Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ այդ թշնամին կը նմանի ծառի մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 5 (281), մայիս 2023 թ.  


 

       

«ԵՎ ԱՀԱ ԵՍ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ ԲՈԼՈՐ ՕՐԵՐՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ
ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆԸ»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

մեն անգամ ուխտի գնալիս հավատացյալները, մտքի, սրտի եւ հոգու ներդաշնակությամբ, ճանապարհ են ընկնում՝ յուրաքանչյուրն իր սրտում ունենալով այն հույսը, թե Աստծո առջեւ պիտի բացի հոգին, զորություն ստանա սուրբ վայրից, արժանանա Տիրոջ ողորմածությանն ու շնորհներին:

Այս ի մտի ունենալով, Համբարձման տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ հավատացյալներ, բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մայիսի 18-ին մեկնեցին Գեղարդավանք: Նշենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, Համբարձման տոնը (այս տարի՝ մայիսի 18-ին) հռչակվել է Գեղարդավանքի ուխտի օր:

ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ

Ուխտավորների առաջին հանգրվանը Գեղարդավանքն էր: Հայաստանի վիմափոր հուշարձանների մեջ Այրիվանք-Գեղարդավանքը ժայռակոփ արվեստի յուրահատուկ կառույց է: Ըստ ավանդության՝ հեթանոսական սրբավայրի տեղում հիմնել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ 4-րդ դարի սկզբին: Գեղարդի կիրճի հատակում Կարմրագետի եւ Ազատի ջրերն աղմուկով միախառնվում են իրար, իսկ կիրճի կենտրոնում, քարե վիթխարի խեցու մեջ, ամուր տեղավորված է 13-րդ դարի ճարտարապետության մարգարիտը՝ կաթողիկե մայր եկեղեցին, որը կառուցել է Երկայնաբազուկ իշխանը՝ Զաքարյանների տոհմի հիմնադիրը: Պատմությունը վկայում է, որ Թադեոս Առաքյալն իր հետ Հայաստան է բերել հռոմեացի զինվորի այն գեղարդը, որով վերջինս խոցեց խաչին բեւեռված Աստվածորդու կողը: Գեղարդը նախ պահվել է Այրիվանքում, ի պատիվ որի վանքը կոչվել է Գեղարդավանք:

Համբարձման տոնը Գեղարդավանքում սկսվեց առավոտյան ժամերգությամբ, ապա մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր վանքի վանահայր Տ. Կյուրեղ վրդ. Դավթյանը: Հընթացս սրբազան արարողակարգի ուխտավորները հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Արյանը:

ԳԵՏԱՐԳԵԼԻ (ՁԱԳԱՎԱՆՔ) ՍՈՒՐԲ ՆՇԱՆ

Ուխտավորների փոքրիկ խումբը, հավատքով զորացած, շարժվեց դեպի Գետարգելի Ս. Նշան, որ 13-րդ դարի կառույց է: Այս վանքը մեծ նշանակություն ունի մեր ժողովրդի համար: Այստեղ է հոգեւոր ծնունդ ստացել Զաքարիա Ձագեցի Կաթողիկոսը, ով, ի դեպ, նախաձեռնեց Ձագավանքի հայտնի ժողովը:

Ձագավանքը ոչ միայն հոգեւոր-կրոնական, այլեւ ազգային կարեւոր կենտրոն է եղել, առավելապես 1293-ից հետո, երբ Կիլիկյան Հայաստանից, Սսից, Գրիգոր Անավարզեցի Կաթողիկոսի ջանքերով, այստեղ տեղափոխվեց Գետարգելի Ս. Նշանը՝ Խաչափայտի մասունքը, որով եւ մեծ հրաշքներ տեղի ունեցան 11-րդ դարում եւ որի պատճառով էլ աղոթատունը կոչվեց Ս. Նշան: Ուխտավորները երկյուղով համբուրեցին խնկաբույր քարերը եւ վառեցին իրենց հավատքի մոմերը:

Ս. ՊՈՂՈՍ ԵՎ Ս. ՊԵՏՐՈՍ

Ուխտավորները դարձյալ ճանապարհին են… Շարժվում են դեպի վերակառուցված 19-րդ դարի Ս. Պետրոս եւ Ս. Պողոս եկեղեցիներ: Այստեղ եւս նրանք աղոթք առաքեցին առ Աստված աշխարհի խաղաղության, Հայոց Եկեղեցու եւ երկրի շինության ու բարեկեցության համար:

ԿԱՊՏԱՎԱՆՔ ԿԱՄ Ս. ՄԻՆԱՍ

Ուխտավորների հաջորդ կանգառը Կապուտանի Ս. Մինաս եկեղեցին էր: Այն կառուցվել է 1348 թվականին: Կապտավանք անվանումը ծագել է վանքի քարերի գույնից (կապտագույն բազալտ): Վանքը գտնվում է բարձր բլրի վրա եւ կարծես հսկում է ամբողջ տարածքը: Ս. Մինաս վանքում ուխտավորները երգեցին շարակններ եւ աղոթք առաքեցին առ Աստված՝ հայցելով Սրբի բարեխոսությունը:

ՆՈՐ ԳՅՈՒՂԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Ուխտավորների վերջին կանգառը Նոր Գյուղի՝ 1850 թվակա-նին կառուցված, Սուրբ Աստվածածին եկեղեցին էր: Այստեղ նրանց դիմավորեց տեղի հոգեւոր հովիվ Տեր Աբգարը: Այցելուները Տեր Հոր հետ երգեցին շարականներ, ստացան նրա հայրական օրհնությունը: Իսկ երեկոյան, գոհ սրտով, բռնեցին տունդարձի ճամփան:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները