ՍՈՒՐԲ
ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆՆ
ԱԶԱՏԱՆԻ ՀՈՎՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ
գոստոսի
13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց հինգ տաղավար
տոներից չորրորդը՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը կամ,
ինչպես ընդունված է ասել, Խաղողօրհնեքը:
ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ Ս. ԱՍՏՎԱԾԱԾՆԻ
Վերափոխում.
այս բառակերտումն առաջին հերթին ընկալում ենք վերստին փոխվել իմաստով։
Սակայն բուն բառիմաստն աշխարհաբար հայերենին է փոխանցվել գրաբարից
եւ նշանակում է վեր, դեպի երկինք։
Ավետարանները մեզ ավանդում են, որ Խաչելությունից հետո Հիսուսի սիրելի
աշակերտ Հովհաննես Առաքյալն իսկապես դառնում է Տիրամոր նեցուկն ու
պաշտպանը։ Հետխաչելության Մարիամը տասնհինգ տարի Երուսաղեմում վայելում
է բոլոր Առաքյալների, հատկապես՝ Հովհաննեսի հոգածությունը եւ կնքում
իր մահկանացուն, երբ համարյա հիսուն տարեկան էր։ Տիրամոր թաղմանը
ներկա էին բոլոր առաքյալները, բացի Բարդուղիմեոսից։ Սուրբ Կույսը
մահվանից առաջ կանխազգում է, որ Բարդուղիմեոսը կարող է չափազանց
ազդվել եւ անմխիթար մնալ՝ զրկվելով հուղարկավորությանը մասնակցելուց,
ուստի իր կենդանագիր նկարն է տալիս Հովհաննեսին՝ վերջինիս փոխանցելու
համար։
Նկարը
փոխանցվում է։ Ըստ ավանդության՝ հայոց առաջին Լուսավորիչ Բարդուղիմեոս
Առաքյալը պատկերն իր հետ բերում է Հայաստան, ուր, հալածանքների պատճառով,
ստիպված է լինում թաքցնել Անձեւացյաց գավառի Դարբնոց քար կոչված
վայրում։ Նույն վայրում էլ հետագայում հիմնվում է մի կուսաստան,
ուր եւ պահպանվում է հիշյալ պատկերը։
Հակառակ իրեն վերապահված առանձնաշնորհին՝ կենդանագիր պատկերի տվչությանը,
Բարդուղիմեոս Առաքյալը չի գոհանում եւ պնդում է՝ գերեզման գնալ եւ
վերջին անգամ տեսնել Տիրամորը։ Առաքյալները գնում են գեղեզման՝ գոհացում
տալու Բարդուղիմեոսի պահանջին։ Սակայն Մարիամն այնտեղ չէր։ Վերջիններս
հասկանում են, որ երեք տիվ ու գիշեր հնչող հրեշտակների երգերն ու
երկնային մեղեդիները ոչ թե նրա մեռած, այլ ննջող մարմնի համար էին։
Այսինքն՝ Ս. Կույսը ննջեց եւ, ըստ Քրիստոնեական բոլոր Եկեղեցիների
սրբազան ավանդության, երկինք փոխադրվեց՝ վերափոխվեց։
ԽԱՂՈՂ0ՐՀՆԵՔ
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Ս. Պատարագից հետո, Հայաստանյայց
բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնեքի կարգ։
Հնավանդ,
գեղեցիկ ու բարոյալից մի սովորություն ուներ հայ ժողովրդը. երբ հասունանում
էր բերքը Հայոց աշխարհում, երախայրիքը, իբրեւ առ Աստված ունեցած
շնորհակալության ու երախտիքի դրսեւորում, ընծայում էին Նրան։ Նախաքրիստոնեական
շրջանի այս սովորությունը պահպանվեց նաեւ քրիստոնեության ընդունումից
հետո, սակայն մեկ տարբերությամբ՝ բոլոր պտուղների մեջ նախապատվությունը
տրվեց խաղողին, քանի որ նրանից է պատրաստվում գինին, որ խորհրդանշաբար
գործածվում է Ս. Հաղորդության, Ս. Պսակի խորհրդակատարությունների
ժամանակ։
Իր երկրավոր կյանքի ընթացքում Հիսուս հաճախ էր Իրեն նմանեցնում խաղողի
որթին։ Վերջին ընթրիքին Նա վերցրեց գինին, գոհացավ եւ տվեց աշակերտներին՝
ասելով. «Այս է Իմ արիւնը»։ Գինին խաղողի հյութից էր, ուստի եւ նախապատվությունը
տրվեց հենց այս պտղին։ Այս տրամաբանությամբ հեթանոսական շրջանի արմտիքի
եւ պտուղների ընծայաբերումը՝ «Տօն արմտեաց եւ պտղոց»-ը, անցավ քրիստոնեությանը,
իսկ Հայոց Եկեղեցում ընդհանրացավ խաղողօրհնեքը՝ Ս. Կույսի Վերափոխման
տոնի մաս կազմելով։
ՏՈՆԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Տոնը շատ սիրելի է Ազատանի հովվությունում, ինչը վկայում էր ներկա
հավատացյալների հոծ բազմությունը: Տոնական Սուրբ եւ անմահ Պատարագը
մատուցվեց Ազատանի Ս. Հարություն - Ս. Ստեփանոս եկեղեցում՝ ձեռամբ
Տ. Մակար քհն. Գալամդարյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր
մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրն իր քարոզում անդրադարձավ տոնի
խորհրդին եւ Սուրբ Աստվածամոր կարեւորագույն դերին Քրիստոնեական
Ընդհանրական եւ մասնավորաբար Հայ Եկեղեցում:
Ավանդույթ է դարձել այս տոնին ամփոփել տարվա նվիրատվությունները:
Ուստի Տեր Մակարը համայնքին ներկայացրեց կատարված աշխատանքներն ու
աջակից նվիրատուներին: Ի գնահատումն աստվածահաճո գործունեության՝
2023 թվականի խաչքավոր Արտուշ Աբրահամյանին հանձնվեց օրհնության
գիր՝ Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս.
Աջապահյանի կողմից:
Խաղողօրհնության կարգ կատարվեց նաեւ հովվության մյուս ութը գյուղերում:
ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ
>>>
|
|