Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ այդ թշնամին կը նմանի ծառի մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 5 (281), մայիս 2023 թ.  


 

       

Մանուկներին՝Սրբազան Պատմություն

ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՀԱՑԸ

ի անգամ տանջված դեմքով մի խեղճ կին մտավ մթերային խանութ եւ նպարավաճառին խնդրեց մի քիչ մթերք տալ իրեն, որպեսզի ճաշ պատրաստի իր երեխաների համար: Վերջինս հարցրեց կնոջը, թե որքա՞ն գումար ունի: Կինը պատասխանեց.

- Ամուսինս պատերազմի ժամանակ է զոհվել, եւ ես ոչինչ չունեմ, բացի փոքրիկ աղոթքից:

Առեւտրականը խոստովանեց, որ այն օրերին ինքն այնքան էլ սենտիմենտալ չէր եւ կարծում էր, թե նպարեղենի խանութը կարիքավորներին անվճար հաց բաժանելու տեղ չէ: Նա անփութորեն պատասխանեց կնոջը.

- Գրեք այն թղթի վրա,- եւ կրկին իր գործին անցավ:

Կինը գրպանից թղթի մի կտոր հանեց եւ մեկնեց նպարավաճառին՝ ասելով.

- Ես դա գիշերն եմ արել, երբ հիվանդ երեխայիս էի խնամում:

Չհասցնելով անակնկալից ուշքի գալ, նպարավաճառը վերցրեց թղթի կտորն ու նույն պահին էլ ափսոսաց, քանի որ չգիտեր, թե այժմ ինչպե՞ս պետք է վարվի եւ ի՞նչ պատասխանի: Հանկարծ մի միտք ծագեց նրա գլխում: Առանց աղոթքը կարդալու, նա թղթի կտորը կշեռքին դրեց եւ ասաց.

- Տեսնենք, թե այն որքա՞ն արժե:

Ի զարմանս իրեն, երբ կշեռքի մյուս նժարին մի հաց դրեց, կշեռքի սլաքը տեղից նույնիսկ չշարժվեց: Նա ավելի շփոթվեց, երբ սլաքը շարունակեց տեղում մնալ, չնայած, որ ինքը մթերքներն արագ-արագ ավելացնում էր կշեռքի վրա, քանի որ մյուս գնորդներն իրեն էին նայում: Նա փորձեց կոպիտ լինել, սակայն ոչինչ չստացվեց: Դրանից կարմրեց եւ ավելի զայրացավ: Ի վերջո քրթմնջաց.

- Վերջ, կշեռքն ավելին չի տանի: Ահա՛ տոպրակը, ինքներդ տեղավորեք այդ ամենը, ես զբաղված եմ:

Կամացուկ հեկեկոցով կինը վերցրեց տոպրակն ու սկսեց ուտելիքը տեղավորել՝ թեւքով սրբելով արցունքները: Նպարավաճառը փորձում էր չնայել նրա կողմը, բայց աչքի պոչով նկատեց, որ բավականին մեծ տոպրակ է տվել, ուստի դեռ մի փոքր ազատ տեղ էր մնում դրա մեջ: Նա, առանց մի բառ ասելու, մի գլուխ պանիր բերեց ու նետեց վաճառասեղանի վրա: Խանութպանը չտեսավ այն երկչոտ երախտագիտական ժպիտը, որ փայլեց կնոջ թաց աչքերում՝ ի պատասխան նպարավաճառի բարության, որը հերքեց նրա՝ ժլատության մասին առաջին խաբուսիկ տպավորությունը: Երբ կինը հեռացավ, նպարավաճառը, ծոծրակը քորելով, մոտեցավ կշեռքին:

Որոշ ժամանակ անց հասկացավ, թե այդ ի՞նչ հանելուկ էր: Կշեռքը փչացել էր: Տարիներ անց նպարավաճառը հաճախ էր հիշում այս դեպքը եւ դեռ բազմաթիվ հարցականներ էին մնացել նրա հոգում: Ինչո՞ւ էր այն կնոջ աղոթքն արդեն գրված ու պատրաստ. որպեսզի բավարարի իր անսպասելի պահա՞նջը: Ինչո՞ւ այդ խեղճ կինը եկավ հենց այն ժամանակ, երբ կշեռքը փչացել էր: Ի՞նչն իրեն այդքան շփոթեցրեց, որ նույնիսկ չնկատեց կշեռքի անսարքությունը եւ շարունակեց մթերքներ ավելացնել նժարի վրա, երբ մյուս կողմում ընդամենը թղթի կտոր էր դրված:

Նպարավաճառն այլեւս չտեսավ այն կնոջը, եւ նախկինում էլ չէր տեսել, սակայն վստահ էր, որ այդ դեպքն իր երեւակայության արդյունքը չէր, քանի որ դեռ պահպանում էր թղթի այն կտորը, որի վրա կնոջ աղոթքն էր գրված. «Խնդրում եմ, Տե՛ր, տուր մեզ մեր հանապազօրյա հացը»:

«Հիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը, ով գալիս է դեպի Ինձ, քաղց չի զգա բնավ, եւ ով հավատում է ինձ, չի ծարավի երբեք» (Հովհ. Զ 35):

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները