Երանի՜ այն սերնդին, որ կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍԿ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

     
   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 8 (284), օգոստոս 2023 թ.  


 

       

ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ
ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎԸ

գոստոսի 28-31-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը՝ ընդլայնված կազմով: Նիստերը վարեցին Արեւմտան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպս. Պարսամյանը եւ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպս. Խաչատրյանը:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով ժողովականներին:

Ադրբեջանական ագրեսիայի եւ աշխարհաքաղաքական բարդ զարգացումների հետեւանքով Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում ստեղծված կացության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Արցախի թեմի Առաջնորդ Տ. Վրթանես եպսկ. Աբրահամյանը, ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գեւորգ Դանիելյանը եւ «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:

Խիստ մտահոգությամբ արձանագրվեց, որ միջազգային լարված իրադրությունից օգտվելով՝ Ադրբեջանի իշխանությունները, որդեգրած պետական քաղաքականության շրջանակներում, ոչ միայն ձգտում են բռնազավթել Արցախը, այլեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց, Բերձորի միջանցքի արգելափակման արդյունքում, Արցախի ամբողջական շրջափակմանը եւ արցախահայության նկատմամբ դրսեւորվող անմարդկային բռնաճնշումներին ու ցեղասպան գործողություններին, ինչի հետեւանքով խաթարվել են երկրի կենսագործունեության բոլոր ոլորտները:

Ներկայացվեցին նաեւ ադրբեջանական իշխանությունների կողմից նախաձեռնված քայլեն ու գործողությունները՝ ուղղված էթնիկ հայկական հետքերի ոչնչացմանն ու յուրացմանը: Զեկույցների շուրջ ծավալված քննարկումների արդյունքում ԳՀԽ հանդես եկավ առանձին հայտարարությամբ:

Մյուռոնօրհնության, եպիսկոպոսաց ձեռնադրության արարողությունների կազմակերպման ընթացքի, ինչպես նաեւ Մայր Տաճարի հիմնանորոգության, ներքին հարդարման եւ շրջակայքի բարեկարգման աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպս. Խաչատրյանը եւ լուսարարապետ Տ. Մուշեղ եպսկ. Բաբայանը:

Արձանագրվեց, որ 2023 թ. հոկտեմբերի 1-ին Մյուռոնօրհնեքի արարողությանն իրենց մասնակցությունը կբերեն Քույր Եկեղեցիների եւ միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու նվիրապետական աթոռներից ու աշխարհասփյուռ թեմերից բարձրաստիճան հոգեւոր հայրեր եւ հավատացյալ ուխտավորներ: Մյուռոնօրհնության արարողության շրջանակներում՝ սեպտեմբերի 30-ին, Ս. Գայանե վանքում տեղի կունենա «Խաղաղության աղոթք»՝ միջեկեղեցական պատվիրակությունների մասնակցությամբ, իսկ հոկտեմբերի 8-ին՝ եպիսկոպոսաց ձեռնադրություն:

Մյուռոնօրհնության տոնական արարողության կազմակերպման աշխատանքների հետ առնչված խոսվեց Տաճարի շրջակայքի բարեկարգման ընթացքի մասին: Արձանագրվեց, որ մինչ Մյուռոնօրհնեք Մար Աթոռ Սուրբ Էջմիածինը, շինարարների ներդրած ջանքերի արդյունքում, պատշաճ բարեզարդությամբ կներկայանա ուխտավոր հայորդիներին: Ժողովի ընթացքում մտքեր փոխանակվեցին նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության գործարքի խնդիրների շուրջ: ԳՀԽ-ը կարեւորությամբ ընդգծեց, որ շարունակելու է հետամուտ լինել հարցի բարվոք կարգավորմանը, եւ այդ կապակցությամբ գործադրվելու են հնարավոր բոլոր ջանքերը:

Ժողովի ընթացքում քննարկվեցին նաեւ եկեղեցա-վարչական, կարգապահական եւ Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները