Զգո՛յշ, զգո՛յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռնաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 10 (286), հոկտեմբեր 2023 թ.  


 

       

«ՄԱՔՈՒՐ ՄԵԾԻՆ ՄԵՍՐՈՎԲԱՅ…»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՕՇԱԿԱՆԻ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ

ՀԱՅՈՑ ՔԵՐԹՈՒԹՅԱՆ ՈՍԿԵԴԱՐԸ

րբոց Թարգմանչաց տոնը մեր Եկեղեցու տոնացույցում յուրահատուկ տեղ ունի, քանի որ այն ազգային եւ կրոնական ինքնուրույնության գյուտի տոնն է:

Պատմական դժվարին ժամանակներում ստեղծված հայոց այբուբենը դարձավ հայապահպանության կռվան, ազգի վերամիավորման մշակութային ազդարար, պահլավական հոգեւոր արշավանքների դեմ հզոր դիմակայության ձեւ: Մեսրոպատառ հայ գիրը եղավ այն լուսավոր ոսկե դարպասը, որով հայ ժողովուրդը հաղորդակցվեց համաշխարհային քաղաքակրթության նվաճումներին, ճանաչեց անցյալը, դարերով փոխանցեց իր ավանդույթները եւ գոյատեւեց:

Հոկտեմբերի 14-ին՝ Սուրբ Թարգմանիչների տոնի ուրախ առիթով, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մի խումբ ուխտավորներ մեկնեցին Օշական՝ ներկա գտնվելու, Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվելիք, Սուրբ եւ անմահ Պատարագին:

ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐՆ ՕՇԱԿԱՆՈՒՄ

Ուխտավորները տարբեր մարզերից եկել էին նվիրական սրբավայր՝ խոնարհվելու Ս. Մեսրոպի շիրմին, հաղորդ դառնալու հայոց գրերի խորին, անհաս ու անսկիզբ խորհրդին, որ դարեր շարունակ ալեկոծյալ ծովում մեզ համար եղել է լուսավոր փարոս: Օշականում ուխտավորները ոչ միայն ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ Պատարագին, այլեւ երկյուղածությամբ խոնարհվեցին մեծ ուսուցչապետի գերեզմանին եւ հայցեցին Սրբի բարեխոսությունը:

ՇՈՒԽՈՒՆՑ ԱՎԵՏԱՐԱՆ

Արդեն ավանդույթ է դարձել տարին մեկ անգամ՝ Ս. Թարգմանչաց տոնին, 200 տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, ինչպես նաեւ Ս. Ամենափրկիչ եւ Ս. Կարմրավոր եկեղեցիներում հանգրվանած, Շուխունց հրաշագործ Ավետարանը դուրս բերել Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի պահոցից, որ իր մնայուն ու արժանավայել տեղը գտավ 6438 համարի տակ: Հայտնի է, որ բազմաթիվ ձեռագիր մատյաններ գաղթի ժամանակ բերվել են Արեւմտյան Հայաստանի, Պարսկաստանի տարբեր գավառներից եւ պահպանվել Արեւելյան Հայաստանում: Հրաշագործ եւ խնդրակատար Ավետարաններից է Շուխունց ձեռագիր Մատյանը՝ գրված 1669 թ. Իսպահանի Ջուղա (Շող) գյուղում, Ս. Ամենափրկիչ վանքի կրոնավոր Բարսեղի ձեռքով եւ Խոջա Մանասի պատվերով:

Ս. Գիրքը նկարազարդ է եւ ունի տասներեք մանրանկար: Հընթացս Սուրբ Պատարագի ուխտավորները խոնարհվեցին Շուխունց Ավետարանին, աղոթք առաքեցին առ Բարձրյալը, նաեւ իրենց հավատքի մոմերը վառեցին՝ հայցելով մեծ Սրբի բարեխոսությունը:

ՈՍԿԵՎԱԶԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Հաջորդ հանգրվանը Ոսկեվազի Ս. Հովհաննես եկեղեցին էր, որ կառուցվել է 19-րդ դարում: Այստեղ՝ աղոթատան խնկաբույր կամարների ներքո, ուխտավորները երգեցին շարականներ եւ ի խորոց սրտի աղոթք առաքեցին առ Աստված՝ հայցելով Տիրոջ զորակցությունը:

ՍԱՌՆՂԲՅՈՒՐԻ ՀՈԳԵՎԱՆՔ

Մարալիկ տանող ճանապարհի ձախ կողմում է գտնվում, 1205 թ. կառուցված, Հոգեւանք, Կարմիր վանք, Ձորագյուղի վանք կոչվող մենաստանը, որ արձանագրության մեջ կոչվում է Ս. Կարապետ: Այստեղ ուխտավորներն աղոթեցին՝ խնդրելով իրենց ընտանիքներին առողջություն, հայոց սահմաններին խաղաղություն, մոմեր վառեցին եւ խնկարկեցին:

Վերջին կանգառը Ս. Գրիգոր Լուսավորչի ուխտատեղին էր: Այն բնական մեծ քարայր է, որի միջից բխում է հորդառատ, սառնորակ աղբյուր, որի ջուրը համարվում է բուժիչ: Հավանական է, որ հեթանոսական շրջանում այն եղել է ջրի պաշտամունքի վայր, ապա, որպես սրբատեղի, իր գոյությունը շարունակել նաեւ քրիստոնեական շրջանում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները