարհի խավարով, մամոնայապաշտությամբ երբեք չփոխարինենք, ինչպես չփոխարինեցին դարեր շարունակ մեր նվիրյալ հավատավոր նախնիները»,- իր քարոզում շեշտեց պատարագիչ Տեր Հայրը:

Հավարտ Սուրբ Պատարագի Սառնաղբյուր համայնքի սեղանատանն ուխտավորները հավաքվեցին սիրո ճաշի սեղանի շուրջ: Այստեղ բարեպաշտ սառնաղբյուրցիներն առատ հյուրասիրությամբ դիմավորեցին ուխտավորներին:

Մասնակիցները հետաքրքիր զրույց ունեցան Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանի հետ, որ Հայաստան էր ժամանել՝ ուխտերթին մասնակցելու նպատակով:

«Այսօր ուզում եմ, որ դուք գնաք տուն եւ մտածեք, որ պիտի հրաժարվեք մեղքից: Այսօր շատերդ եկաք այս ցրտին, թողեցիք ձեր հանգիստը, երկար ճանապարհ անցաք աղոթքով: Մեր Տեր Հիսուս Քրիստոս վերեւից նայում է, ուրախանում, բայց Ինքը մեզանից սպասում է, որ մեղք չգործենք, գոնե ձգտենք մեղք չգործել: Միասնաբար մեր քայլերն ուղղենք դեպի փրկության տապանը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հայտնապես վկայենք մեր հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս»,- ուխտավորների հետ զրույցում նշեց Արմեն Հարեյանը:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները