Զգո՛յշ, զգո՛յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռնաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 10 (286), հոկտեմբեր 2023 թ.  


 

       

ՄԱՐՏԱԿԵՐՏՑԻՆԵՐԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

ոկտեմբերի 14-ին Շիրակի թեմի երիտասարդաց միությունը Գյումրիում հյուրընկալեց Արցախի Մարտակերտ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաներին՝ իրենց ընտանիքներով:

Բռնի տեղահանումից հետո Երեւանի տարբեր հատվածներում հայտնված մարտակերտցիներին կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի ընկեր Գոհարը կարողացավ հավաքել եւ կրկին համախմբել արդեն Երեւանում վերաբացված կիրակնօրյայում: Բարեշնորհ Գրիգոր սարկավագ Ավոյանի հրավերով էլ նրանք հայտնվեցին Գյումրիում:

Հեքիաթային օրն սկսվեց նախ այցելելով Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարան: Ողջ աշխատակազմը, գլխավորությամբ տնօրեն Անի Նազարյանի, արցախցի մեր հյուրերին դիմավորեց ջերմ ու գրկաբաց: Երեխաներն այստեղ ծանոթացան Գյումրու կենցաղին, մշակույթին, արհեստներին, նիստ ու կացին, զուգահեռներ անցկացրին արցախյան կենցաղի ու մշակույթի հետ:

Փոքրիկ հյուրերը հատկապես տպավորված էին թանգարանում ներկայացված վարդ-թանթանաներով, որոնք եղել են շիրակյան ազգային տարազի ամենակարեւոր տարրերից մեկը:

Այնուհետեւ Գյումրու մասին պատմություններ լսելով՝ երեխաները հաջորդը կանգ առան առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում: Այստեղ քահանա հայրերը ներկայացրին եկեղեցու պատմությունը, միասնական աղոթք հնչեցրին հայրենիքի խաղաղության ու անսասանության համար:

Թե՛ մեծերը եւ թե՛ փոքրերն անչափ տպավորված էին Հայաստանում իլյուզիաների առաջին եւ միակ թանգարան այցով, ուր բոլորը զարմացան, երջանկացան, անկեղծ ժպտացին, լուսանկարվեցին «ամենակախարդական» սենյակներում, ծանոթացան «ամենակախարդական» ցուցանմուշների հետ: Մի խոսքով՝ մի քանի րոպե կտրվեցին ամեն ինչից…

Մեր արցախցի հայրենակիցների օրը Գյումրիում առավել հիշարժան դարձավ Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ հանդիպումով: Սրբազան Հայրը սիրով ու հայրական օրհնությամբ դիմավորեց նրանց:

Միքայել Սրբազանը զրուցեց փոքրիկների հետ՝ ծանոթանալով նրանց տաղանդներին ու նախասիրություններին, նոր կրթական հաստատությունների վերաբերյալ առաջին տպավորություններին: Առաջնորդ Սրբազանը մեծահասակներից մանրամասնորեն հարցուփորձ արեց կենցաղային պայմաններից: Անկեղծ եւ ջերմ զրույց ստացվեց…

Սրբազան Հայրը քաղցր հյուրասիրությամբ առավել քաղցրացրեց երեխաների օրը: Մեր հյուրերը պատիվ ունեցան ծանոթանալ նաեւ Կովկասի գերմանական լյութերական համայնքի Առաջնորդի հետ, ով շեփորով մի քանի երաժշտական կատարումներ նվիրեց փոքրիկներին:

Մարտակերտցի հյուրերին անակնկալներ էին սպասվում Արսեն Վարդանյանի արհեստանոցում: Այնտեղ նրանք ծանոթացան «Գյումրիկներ»-ի պատրաստման եղանակին: Այնուհետեւ Արսեն Վարդանյանը յուրաքանչյուրին, իրենց իսկ ցանկացած գրությամբ, նվիրեց փայտե մարդուկներ, որոնք հավերժ հիշեցնելու են անմոռանալի օրվա մասին:

Շիրակի թեմի երիտասարդաց միությունը Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի եւ «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի աջակցությամբ, պատրաստել էր նվերներ՝ հրաշք փոքրիկների համար: Կրկին հանդիպելու ակնկալիքով՝ անմոռանալի օրն ավարտվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները