«ԲԱՐԵԲԱՆԵԱԼ
ԵՍ ԱՄԵՆԱՍՐԲՈՒՀԻ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ...»
ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ
«Այսօր ընդ բազմաչեաց քերովբէսն
Եւ ընդ վեցթեւեան սերովբէսն, Ստանելով
եօթնաստեղեան խորանսն, Տեսանելով զանազան աթոռսն, Զոր պատրաստեալ
է
քեզ տէրունւոյդ, Երգեմք եւ մեք՝ ասելով. օրհնեալ ես՝ Ամենաօրհնեալդ
ի կանայս»:
ՇԱՐԱԿՆՈՑ
 ստ
«Յայսմաւուրք»-ի՝ Սուրբ Կույսի ննջումից երեք օր անց, առավոտյան,
մեր Տեր Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ, երկնքից իջնում է անմարմին
հրեշտակների գունդը եւ լուսափայլ ամպով կանգ առնում Սուրբ Կույսի
գերեզմանի վերեւում: Հրեշտակները կնքված գերեզմանից վերցնում են
աստվածընկալ մարմինը, եւ Միածին Որդին, մոր հետ, երկինք է վերանում՝
նստեցնելով նրան Իր աջ կողմում՝ փառքի աթոռին:
Վերափոխման այս հանդիսավոր ու խորախորհուրդ արարողությանը մասնակցում
էին Փրկչի տասներկու առաքյալները եւ «բազմութիւն աշակերտաց Նորաց
կտակին»:
Ննջելուց հետո Ս. Աստվածամորն առաքյալները հուղարկավորում են Գեթսեմանի
պարտեզում: Աստծո իմաստուն նախախնամությամբ՝ հենց Բարդուղիմեոսին
էր սահմանված դառնալ Տիրամոր վերափոխումը բացահայտողը: Աստվածամայրը
սրբերի սուրբն է, ով, իր վեհությամբ, առաքինությամբ ու մաքրությամբ,
արժանի դարձավ կրել այն Սուրբ Պտուղը որ Աստված առաքեց երկիր՝ որպես
համայն մարդկության փրկություն ու կյանքի աղբյուր: Երանելի ու ցանկալի
թագուհին, որպես անբիծ շուշան, չկրեց ապականության աղետալի հետքերը,
այլ սիրով ընդունեց Որդու հրավերը:
Փրկագործության
տնօրինության մեջ Ս. Կույսի ընթացքը հենց դրանով էլ սկսվեց. «Ահավասիկ
ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող Քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ.
Ա 3-8): Ու թեեւ նրա «հոգու միջով սուր անցավ», ինչպես մարգարեացել
էր Սիմեոն Ծերունին, իր Որդու եւ Տիրոջ չարչարանքների ու խաչելության
սուրը, սակայն խոնարհությամբ ուղեկցվող նրա ընթացքը երբեք չդադարեց,
որն էլ ի վերջո հանգեցրեց վերափոխման, այսինքն՝ կատարյալ հարության,
եւ Ս. Կույսի մարմինն ապականություն չտեսավ: Տերն Իր հրեշտակների
գնդերով իջավ եւ նրան տեղափոխեց երկինք: Ինչպես վկայում են մատենագրական
աղբյուրները՝ Տիրամոր վերափոխման հիշատակությունը կատարվել է դեռեւս
առաքելական շրջանից, իսկ, որպես եկեղեցական տոն, հաստատվել 4-րդ
դարում: Այն, որ Հայոց Եկեղեցում Վերափոխման տոնը կատարվել է 5-րդ
դարից, հաստատում են Սահակ Պարթեւի կանոնները, իսկ Խորենացու՝ Վերափոխմանը
նվիրված շարականը եւ Գրիգոր Նարեկացու Ներբողյան ու գանձն այդ թեմայով
գրված 5-10-րդ դարերի արձակ ու չափածո բազմաթիվ գործերի շարքից են:
ՆԱԽԱՏՈՆԱԿ Ս. ՅՈԹՎԻՐԱՑ ՀՐԱՇԱԳՈՐԾ ՊԱՏԿԵՐԸ
1852 թվականից Գյումրու Ս. Աստվածածին մայր եկեղեցում է գտնվում
յոթնապատիկ խոցված Տիրամոր հրաշագործ պատկերը: Ըստ ավանդության՝
այն նկարել է Թովմաս Առաքյալը: Օգոստոսի 12-ի հետկեսօրեին՝ ժամերգությունից
հետո, Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում կատարվեց նախատոնակ:
Հոգեւորականաց
թափորը՝ Առաջնորդ Սրբազանի գլխավորությամբ, սուրբգրային ընթերցվածներով,
շարականների հոգեզմայլ երգեցողությամբ եւ սաղմոսասացությամբ, հանդիսավորաբար
Ս. Աստվածածին եկեղեցուց դուրս բերեց Ս. Յոթվիրաց պատկերը եւ ուղղվեց
քաղաքի Վարդանանց հրապարակ: Այստեղ թափորապետ Սրբազան Հարը, հավատացյալների
խուռներում բազմության ներկայությամբ, կատարեց անդաստան՝ Ս. Խաչով,
Ս. Ավետարանով եւ Սուրբ Յոթվիրաց պատկերով օրհնելով երկրի չորս ծագերը:
Սրբազան արարողակարգին ներկա էին հավատացյալներ ոչ միայն Շիրակի
մարզից, այլեւ Երեւանից, Ջավախքից, ինչպես նաեւ այլ ազգության հավատացյալներ:
ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Օգոստոսի 13-ին՝ տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց
Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մինաս,
Ս. Սարգիս, Ս. Հռիփսիմե, Ս. Ամենափրկիչ եւ Ս. Հակոբ եկեղեցիներում:
Սուրբ Կույսի բարեխոսությանը դիմելու ակնկալությամբ Ս. Աստվածածին
եկեղեցում ի մի էին եկել հավատացյալ հայորդիներ, ուր Վերափոխման
Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: Հընթացս
սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող
քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: Ի լրումն օրվա խորհրդի մեծաթիվ
հավատացյալներ ստացան Սուրբ Հաղորդություն:
Այսպիսով՝ Վերափոխման տոնը մեկ անգամ եւս հավաստում է, որ Աստվածամոր
կերպարով մեր նախամայր Եվային տրված անեծքը քանդվեց, չքացավ, վերացավ,
կինն ազատագրվեց Աստվածամորը տրված հատուկ շնորհով: Աստվածածնի Վերփախման
տոնին մատուցված Սուրբ Պատարագի ավարտն ամփոփվում է յուրահատուկ
եւ անկրկնելի մի գեղեցիկ արարողությամբ՝ խաղողի օրհնությամբ, որից
էլ տոնն այս ժողովրդի մեջ հաճախ հնչում է «Խաղողօրհնեք» անվամբ:
ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ
Միածին
Որդու գալստյամբ կրկին օրհնվում է մարդկային բնությունը եւ առավել
օրհնվում խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթն ավելի վեր բարձրարցրեց
եւ պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն խաղողի որթ անվանելով.
«Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1): Խաղողից է նաեւ գինին:
Քրիստոս վերջին ընթրիքի ժամանակ «վերցրեց բաժակը, գոհություն հայտնեց
Աստծուն եւ տվեց իր աշակերտներին՝ ասելով. «Բոլորդ էլ խմե՛ք սրանից.
սա է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության
համար» (Մատթ. ԻԶ 27-28):
Ինչպես ասում է Ս. Ներսես Շնորհալին՝ «…օրհնիր նաեւ այժմ Քեզ նվիրված
նորոգված տարվա երախայրիքի այս պտուղը՝ խաղողի ողկույզները, ըստ
Ահարոնի հին քահանայության, ինչպես որ օրինադրեցիր Իսրայելի տոհմի
համար՝ Մովսեսի ձեռքով բոլոր պտուղների անդրանիկն ընծայաբերել Քո
վկայության խորանին: Եվ սա հաստատվեց, որպեսզի մասնավոր ընծաների
միջոցով Քո օրհնությունը տարածվի բոլոր պտուղների վրա»: Այսինքն՝
ամեն տարի խաղողը, իբրեւ մեր այգիների երախայրիք, նվիրում ենք Աստծուն,
ինչպես ընդունված էր, որպեսզի, այդ մասնավոր ընծայով, բոլոր պտուղներն
օրհնվեն: Խաղողի օրհնությամբ Հայոց Եկեղեցին խորհրդանշական իմաստով
օրհնում է բոլոր այգեստանները:
Սուրբ եւ անմահ Պատարագից հետո հանդիսավոր թափորը շարժվեց դեպի Վարդանանց
հրապարակ, ուր Առաջնորդ Սրբազան Հայրը կատարեց խաղողօրհնեքի ավանդական
արարողակարգը: Վերջում օրհնված պտուղը բաժանվեց ներկա հավատացյալներին:
Հավելենք նաեւ, որ խաղողը Եկեղեցուն նվիրել էր խաչքավոր Արմեն Տոնոյանը:
Արդ, Աստվածամոր բարեխոսությամբ ու խոնարհության փառահեղ օրինակով
քայլենք նրա Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ընդառաջ, որպեսզի
մի օր մենք էլ արժանանանք Արարչի կանչի հրեշտակաբարբառ ավետիսին:
ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ
Օգոստոսի 14-ին առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց
հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ
քհն. Հակոբյանը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ
>>>
|
|