Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ այդ
թշնամին կը նմանի
ծառի մէջէն գործող
որդին, որ կ’ուտէ
աւիշը, կը չորցնէ
ծառը:
 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 5 (281), մայիս 2023 թ.  


 

       

ՎԵՐԱՕԾՎԵՑ ԿԱՊՍԻ ԵՐԵՎՄԱՆ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ

արեր շարունակ Հայոց Եկեղեցին դարձավ իր ժողովրդի հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունը, կարելին ու հաճախ նաեւ անկարելին գործադրելով, պահեց ու պահպանեց հայի անկրկնելի տեսակը՝ ուրույն ու ինքնատիպ քրիստոնեական մշակույթով եւ կենցաղավարության ավանդույթներով: Արդարեւ, մարդու կյանքն արժեւորում եւ իմաստ է ձեռք բերում, երբ անհատն այդ կյանքն ապրում է Աստծո հետ: Այս հավատքով ու համոզմունքով է ամեն անգամ իր օծյալ Սուրբ Աջը բարձրացնում Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը՝ վերաօծելու կամ օծելու յուրաքանչյուր աղոթատուն:

ԿԱՊՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին: 1820 թ. այն հիմնադրել են Բայազետից եւ Կարսից եկած գաղթականները: 1850 թվականին, սեփական նախաձեռնությամբ ու ջանքերով, կառուցել են գյուղական եկեղեցին՝ ունենալով նաեւ հոգեոր սպասավոր: Ամեն կիրակի մատուցվել է Սուրբ Պատարագ:

Սակայն 1928 թ. աքսորում են տեղի քահանային, եւ այդ տարվանից ի վեր Ս. Պատարագ չի մատուցվում եկեղեցում: Աստվածամերժության տարիներին այն օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ: Աղոթատունը խոնարհվել է 1988-ի երկրաշարժից: Անուշադրության մատնված ու խոնարհված եկեղեցին այսօր կրկին վեր է հառնում՝ շնորհիվ բարերար Սպարտակ Հովհաննիսյանի:

Կապսում կան մատուռներ, որոնք կառուցել է կապսեցի Գրիգոր Պեպոյանը: Հենց այս մատուռներում էլ ցայսօր իրենց հավատքի մոմերն են վառում տեղի հավատացյալները:

ԺԹ ԴԱՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ

Միանավ բազիլիկ տիպի երկարավուն քառանկյունաձեւ շինություն է: Միակ մուտքն արեւմտյան կողմից է՝ ճակատին ցածր բեմով: Կառուցված է սեւ տուֆի սրբատաշ քարերով: Հարավային ճակատամասում բացվում են կամարակապ մեկական նեղ, երկարավուն լուսամուտներ, իսկ հատակը սալապատ է, երկու խորաններով, եւ առկա է մեծ լուսամուտը՝ Սուրբ Սեղանը լուսավորելու համար:

ԴՌՆԲԱՑԵՔ ԵՎ ՕԾՈՒՄ

Օրն արեւոտ էր ու խնկաբույր: Վաղ առավոտից աղոթատան տարածքը մարդաշատ էր: Տարիներ շարունակ փակված, ապա նաեւ խոնարհված եկեղեցին այլեւս վերածնված է: Եվ դրա առհավատչյան վերաշինված աղոթատան բաց դուռն է, աչք շոյող ընդհանուր տեսքը, բակում հավաքված կապսեցիերի ժպիտը:

Մայիսի 6-ին հավատավոր կապսեցիներն ու հարակից գյուղերի բնակիչները եկել էին՝ ներկա գտնվելու աղոթատան վերաօծման հանդիսավոր արարողակարգին: Հավուր պատշաճի զգեստավորված հոգեւորականաց դասը, հանդիսապետությամբ Առաջնորդ Սրբազանի, ինչպես նաեւ ներկայությամբ Գյումրու Ս. Նշան, Ս. Յոթվերք, Ախուրյանի Ս. Աստվածածին, Ս. Նարեկ եկեղեցիների հոգեւոր հովիվներ Տ. Եզնիկ քհն. Գալստյանի, Տ. Հակոբ քհն. Գրիգորյանի, Տ. Կորյուն քհն. Մաթեւոսյանի, Տ. Նարեկ քհն. Անտոնյանի, գյուղի հոգեւոր հովիվ Տ. Փառեն քհն. Պետրոսյանի, մուտք գործեց եկեղեցի, ուր քիչ հետո սկսվելու էր սրբազան արարողակարգը:

Իսկ մինչ այդ թեմակալ Առաջնորդը ներկաներին դիմեց հայրական հորդորով՝ ի մասնավորի նշելով. «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ կապսեցիներ եւ ոչ կապսեցիներ, այսօր հերթական ուրախալի օրն է մեզ համար: Հակառակ այն դժվարություններին, դառնություններին, որ կրում ենք այս վերջին տարիներին, ունենք նաեւ, Աստծո կողմից տրված, այս փոքրիկ ուրախությունները վայելելու առիթ: Ահավսիկ եկավ, հասավ պահը, որ Կապսի վերակառուցված եկեղեցին նույնպես պիտի վերաբացվի, պիտի վերաօծվի շնորհիվ մեր սիրելի Սպարտակի, որ իր արմատները չմոռացավ, չմոռացավ, որ ինքը ծագումով այս գյուղից է եւ ցանկացավ անմահ հիշատակ թողնել հանուն իր ծնողների եւ իր սերուդների, որոնք գալու, աղոթելու են այն ժամանակ այս եկեղեցում, երբ ներկաներիցս ոչ մեկը չի լինի: Այս երեխաներն էլ 90-100 տարեկան հասակում հեռացած կլինեն, բայց եկեղեցին կմնա, եւ հարյուր տարի հետո մտնողներն էլ ողորմի պիտի տան նրանց, ովքեր եկեղեցին կառուցեցին, բարձրացրին, նամանավանդ եթե մի քիչ էլ պատմություն իմանան, թե ինչպես այս եկեղեցին լքվեց, մոռացվեց, պահեստի վերածվեց, խոնարհվեց, հետո մնաց գյուղից դուրս, միայնակ ու լքված մոր նման, որոնց երբեմն լքում ենք մենք՝ ապերախտ զավակներս: Բայց մայրը հավատով սպասեց, եւ եկավ հասավ պահը:

Հիմա դեռ ես իմ հիմնական խոսքը չեմ ասում, կմտնենք ներս, եկեղեցին կօծենք, որից հետո հիմնական խոսքս կասեմ. սա հիմա իբրեւ մուտք, որովհետեւ հնարավոր է շատերը մտնեն եկեղեցի եւ դուրս գան: Մանավանդ տղամարդիկ այդպիսի սովորություն ունեն, կարող է ներսում խոսեմ՝ չլսեն, դրա համար այստեղ էլ եմ մի քանի բան ասում: Ինչ է իրենից ներկայացնում եկեղեցու օծումը: Նախ տեսաք, որ խաչը օծեցինք: Անշուշտ խաչը պետք է ավելի շուտ օծեինք եւ պիտի տեղադրեինք, բայց երբեմն այսպիսի տեխնիկական պահեր են լինում, դրա համար խաչը տեղադրվեց ու հիմա եկանք, բարձրացանք եւ խաչն օծեցինք: Այժմ եկեղեցին պիտի օծենք:

Ի՞նչ է իրենից ներկայացնում եկեղեցվո օծումը: Բոլորս հիմա դրսում ենք: Նախ Դռնբացեքի արարողություն պիտի անենք, ծնկաչոք պիտի խնդրենք, որ Տերն այս եկեղեցու դուռը բացի մեր առջեւ եւ այլեւ երբեք ոչ մի ուժ չփակի: Ո՛չ կարմիր դրոշ, ո՛չ սպիտակ դրոշ, ո՛չ մեկ այլ գույնի դրոշ չփակի այս եկեղեցու դուռը այլեւս, որ միշտ մնա բաց եւ մնա իբրեւ աղոթքի տուն, որպեսզի մեր ժողովուրդը գա այստեղ եւ իր հոգեւոր պարտականությունները կատարի. ոչ թե միայն իր հոգեւոր իրավունքները պահանջի, այլ հոգեւոր պարտականությունները կատարի: Իսկ դա նշանակում է, որ այս երեխաները չպիտի լինեն առանց մեռոն, մկրտված պետք է լինեն եւ մանավանդ այս եկեղեցում, քանի որ այն այս գյուղի համար է բացվել: Հետո բոլորով կմտնենք եկեղեցի, երբ դուռը բացենք՝ սուս-փուս, առանց աղմուկի, առանց իրար հետ զրուցելու, իրար հրմշտելու: Տղամարդիկ գլխաբաց այս մի ժամը, կես ժամը կարող են իրենց զրկել ծխելու մեծ երջանկությունից, որի ընթացքում, ուրեմն, եկեղեցու սյուները կօծենք, հետո մկրտության ավազանը, ապա խորանը, իսկ վերջում անուն կտանք եկեղեցուն: Տեսնենք, թե Աստված ի՞նչ անուն է հուշելու մեզ, որից հետո, անշուշտ, նորաօծ եկեղեցվո բեմից ես իմ հիմնական խոսքը կասեմ, մանավանդ շնորհակալության խոսքը. համաձա՞յն եք»:

Այնուհետեւ Սրբազան Հոր ձեռամբ կատարվեց դռնբացեքի ավանդական կարգը: «Բաց մեզ, Տեր» հոգեշահ շարականի երգեցողությունից հետո հանդիսավորաբար բացվեց աղոթատան դուռը: Ապա, սաղմոսասացությամբ եւ շարականների երգեցողության ուղեկցությամբ, Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը կատարեց, նախօրոք ջրով եւ գինով լվացված, եկեղեցու օծումը: Սրբալույս մյուռոնով համապատասխանաբար օծվեցին չորս անկյունները, սյուները, սեղանը, մկրտության ավազանը, սրբապատկերները: Այնուհետեւ Սրբազան Հայրը նորոգ օծյալ եկեղեցին վերանվանեց Երեւման Ս. Խաչ:

Սրբազան արարողակարգից հետո, օրվա ուրախ առիթով, բարեխնամ Առաջնորդն իր օրհնության խոսքն ու հայրական պատգամը հղեց արարողության մասնակիցներին, բարերարներին, շինարարին, բարեպաշտ կապսեցիներին ու հյուրերին:

ԽԱՉԻ ՕԾՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Վերջում, հավատավոր կապսեցիների ներկայությամբ, հենց եկեղեցու երկնառաք գմբեթին բարձրանալով, համաձայն «Մաշտոց» ծիսարանի, ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, ապա սաղմոսասացությամբ եւ շարականների երգեցողությամբ, ձեռամբ Առաջնորդ Սրբազանի, սրբալույս մյուռոնով օծվեց Խաչը, եւ այն տարածեց իր թեւերը Կապսի ու հավատավոր ժողովրդի վրա …

ՆԵՐԿԱ ԷԻՆ

Սրբազան արարողակարգին ներկա էին բարերար Սպարտակ Հովհաննիսյանն իր ընտանիքի անդամների հետ, հանրակրթական դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմը, համայնքի նախկին ղեկավարը, հարակից գյուղերի ներկայացուցիչներ, աշակերտներ եւ մեծաթիվ կապսեցիներ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները