«ՏԵ՛Ր, ՔԵԶ ՎՍՏԱՀԵՑԻՆ ԵՎ ԹՈՂ ՆՐԱՆՑ ՀՈՒՅՍՆ
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ՊՍԱԿՎԻ»
ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ԽՈՍՔԸ ԱԶԱՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ
ԲԱՑՄԱՆԸ
իրելի՛
ներկաներ, եկել է պահը, որպեսզի բոլորս վայելենք մեր տքնաջան աշխատանքի
արդյունքը: Ինչպես Տերն է ասում՝ որեւիցե մի բան, որ մենք անում
ենք, պետք է Ինքն օրհնի, այլապես իզուր ենք տքնում, իզուր ենք հոգնում:
Մենք
այս ամենն սկսեցինք ու ավարտեցինք Տիրոջ օրհնությամբ: Ուստի առաջին
հերթին փառք եւ գոհություն ամենակալ Աստծուն, որ տվեց այս հնարավորությունը՝
վայելել մեր տքնաջան աշխատանքի պտուղը: Աստծուն փառք ու գոհություն
տալուց հետո, բնականաբար, պետք է իջնենք երկիր եւ շնորհակալություն
հայտնենք այն անձնավորություններին, որոնք մեծապես օժանդակեցին մեր
երազանքի իրականացմանը: Մեր տարիների երազանքն էր, որ Ազատանի եկեղեցին
իրեն կից ունենար կենտրոն, ուր կգործեր կիրակնօրյա դպրոց, քահանայի
գրասենյակ, հարակից կառույցներ եւ, այո, քահանայի բնակարան, որ քահանան
ապրելու տեղ ունենա: Մենք նման շենքն ընդհանրապես անվանում ենք երիցատուն,
այսինքն՝ այն տունը, ուր բնակվում է երեցը՝ քահանան:
Ուրեմն՝ այդ երազանքն իրականացնելու համար մեր սիրելի պարոն Գրիգոր
Արսլանյանն ու իր տիկինը՝ Հիլդան, պատրաստակամություն հայտնեցին
գաղափարն իրականացնել, ինչպես որ ժամանակին իր հայրը՝ Հարություն
Արսլանյանը վերականգնեց Ազատանի Սուրբ Հարություն -Սուրբ Ստեփանոս
եկեղեցին եւ նվիրեց մեզ, ազատանցիներին ու բոլորին: Այնուհետեւ որդին
շարունակեց խնամք տանել Ազատանի եկեղեցու նկատմամբ. հիշում եք նաեւ
զանգակատան կառուցումը, զանգերի տեղադրումը: Այս քսանհինգ տարվա
ընթացքում Արսլանյան ընտանիքը միշտ եղել է Ազատանի եկեղեցու եւ եկեղեցական
ծրագրերի կողքին: Հերթական անգամ մեր սիրելի Գրիգոր Արսլանյանը պատրաստակամություն
հայտնեց եկեղեցու մոտակա շենքը վերակառուցել, վերանորոգել, որպեսզի
կարողանանք օգտագործել այն մեր երազած նպատակի համար: Ուստի մեր
շնորհակալությունն իրեն եւ կնոջը, իր ընտանիքին, բոլոր մերձավորներին
ու հարազատներին, ովքեր մասնակցեցին այս գործին:
Մեր շնորհակալությունը նաեւ պարոն Վարդան Իկիլիկյանին, որ այն ժամանակ
լինելով Ազատանի գյուղապետը, մեր գաղափարն ընդունեց, ընդառաջեց եւ
այս խարխուլ շինությունը, որ դատապարտված էր կա՛մ քանդման, կա՛մ
ինչ-որ առեւտրի սրահ ու նմանատիպ այլ բան դառնալու, պատրաստակամություն
հայտնեց օգնել եւ ավագանու նիստով շենքը հանձնեց եկեղեցուն՝ իբրեւ
սեփականություն: Շնորհակալություն նրան՝ նման մոտեցման համար:
Նաեւ Մեր շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին շենքի
կառուցմանը՝ մեծ կամ փոքր չափով, որովհետեւ ընդհանուր երկիրը տագնապի
մեջ էր եւ է, ամբողջ աշխարհը տագնապի մեջ էր եւ ֆինանսական ու նյութական
դժվարություններ ունեն ամենքը՝ հարուստ, թե աղքատ:
Հետեւաբար՝ այս շենքի աշխատանքներն ավարտին հասցնելու առումով, այո,
շատ ուրախ եմ, քանի որ ազատանցիները մեծ մասնակցություն ունեցան,
իրենց եկեղեցուն կից, երիցատան, Սուրբ Հարություն կենտրոնի վերականգնողական
աշխատանքներին: Դա շատ բնական է եւ ուրախալի. ազատանցիների մասնաբաժինը
պետք է մեծանա եկեղեցվո խնամքի, բարգավաճման մեջ, իսկ սփյուռքի մասնաբաժինը
պետք է քչանա:
Քսանհինգ
տարի առաջ սփյուռքը, Արսլանյանների միջոցով, լիարժեքորեն մասնակցեց
աղոթատան վերակառուցմանը: Կամաց-կամաց սփյուռքի մասնաբաժինը պետք
է նվազի, եւ պարոն Արսլանյանը պիտի ուրիշ տեղեր, ուրիշ հնարավորություններ
ձեռք բերի, մինչդեռ այստեղ Ազատանի մասնաբաժինը պետք է մեծանա: Ես
շատ ուրախ եմ եւ շնորհակալ բոլոր ազատանցիներից, բոլորի անունները
չեմ կարող հիշել, Տեր Հայրը գիտի, արձանագրված են: Նաեւ նրանց շնորհակալություն,
ովքեր նյութական մասնակցություն չունեցան, բայց բարի ցանկություն,
մաղթանք ունեցան, քաջալերեցին, աղոթեցին, որովհետեւ դա էլ մասնակցություն
է եւ լուրջ մասնակցություն: Երբ որեւէ մեծահարուստ շարժվում է եւ
բարի գործ է ուզում անել, ուրեմն անպայման իմացեք, որ որեւէ մի անկյունում,
ինչ-որ մի տատիկ, ինչ-որ մի պապիկ, ինչ-որ մի հավատացյալ, որի ոչ
անունը գիտենք, ոչ ազգանունը, շատ ջերմեռանդորեն աղոթել է այդ նպատակի
համար, եւ Աստված շարժել է մեծահարուստի գութը, սերը:
Հետեւաբար՝ աղոթողների դերակատարումը, յուրաքանչյուր այսպիսի նախաձեռնության
մեջ, մեծ է:
Շնորհակալ ենք նաեւ, բնականաբար, Տեր Մակարին, քանի որ նշանակման
օրվանից դարձավ ազատանցի, սիրեց Ազատանը, իր զավակներին եւս դարձրեց
ազատանցի: Դա շատ կարեւոր է:
Ես միշտ այդ քաջալերանքն անում եմ քահանաներին, որպեսզի ուր նշանակված
են, այդտեղ ապրեն եւ այդտեղացի դառնան: Հեշտ չեղավ Տեր Մակարի համար
այստեղ վարձով մնալ, այնտեղ անվարձ մնալ, տեղից տեղ տեղափոխվել գյուղի
մեջ: Բայց գյուղում մնաց, տեղացի դարձավ, սիրեց տեղի ժողովրդին:
Գիտե՛ք, հեշտ բան չէ, միշտ օտարության զգացում կա, գյուղից գյուղ
տարբերվում է, գյուղի թաղը, մյուս թաղից տարբերվում է: Հեշտ բան
չէ մերվել, դառնալ յուրային, ուրիշին յուրային դարձնել: Իսկապես
հեշտ գործ չէ: Տեր Մակարի մեծագույն հաջողությունն է, որ ինքը, իրեն
տրված Աստծո բոլոր շնորհների հետ միասին, ուներ նաեւ մերվելու եւ
յուրային դառնալու շնորհը: Ես շատ ուրախ եմ, որ այս հաջողությունն
իր օրոք արձանագրվեց: Անշուշտ չմոռանանք նաեւ Ազատանի նախկին քահանաներին,
որոնք իրենց ծառայությունը բերեցին, իրենց լուման ունեցան:
Ամեն գյուղում պետք է լինի վերանորոգված եկեղեցի, իսկ կողքին՝ այսպիսի
կենտրոն: Սա է իդեալականը, եւ սրան պետք է լծված լիներ Հայաստանի
Հանրապետությունը, որպեսզի պետություն եւ Եկեղեցի միահամուռ ջանքերով
սա կարողանային իրականացնել: Մեր հայրենի պետությունը ձեռքերը լվաց
երեսուն տարի շարունակ, թողեց Եկեղեցուն միայնակ, որպեսզի այն միայնակ
բուժի իր վերքերը, որ ստացել էր խորհրդային շրջանում: Սակայն Եկեղեցին,
ցանկացած նեղությունների մեջ, ցանկացած քաղաքական իրավիճակում, շարունակում
է իր գործը, չի հիասթափվում, չի հուսախաբվում, ձեռքերը բաց չի թողնում
եւ ասում՝ սրանից հետո այլեւս ինչ ուզում է թող լինի, այլ շարունակում
է իր գործը:
Ահավասիկ այսօր մեր երկիրը ողբերգական վիճակի մեջ է, ուրախանալու
շատ քիչ բան կա, սակայն Եկեղեցին շարունակում է իր առաքելությունը:
Տա Աստված, որ երբեք Աստծո վրա չթողնենք գործը, այլ Տերը մեզ ուժ,
խելք ու կարողություն տա, որպեսզի, Աստված մի արասցե, հարյուր, հազար
տարի հետո չթողնենք այս երկիրն էլ ու գնանք, եւ Եկեղեցու կառուցածը,
ցանածը, ստեղծածը դարձյալ դառնան ուրիշի բաժին: Արցախում, Արցախի
թեմում ինչքան եկեղեցաշինական եւ այլ գործեր իրականացվեցին անցած
երեսուն տարվա մեջ, իսկ պետությունը մեկ գրչի շարժումով հանձնեց:
Ես ուրիշ անգամ էլ ասել եմ՝ եկեղեցիներով, որոնց մասին երբեմն ոմանք
ասում են՝ ինչու եք այսքան շատ կառուցում, գծվել են Հայաստանի սահմանները:
Գանձասարով, Դադիվանքով, Ամարասով, Շուշիի Ղազանչեցոցով, Ծիծեռնավանքով
Եկեղեցին գծել է Հայաստանի սահամանները: Պետությո՛ւն, բարի եղիր
պահել այդ սահմանները, դրա համար ես պետություն: Իսկ Եկեղեցին իր
առաքելությունը պետք է իրականացնի, իր կնիքը դնի՝ ասելով, որ սա
հայկական հող է: Եվ դրել է այդ կնիքը, բարի եղիր պահել:
Հիմա հերթական կնիքն ենք դնում Ազատանում՝ ասելով, որ սա Ազատան
գյուղն է, Ղարաքիլիսան չէ: Քանի հարյուր տարի այստեղ հայ է ապրում,
հայկական եկեղեցի կա, եւ հայերը պետք է շարունակեն ապրել: Եկեղեցին
է, որ Ղարաքիլիսան դարձրեց Ազատան, որովհետեւ նույնունիսկ Ղարաքիլիսա
օտար հնչողությամբ նշանակում է սեւ եկեղեցի: Էլ դրանից ավել ի՛նչ
անի Եկեղեցին իր Հայրենիքի ու ժողովրդի համար: Սա էլ անխուսափելիորեն
պետք է ասեի, որովհետեւ այս իրականության մեջ չէի կարող չասել ու
անտարբեր լինել:
Թող Աստված օրնի ամենքիս եւ մեր երկիրն այժմ եւ միշտ եւ հավիտյանս
հավիտենից. ամեն:
>>>
|
|