Զգո՛յշ, զգո՛յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռնաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 10 (286), հոկտեմբեր 2023 թ.  


 

       

ԶՈՐԱՎՈՐ ՄԱՍՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՂՈԹՔ
ԳՅՈՒՄՐՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

«Տէրը մոտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն, բոլոր նրանց,
ովքեր կանչում են իրեն ճշմարտապես»:
ՍԱՂՄՈՍ ՃԴ 18

րիստոնեական Եկեղեցին, հետեւելով տերունավանդ պատգամներին եւ առաքելական խրատներին, հորդորում է աղոթել ոչ միայն միմյանց համար, այլեւ դիմել սրբերի ու նահատակների բարեխոսությանը՝ «վասն անձանց եւ հոգւոցն ննջեցելոց»: Ինչպես Հայ, այնպես էլ բոլոր հին ավանդական Եկեղեցիները վաղուց ի վեր ընդունում ու հավատում են սրբերի բարեխոսությանը: Նրանց՝ Աստծո մոտ կատարած բարեխոսությունը, ննջեցյալ ու ողջ հավատացյալների մեղքերի թողության եւ այլ կարիքների համար մատուցվող աղոթքն է: Շատ կարեւոր է, որ առանց երկմտելու կամ կասկածելու դիմենք սրբերի բարեխոսությանը, քանզի նրանք, Աստծուց առաքված իրենց հանապազօրյա աղոթքների ուժով, փրկում են մեզ տարբեր դժբախտություններից ու վերահաս փորձանքներից:

Բոլորովին էլ գյուտ արած չենք լինի, եթե մեր հասարակական, ընտանեկան ու անձնական կյանքում առկա եւ աշխարհով մեկ համատարած մոլեգնող դժբախտությունների ու չարիքի արմատը համառոտ բնութագրենք որպես սրբության պակաս, թերեւս նաեւ բացակայություն: Ուստի այսօր առավել, քան երբեւէ կարիք ունենք վերարծարծելու սրբության գաղափարը, խորամուխ լինելու նրա էության մեջ եւ սրբության կոչող աստվածային պատգամները մեր կյանքի ուղենիշի վերածելու: Մաքրության այս նախնական իմաստի հետ զուգորդվում է նաեւ առավել կարեւոր ու հիմնական իմաստ. սուրբ է կոչվում նաեւ որեւէ իր կամ անձ, որն ընտրված է իր տեսակի միջից եւ հատկացված ինչ-որ նվիրական նպատակի՝ դրա համար հատուկ օրհնություն ստանալով ուղղակի Աստծուց:

Սրբության ընկալումն առավել ամբողջական է դառնում այն իմաստով, որ սուրբ է այն ամենը, ինչի վրա կամ որի մեջ զգալի ու իմանալի կերպով արտահայտվել է սրբի մասունքի ներկայությունը: Նյութական սրբություններն են Սուրբ Գիրքը, Սրբոց մասունքները, օծված սրբապատկերներն ու խաչերը, մկրտության ավազանը, Ս. Սեղանը, խորհրդակատարությունների ընթացքում գործածվող նյութերն ու սպասքները եւ այն ամենը, որ ընտրված է իր տեսակի իրերի միջից՝ հատուկ օրհնությամբ մաքրագործված եւ ընծայված աստվածային պաշտամունքին: Նյութեղեն այս սրբությունները կոչված են տեսանելի ազդակներ լինելու, աստվածապաշտության ու սրբության ուղու վրա գտնվող, մարդու համար: Արդ, Տերը «լսում է արդարների աղոթքը» (Առակ. ԺԵ 29) եւ «Տիրոջ աչքերն ուղղված են արդարներին, իսկ ականջները՝ նրանց աղոթքին» (Սաղմ. ԼԳ 15): Դավիթ մարգարեն ավելացնում է. «Իրենից ակնածողների կամքը կատարում է Տէրը, լսում է նրանց աղոթքն ու փրկում նրանց» (Սաղմ. ՃԴ 19): Աստծո զորությունը գործում է ամենատարբեր միջոցներով, ինչպես նաեւ սրբերի մասունքների միջոցով, որոնցից բխում է աստվածային օրհնություն:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հոկտեմբերի 1-ը հռչակվել էր համազգային աղոթքի օր Արցախի համար: Ի զորակցություն Արցախի, Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս էին բերվել տարբեր մասունքներ եւ տարվել առաջնորդանիստ եկեղեցիներ:

Գյումրու եկեղեցիներ նույնպես բերվել էին մասունքներ. առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում էր գտնվում թեմապատկան Ս. Հովհաննես Մկրտչի Աջը, Ս. Ամենափրկչում՝ Ս. Գեւորգ Զորավարի մասունքակիր խաչը, Ս. Նշանում՝ Տիրոջ խաչափայտի մասունքը, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ Անհայտ սրբերի մասունքները (թեմապատկան), Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի եկեղեցի էր բերվել Ս. Հակոբ Հայրապետի մասունքը: Հավատավոր գյումրեցիներն այդ օրը խոնարհվեցին սրբերի զորավոր մասունքներին՝ հայցելով խաղաղություն, խնդրելով մաքրագործվել ամեն տեսակի հոգեւոր, մտավոր ու բարոյական աղտից, իբրեւ «ընտրյալ ազգ»՝ զատվել «չար եւ շնացող ազգից» եւ Տիրոջ օրհնությամբ մտնել Նրա հավիտենական ներկայության Սրբություն Սրբոցը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԱՅԱՐՓԻ ՊԱՆՖՅՈՐՈՎԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները