Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ այդ թշնամին կը նմանի ծառի մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 5 (281), մայիս 2023 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ

պրիլի 30-ին՝ Կարմիր կիրակիի ուրախ առիթով, Ս. Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ հավատացյալ ուխտավորներ, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, ուղեւորվեցին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղ, ուր գտնվում է Հովհանավանքը:

ՀՈՎՀԱՆԱՎԱՆՔ

Ուխտավորների առաջին հանգրվանը 554 թ. Ս. Հովհանավանքն էր: Այստեղ նրանք ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Արամ քհն. Ասատրյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրն ի մասնավորի նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ Կարմիր կիրակիին եկեղեցի է բերվում 17-րդ դարի Կարմիր Ավետարանը, որ պահվում է Կարապետյանների տանը: Այն 1915 թվականին Մուշից Կարապետյան գերդաստանի պապն է բերել իր հետ: Ավետարանը եղել է Մշո Սուրբ Կարապետ վանքում:

Սուրբ Պատարագի ընթացքում ներկա ուխտավորները հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Արյանը: Վերջում համբուրեցին Ավետարանը եւ, մաքրված ու զորացած, թողեցին աղոթատունը:

ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

Երկրորդ հանգրվանը Մուղնու 14-րդ դարի Ս. Գեւորգ եկեղեցին էր՝ բարձրարվեստ ճարտարապետական լուծումներով: Ներսի պատերը զարդարված են որմնանկարներով: Այստեղ ամփոփված է քաջ զորավարի աջը: Ուխտավորները ծնրադիր երգեցին «Տէր ողորմեա»-ն եւ աղոթք առաքեցին առ Բարձրյալը:

ԿԱՐԲԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ

Երրորդ սրբավայրը Կարբի գյուղի Ս. Աստվածածինն էր: Գողտրիկ եկեղեցին, իր պարզությամբ ու գեղեցկությամբ, մեզ է հասել 14-15-րդ դարերից: Վերանորոգվել է 1999-ին եւ վերաօծվել Գարեգին Ա Կաթողիկոսի ձեռամբ:

Եկեղեցու կամարների տակ ուխտավորների շուրթերից հնչեցին շարականներ ու աղոթքներ, վառվեցին հավատքի մոմեր:

ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Չորրորդ հանգրվանը 7-8-րդ դարերի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ խոնարհված եկեղեցին էր: Ժամանակին այն ակտիվ գործունեություն է ծավալել, կատարվել են Ս. Մկրտության, Ս. Պսակադրության խորհուրդներ:

Տարիներն անցնում են, իսկ եկեղեցին ավելի ու ավելի է խոնարհվում, ինչը շատ մեծ ցավ է պատճառում: Ամեն օրն իր հետ մի քար է գլորում, եւ եկեղեցու վերանալու հավանականությունը մեծանում է: Այստեղ ուխտավորների վառած մոմերից ու ծխեց-րած խնկից, կարծես, վերածնվեց եկեղեցին, նորից հարություն առավ եւ մեր շշնջացած աղոթքները տարավ դեպի վեր, դեպի Ամենաբարձրյալ Աստված:

ՄԱՍՏԱՐԱՅԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ

Հաջորդ կանգառը Մաստարայի 5-րդ դարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին էր: Հայ ճարտարապետության գլուխգործոցը, տվյալ ժամանակաշրջանի հայկական եկեղեցիների շարքում, մտահղացվել, նախագծվել ու կառուցվել է՝ նկատի առնվելով լուսավորության խորհրդավորությունն ու որմնանկարների հիասքանչ պատկերագրութունը՝ որպես արվեստի կատարյալ պատկերի ամբողջական ու նախնական մտահղացմամբ կերտված գանձ: Ուխտավորները երկյուղով համբուրեցին խնկաբույր քարերը, խնդրեցին Տիրոջը, որ բոլորի սրտերը լցնի համբերությամբ ու առաքինությամբ:

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Վերջին կանգառը Սառնաղբյուրի եկեղեցիներն էին: Գյուղի ծայրամասում է գտնվում Ս. Գրիգոր Լուսավորիչ ուխտատեղին, որ բնական մի մեծ քարայր է, եւ որտեղից բխում են հորդառատ, սառնորակ աղբյուրներ՝ հայտնի իրենց բուժիչ զորությամբ: Ըստ տեղաբնակների՝ այստեղ ճգնել է Ս. Գրիգոր Լուսավորիչը: Քարայր-ուխտատեղիի շուրջ տարածվում է 10-19-րդ դարերի գերեզմանատունը: Այստեղ եւս ուխտավորներն աղոթք առաքեցին առ Տերը, վառեցին իրենց հավատքի մոմերը, խնկարկեցին:

Շարունակելով ճանապարհը, ուխտավորները եղան նաեւ 19-րդ դարի Ս. Թադեոս եկեղեցում, որ գտնվում է գյուղի կենտրոնում: Եկեղեցին բազիլիկատիպ երկարավուն, քառանկյունի հատակագիծ ունի: Ուխտավորները Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս Առաքյալներին խնդրեցին, որպեսզի բարեխոսեն Ամենաբարձրյալին՝ հայոց աշխարհի խաղաղության, Եկեղեցու անսասանության, իրենց օջախների հաջողության համար:

Մյուս ուխտատեղին 5-րդ դարի խոնարհված Ս. Հակոբ եկեղեցին էր, որը վերանորոգել են 17-19-րդ դարերում՝ պահպանելով նախնական միանավ հորինվածքը, վաղ միջնադարին բնորոշ զարդաքանդակներով որմնասյունը: Աղոթատան բակում շատ խաչքարեր կան: Այստեղ եւս ուխտավորները վառեցին իրենց հավատքի մոմերը, միասնական աղոթք առաքեցին առ Աստված եւ նորոգ հոգիներով երեկոյան վերադարձան Գյումրի:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները