Երանի՜ այն սերնդին, որ կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍԿ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

     
   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 8 (284), օգոստոս 2023 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՀՈՎԱԿԻՄ ԵՎ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ

«Որ զօրհնութիւն նախաստեղծիցն աստուածազոյգ արուաց եւ իգաց,
պայծառացեալ վայելչապես ծաղկեցուցեր այսօր ի Յովակիմ եւ ի Աննա,
աղաչանօք սոցա խնայեա ի մեզ»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ովակիմի եւ Աննայի հիշատակը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոգեկոչում է յուղաբեր կանանց հետ՝ վերափոխման իննօրյակին անմիջապես հաջորդող երեքշաբթի օրը: Հովակիմն ու Աննան սրբերի շարքն են դասվել Քրիստոսի նախաստեղծողները լինելու պատճառով: Եկեղեցու Հայրերը ոչ միայն Քրիստոսի նախակարապետություն են նշում, այլեւ Որդուն ծնողի: Ահավասիկ Հովակիմն ու Աննան եղան Որդուն ծնողի նախակարապետները: Այս սրբերի մասին Ավետարանները լռում են, սակայն տեղեկություն են հայտնում «Նախավետարան» կամ «Գիրք Յակոբայ» կոչվող գրվածքները, որոնք չեն մտել Աստվածաշնչի կանոնի մեջ: Այս գրվածքները մեծ հետաքրքրությամբ են կարդացվել նորաստեղծ քրիստոնեական համայնքներում եւ, բարեպաշտ հավատացյալների կողմից ավանդաբար փոխանցվելով, այսօր հասել են մեզ:

Ըստ «Նախավետարան»-ի՝ Հովակիմը Դավթի ցեղից էր, բարեպաշտ ու մեծահարուստ մի անձնավորություն, իսկ Աննան քահանայական տնից, համեստ ու երկյուղած անձ: Սուրբ եւ ամենօրհնյալ Աստվածածնի ծնողները բարեպաշտությամբ էին ապրում իրենց կյանքը, անբիծ ու անարատ էին Տիրոջ ու բոլոր մարդկանց առջեւ: Երանելի Հովակիմն աղոթքն իրեն կերակուր էր դարձրել, իսկ արտասուքը՝ ըմպելիք: Աննան էլ իմանալով այդ մասին՝ նույնպես ապրում է աղոթքով ու ապաշխարությամբ:

Մի օր պարտեզում աղոթելիս՝ Աննան թռչուններ է տեսնում, որոնք բույն էին շինում եւ ձագերին կերակրում: Այդ տեսարանից հուզված՝ լացակումած դիմում է Աստծուն՝ ասելով. «Վայ ինձ, թռչուններից անգամ ցածր մնացի: Նրանք ձագեր ունեն, իսկ ես զրկված եմ մեկ զավակի շնորհից»: Երբ այսպես աղոթում էր Աստծուն, հանկարծ Տիրոջ հրեշտակն Աննայի մոտ է գալիս եւ ավետում. «Կհղիանաս եւ զավակ կծնես եւ կնվիրես Տիրոջը, որի անունն ամբողջ աշխարհում կտարածվի»: Միաժամանակ տեսիլք է ունենում նաեւ Հովակիմը եւ ուրախացած տուն վերադառնում:

Աննան հղիանալով՝ ծնում է օրհնյալ պտուղը, ում անվանում են Մարիամ, որ նշանակում է «լուսավորյալ»: Նորածնին պահում են երեք տարի, ապա ընծայում են Աստծո Տաճարին: Նրանց սրբակենցաղ անձերն ուսանելի ու վառ օրինակներ են մեզ համար, քանզի, Աստծուց մերժված լինելով, ծոմ պահեցին, աղոթեցին, բախեցին Աստծո «դուռը», եւ Աստված լսեց նրանց ու բացեց այն:

Հետեւաբար մեզանից յուրաքանչյուրն այս օրինակով առաջնորդվելով՝ կարող է արժանանալ աստվածային պարգեւների ու շնորհների:

ԱԼՎԱԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները