Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ այդ թշնամին կը նմանի ծառի մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 5 (281), մայիս 2023 թ.  


 

       

«ՎԵՐ, ՀԱ ՎԵՐ-ՎԵՐ, ՎԵՐԻԿ Է, ՎԵՐՆ ՕՐ ՀԱՎՆԻՍ՝ ԷՆԻԿ Է...»
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆՆ ԱԶԱՏԱՆԻ «Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

այիսի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը:

Հարությունից հետո՝ քառասուն օր շարունակ, Հիսուս Քրիստոս երեւաց աշակերտներին՝ նրանց հաստատելով իրենց առաքելության մեջ: «Գործք Առաքելոց»-ում նշվում է. «Իր չարչարանքներին հաջորդող քառասուն օրերի ընթացքում նա քանիցս երեւաց նրանց՝ շատ կերպերով ցույց տալով, թե ինքն այլեւս ողջ է, եւ խոսեց Աստծու արքայության մասին» (Գործք Ա 3): Այնուհետեւ քառասուներորդ օրը, աշակերտներին օրհնելով, բարձրացավ երկինք:

Համբարձումից առաջ Հիսուս մոտեցավ աշակերտներին, խոսեց նրանց հետ, ապա ասաց. «Ամեն իշխանություն տրվեց ինձ երկնքում եւ երկրի վրա: Ինչպես Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում: Գնացե՛ք, ուրեմն, եւ բոլոր ժողովուրդներին իմ աշակերտները դարձրե՛ք: Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե՛ք նրանց այն բոլոր պատվիրանները, որ տվեցի ձեզ: Եվ ահա ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 18-20): Երբ այս խոսքերն ասաց, հրեշտակների գնդերը Նրա փառքի առջեւ խոնարհվեցին, եւ Նա համբարձվեց երկինք:

Քրիստոսի համբարձումը չէր նշանակում Աստծո եւ մարդու հարաբերությունների խզում, քանի որ, ինչպես ինքն է ասել, «եթե Ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտե (Հովհ. ԺԶ 7):

Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաեւ «վիճակ», «Ջանգյուլում» եւ «Կաթնապրի տոն» անուններով:

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս. Էջմիածնում վերահաստատելու պատմական օրը: Հանգամանքների թելադրանքով՝ 484 թ. ի վեր, Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած, Հայրապետական Աթոռը 1441 թվականին, Համբարձման տոնին, Վաղարշապատում գումարված ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ, վերահաստատվեց աստվածահաստատ Ս. Էջմիածնում, ուր իջել էր Հիսուս Քրիստոս, եւ որտեղից դարեր շարունակ հայ ժողովրդին եւ Հայ Եկեղեցուն բաշխվում է այն փառքի լույսը, որ Քրիստոս հանձնել է հայոց երկրին:

Եթե Զատկի տոնին առանձնանանում, զատվում են բնության գույները, ավարտվում ցանքի աշխատանքները, ապա Համբարձմանն ակնկալվում է ցանված բերքի աճն ու փթթումը: Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտեր եւ երգ-պարով, ուրախությամբ սիրաշահում մայր բնությանը՝ խնդրելով Համբարձյալ Տիրոջ օրհնությունը:

Ազատանի «Ս. Հարություն» կրթական կենտրոնի սաները՝ մեծից փոքր, Համբարձման տոնին միշտ մեծ ոգեւորությամբ են սպասում եւ տոնում: Չորեքշաբթի օրը՝ երեկոյան ժամերգությունից հետո, արժանապատիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանի առաջնորդությամբ, երեխաները բարձրացան սար՝ ծաղկահավաքի, որի ընթացքում աղջիկ-տղա Համբարձման երգեր էին երգում:

Հավաքված ծաղիկների մի մասից փոքրիկ ծաղկեփնջեր պատրաստեցին, իսկ մյուս մասը պահեցին վիճակի համար:

Հինգշաբթի առավոտյան Ազատանի Ս. Հարություն-Ս. Ստեփանոս եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, ինչպես նաեւ կատարվեց Հայրապետական մաղթանք:

Իսկ երեկոյան՝ ժամերգությունից հետո, եկեղեցու բակում ազգային երգ ու պարով, թափառիկ մանիներով եւ, իհարկե, տոնի խորհրդանիշ «վիճակ»-ով նշվեց Համբարձման տոնը:

Համբարձման տոնը մեծ ոգեւորությամբ նշվեց նաեւ Ղարիբջանյան եւ Ախուրիկ գյուղերի կիրակնօրյա դպրոցներում:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները