Երանի՜ այն սերնդին, որ կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍԿ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

     
   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 8 (284), օգոստոս 2023 թ.  


 

       

ԹԱԴԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԵՎ ՍԱՆԴՈՒԽՏ ԿՈՒՅՍԻ ՏՈՆԸ
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Որեւէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է. նա այլեւս այն չէ,
ինչ որ նախապես էր, որովհետեւ նա ամբողջությամբ նորոգվեց»:
Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ Ե 17

րիստոնեության մեջ մեծ տեղ է գրավում սրբության գաղափարը, քանզի հենց Տերը պատգամում է. «Սուրբ եղեք, որովհետեւ Ես՝ ձեր Տեր Աստվածը սուրբ եմ» (Ղեւտացիս ԺԱ 44): Թե՛ Հին եւ թե՛ Նոր Կտակարանում հանդիպում ենք սրբությամբ ապրող մեծաթիվ կերպարների, որոնք, աստվածային ներշնչմամբ, մարդկանց ուղղորդում են դեպի սրբություն: Սուրբ եւ սքանչելագործ Թադեոս Առաքյալի քարոզության վիճակը Հայաստան աշխարհն էր: Նա կյանքի խոսքի քարոզիչն էր եւ առաջինը՝ մարտիրոսության պսակի արժանացած նահատակների մեջ: Նրան վիճակվել էր գալ Հայաստան՝ քարոզելու հայ ազգին:

Տարբեր երկրներում քարոզչությունից հետո, համաձայն Տիրոջ այն պատգամի, թե «գնացէք, ուրեմն, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով» (Մատթ. ԻԸ 19), Սուրբ Թադեոսը գալիս է Մեծ Հայք՝ Հայոց Սանատրուկ թագավորի օրոք, որի դուստրն էր մանկահասակ գեղեցկուհի Սանդուխտը: Տասնհինգ տարեկան օրիորդը հորից ծածուկ հանդիպում է Առաքյալին եւ սովորում Հիսուսի մասին ուսուցանվածը, ինչը, սակայն, բացահայտվում է հեթանոս հոր կողմից եւ դառնում հալածանքի պատճառ: Սանատրուկը, որ սկզբում ամեն ջանք գործադրում է՝ սիրեցյալ դստերը վերադարձնելու հեթանոսական կրոնին, տեսնելով իր անզորությունը, հրամայում է սպանել նրան: Դահիճը, ով պիտի գլխատեր Սանդուխտին, սրով խոցում է արքայադստեր սիրտը: Սրբազան ավանդության համաձայն, երեք օր Սանդուխտի մարմնի վրա երկնքից իջած լույս է տարածվում, մինչեւ Թադեոս Առաքյալը հողին է հանձնում, իսկ հետո ինքը եւս նահատակվում է:

Թադեոսին գցում են այռուծների առջեւ, սակայն գազանները նրան չեն վնասում, որից հետո գցում են կրակի մեջ: Աստվածային հրաշքով այս անգամ էլ նրան ոչինչ չի պատահում: Ի վերջո վճռվում է նրան սրով սպանել, ինչն ի կատար է ածվում: Մոտակա վեմը ճեղքվելով՝ Առաքյալի մարմինն իր մեջ է առնում ու փակվում: Սրբերի նահատակությունը տեղի է ունեցել Արտազ գավառի Շավարշան, հետագայում՝ Մակու քաղաքի մոտ: 5-րդ դարում, Հովհան Մանդակունի կաթողիկոսի եւ Վահան Մամիկոնյան մարզպանի օրոք, Կիրակոս անունով մի ճգնավոր, ով բնակվում է Շավարշանին մոտակա մի քարանձավում, տեսիլքով իմանում է նրանց տեղը եւ մի քահանայի հետ փորելով տեսիլքով մատնանշված տեղերը՝ գտնում է սուրբ նշխարները:

Սուրբ Սանդուխտը թաղված է եղել Նարեկ վանքում, որի բուն անունը հենց Սուրբ Սանդուխտ է, իսկ Սուրբ Թադեոս Առաքյալի գերեզմանն այժմյան Իրանի տարածքում գտնվող Սուրբ Թադեի վանքում է: Ըստ Օրմանյանի վկայության՝ Սուրբ Սանդուխտի հիշատակը հին «Տոնացույց»-ում առանձին է կատարվել, հետո միայն միացվել Թադեոս Առաքյալի հիշատակին: Հայ Եկեղեցին Սուրբ Թադեոս Առաքյալի հիշատակը տարվա մեջ ոգեկոչում է երկու անգամ՝ նախ Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալի, ապա Սուրբ Սանդուխտ կուսյի հետ՝ Տիրոջ Պայծառակերպության տոնին հաջորդող շաբաթ օրը:

Ահա հենց այս Սրբերի՝ Թադեոս Առաքյալի եւ Սանդուխտ կույսի անվան հետ է առնչվում հայոց լուսավորության պատմությունը, ովքեր դարձան հայ քրիստոնյայի եւ Աստծո միջեւ միջնորդներ ու կենդանի կրողներ իրական քրիստոնեության: Նրանց կյանքը մինչ օրս լավագույն օրինակ է բարոյականության եւ առ Աստված տածած անսասան հավատքի:

Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Սրբերը Եկեղեցու գանձերն են՝ լի թանկարժեք մարգարիտներով: Նյութական հարստությունն անցնում է, հագուստը մաշվում է, տները քանդվում են, իսկ հոգեւոր հարստությունն այլ է, Սրբերը մշտապես փայլում են իրենց լույսի փառքով»: Արդ, մարտիրոսների հիշատակության օրը, որոնց պսակը փառքն է ողջ Եկեղեցու, եւս մեկ շնորհված հնարավորություն է յուրաքանչյուր քրիստոնյային՝ անդրադարձ կատարել սեփական անձին եւ, ապաշխարությամբ ու նրանց բարեխոսությամբ լուսավորված, այդ լույսով նորոգված, Արարչին մոտենալու եւ Նրան միանալու համար:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Հուլիսի 22-ին՝ Սուրբ Թադեոս Առաքյալի եւ Սանդուխտ կույսի տոնի ուրախ առիթով, Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնին համահունչ հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ ներկա հավատացյալների համար մեկնելով տոնի խորհուրդը եւ մանրամասնելով նշանակությունը:

Ի լրումն օրվա խորհրդի կատարվեց խոստովանություն, եւ բարեպաշտ հավատացյալներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները