ԱԶԱՏԱՆՈՒՄ
ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ
«ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
2023
թվականի հոկտեմբերի 7-ին Շիրակի թեմի Ազատանի հովվությունում տեղի
ունեցավ «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնի պաշտոնական բացումը:
Մինչ բաղձալի օրը՝ կենտրոնի աշխատակազմը շատ փորձությունների ու
ճգնաժամերի (պատերազմ, կորոնավիրուս) միջով անցավ, բայց երբեք չդադարեցրեց,
անգամ շենքային վատ պայմաններում, իրականացնել կրթական ծրագրերը:
Ինչպես ասում է Պողոս Առաքյալը՝ «հույսը երբեք չի ամաչեցնում»:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին մեծաթիվ հյուրեր, մարդիկ,
ովքեր նպաստել էին կենտրոնի վերակառուցմանը, տարբեր ծրագրերի շրջանակներում
համագործակցել կենտրոնի հետ եւ դարձել լավ բարեկամներ, նաեւ մեծաթիվ
համագյուղացիներ:
Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի
հանդիսապետությամբ եւ քահանա հայրերի մասնակցությամբ կատարվեց կենտրոնի
օրհնության կարգ եւ հնչեց հատուկ աղոթք:
Այնուհետեւ
Սրբազան Հայրն իր հայրական պատգամը հղեց ներկա հավատացյալներին՝
գնահատականի խոսք ուղղելով բարերարներին, աջակիցներին ու բոլոր նրանց,
որոնք որեւէ կերպ՝ մեծ կամ փոքր չափով, նյութապես կամ իրենց աղոթքներով,
նպաստել են գաղափարի իրականացմանը: Առաջնորդ Սրբազանի խոսքից հետո
հյուրերը շրջայց կատարեցին նորաբաց կենտրոնով՝ մեկ առ մեկ դիտելով
սենյակներն ու երիցատունը:
Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է համայնքում ազգային-հոգեւոր
գիտակցության բարձրացմանը, ոչ ֆորմալ կրթության զարգացմանն ու երիտասարդների
(եւ ոչ միայն) համայնքային կյանքի ներգրավվածության ակտիվացմանը:
Ազատանի «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնը հիմնականում վերակառուցվել
ու կահավորվել է Գրիգոր Արսլանյանի բարերարությամբ: Օժանդակել են
դոկտ. Վարուժան Ալթըպարմաքյանը, Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը
եւ ավագանու ինն անդամները, Սոս Վարժապետյանը, Արտուշ Աբրահամյանը,
Արայիկ Ոսկանյանը, Գոռ Դավթյանը, Գեւորգ Աբրահամյանը, Ալբերտ Խաչիկյանը,
Վարդգես Վարժապետյանը, Անդրանիկ Իկիլիկյանը, Խոսրով Բաղդասարյանը,
Լուսինե Բադալյանը, նահատակ Հարություն Մելքոնյանի ծնողներն ու մեծաթիվ
սրտացավ հայորդիք, ինչպես նաեւ բարեգործական «Շտապիր դեպի բարին»
ու «Իվորլդ» մանկական հիմնադրամները:
Բարի ընթացք եւ բեղուն աշխատանք նորաբաց ուսումնա-կրթական օջախին:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ
>>>
|
|