ՏԱԹԵՎ.
ՀՈՒՅՍԻ, ՀՈԳՈՒ, ՈՒԽՏԻ ՃԱՆԱՊԱՐՀ
«Տիրոջ բոլոր ուղիները ողորմություն ու
ճշմարտություն են նրանց համար,
ովքեր պահում են Նրա ուխտն ու վկայությունը:
ՍԱՂՄՈՍ ԻԴ 10
իրակի
թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ,
Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մի խումբ հավատցյալներ
հոկտեմբերի 24-ին մեկնեցին ուխտագնացության՝ Տաթեւի վանական համալիր:
Տաթեւավանքը
հռչակված է ոչ միայն իր ճարտարապետական համալիրով, պատմական հարուստ
անցյալով, դարերի հոգեւոր-մշակութային կյանքով, այլեւ վանքի շուրջ
դարերի ընթացքում հյուսված ավանդազրույցներով: Համաձայն ժողովրդական
ավանդության՝ վանքի ճարտարապետը, ավարտելով համալիրի շինությունը,
բարձրացել է գմբեթին, տեղադրել խաչը եւ ներքեւում գտնվող աշխատողներից
երկու տախտակ խնդրել: Վերցնելով դրանք՝ պահել է ձեռքերում, համբուրել
ու ասել. «Հոգին Սուրբ տա թեւ»: Եվ Սուրբ Հոգու զորությամբ տախտակները
թեւերի են փոխարկվել, եւ նա թռել ու աներեւութացել է, իսկ վանքի
անունը մնացել է Տաթեւ՝ տա թեւ:
8-րդ դարի վերջերից վանական համալիրը դարձել է Սյունյաց եպիսկոպոսության
աթոռանիստ: 906 թ. կառուցվել է Պողոս-Պետրոս տաճարը, 1067 թ. Ս.
Աստվածածին դամբարան-եկեղեցին, իսկ 1295-ին Ս. Գրիգոր աղոթատունը:
906 թ. Ս. Պողոս-Պետրոս վանքի առջեւ կանգնեցվում է Սուրբ Երրորդությանը
նվիրված սյունը, որը համանման սյուներից տարբերվում է չորս հատկանիշով՝
այն ամենաբարձրն է՝ 7,89 մետր, միակն է, որ չի ավերվել եւ ավարտվում
է սյունը պսակող ծակոտկեն խաչով, առկա սյուների մեջ միակ ճոճվողն
է եւ միակն է, որ անվանվում է գավազան սյուն: Ցավոք 1931 թ. երկրաշարժից
սյան ճոճվելու առանցքի եւ ճնշման հանդեպ զգայնությունը խախտվել է:
1390-1435 թթ. այստեղ գործել են Տաթեւի նշանավոր համալսարանը եւ
մանրանկարչության ու գրչության դպրոցը:
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ
Տաթեւի վանական համալիրում ուխտավորները ներկա գտնվեցին մտուցվող
Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Միքայել
վրդ. Գեւորգյանը: Հավարտ սրբազան արարողության Հայր Սուրբը ներկաներին
ծանոթացրեց եկեղեցու պատմությանը: Այնուհետեւ ուխտավորները խոնարհվեցին
Տաթեւացու դամբարանի առջեւ եւ, հոգենորոգ վանքի խնկաբույր կամարների
ներքո, աղոթք առաքեցին առ ամենազոր Աստված՝ հայցելով տիեզերալույս
եռամեծար վարդապետի բարեխոսությունը:
Ուխտավորները եղան նաեւ գյուղամիջում գտնվող, 1646 թ. կառուցված,
Ս. Մինաս եկեղեցում:
ՈՐՈՏՆԱՎԱՆՔ
Հաջորդ ուխտատեղին Որոտնավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին էր, որ կառուցվել
է 1000 թ., Սյունյաց Շահանդուխտ թագուհու նախաձեռնությամբ: Ս. Կարապետ
եկեղեցին կառուցվել է 1003 թ.: Խորանի գլանաձեւ պատին երկու հրեշտակների
պատկերն է՝ աստղազարդ շրջանի մեջ: Հեղինակը, հավանաբար, աստվածաբան-փիլիսոփա
Հովհան Որոտնեցին է: Որոտնավանքի պատմա-մշակութային համալիրում ուխտավորները
վառեցին իրենց հավատքի մոմերը՝ փառավորելով Տիրոջն Իր մեծագույն
ողորմածության, մարդասիրության ու հայասիրության համար: Միաժամանակ
հնարավորություն ունեցան ծանոթանալ մեր նախնիների հրաշակերտ ստեղծագործություններին:
Այնուհետեւ շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Վայքի Ս. Տրդատ եկեղեցի,
որ կառուցվել է 2000 թ., տեր եւ տիկին Գալուստ եւ Էմմա Սողոյանների
բարերարությամբ:
ՄՈՇԱՂԲՅՈՒՐԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻՆ
Մոշաղբյուրը եղել է Հայաստանի հնագույն ու նշանավոր բնակավայրերից
մեկը: Այն մի քանի անգամ հիշտակվում է նաեւ Ս. Հովհաննես Կարապետ
վանքի վիմագիր արձանագրություններում, որոնցում նշվում է, որ 1301
թ. Իշխանուհի Գոնցան կառուցել է «Սպիտակավոր Ս. Աստվածածին, Ս. Հակոբ-Կարապետ
վանական համալիրը»: Վերջինս Ջալալ Օրբելյանի կինն էր: Գմբեթավոր,
սրբատաշ քարերով կառույց է: Եկեղեցու ներսում գտնվում է Օրբելյանների
զինանշան-քանդակը: Համալիրը կանգուն է մնացել մինչեւ 1678 թ. երկրաշարժը:
Եղել է նաեւ գրչության կենտրոն: Ուխտավորներին եկեղեցում իր հայրական
օրհնության խոսքն ասաց Տ. Արտաշեսը: Այստեղ է ամփոփված Սուրբ Կարապետի
մասունքը, որի առջեւ ծնրադիր խոնարհվեցին ուխտավորները, աղոթեցին
եւ երգեցին շարականներ, իսկ երեկոյան բռնեցին տունդարձի ճամփան:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ
>>>
|
|