Ունինք Յիսուսի կոչը. «Արդ եղերուք դուք կատարեալք, որպէս եւ Հայրն ձեր երկնաւոր կատարեալ է»։
Բայց յաճախ կը թերանանք եւ կը շեղինք կատարելութեան ճամբայէն։
 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 2 (278), փետրվար 2023 թ.  


 

       

ՔԱՀԱՆԱՅԻՑ ՀԱՎԱՔ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

ետրվարի 17-ին՝ Սրբոց Ղեւոնդյանց եւ Վարդանանց տոների առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայից հավաք, որին իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի տարբեր թեմերից 231 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ եւ Մայր Աթոռի միաբաններ:

Այդ կապակցությամբ Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին), Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Կոտայքի թեմի Չարենցավան քաղաքի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Համազասպ քահանա Հագեյանը:

Իր քարոզում պատարագիչ Տեր Հայրն ի մասնավորի նշեց. «Վարդանանց եւ Ղեւոնդյանց խորհուրդը նման է ճառագայթի, որ սկզբնավորվել է եւ չի ավարտվում, շարունակվում է մինչեւ մեր օրերը»:

Տեր Համազասպը փաստեց նաեւ, որ այսօր էլ Հայ Առաքելական Ս. Եկեղեցին շարունակում է հավատարիմ մնալ Ղեւոնդյանց պատգամին, որի վառ վկայությունն է Արցախյան վերջին պատերազմին հոգեւորականների մասնակցությունը:

Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը մեկտեղվեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների սրահում, ուր կատարվեց պարգեւաբաշխություն:

Նախ ներկաներին ողջունեց Շիրակի թեմի Առաջնորդ եւ քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ եւ արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն եւ լանջախաչ կրելու իրավունք:

Ավագ քահանայության պատվի արժանացավ Կոտայքի թեմից Տ. Հովսեփ քհն. Ալեքսանյանը: Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Արագածոտնի թեմից Տ. Փառեն քհն. Առաքելյանին եւ Տ. Վրթանես քհն. Բաղալյանին:

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Գուգարաց թեմից Տ. Արտավազդ քհն. Սիմոնայնը, Գեղարքունիքի թեմից Տ. Դանիել քհն. Մկրտչյանը եւ Տ. Հարություն քհն. Հունանյանը, Շիրակի թեմից Տ. Գարեգին քհն. Սարգսյանը, Արցախի թեմից Տ. Սեպուհ քհն. Հակոբյանը, Տ. Հուսիկ քհն. Դոխոլյանը եւ Տ.Հովնան քհն. Հովհաննիսյանը, ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդությունից Տ. Տրդատ քհն. Գեւորգյանը, Արագածոտնի թեմից Տ. Մաղաքիա քհն. Գեւորգյանը, Վայոց Ձորից Տ. Ներսես քհն. Աշուղբաբյանը եւ Տ. Արամ քհն. Կարապետյանը, Սյունյաց թեմից Տ. Տիգրան քհն. Հակոբյանը, Ուկրաինայի թեմից Տ. Մամբրե քհն. Հմայակյանը եւ Տ. Արտաշես քհն. Հակոբյանը:

Շնորհաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հոգեւորականաց դասին եւ շնորհավորելով վերջիններիս Սրբոց Ղեւոնդյանց եւ Վարդանանց տոների առիթով, նշեց. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվող ամենամյա այս հավաքներն առիթ են դարերի խորքից մեզ փոխանցված պատգամների վերարծարծման եւ, տիրավանդ մեր առաքելության մեջ, Սրբոց Ղեւոնդյանց եւ Վարդանանց ոգով ու հայրենասիրությամբ զորանալու համար»:

«Ազգային մեր ինքնության, մեր հավատի ու հոգեւոր արժեքների պահպանության, մեր պետականության, Արցախի մեր քույրերի եւ եղբայրների ազատ կյանքի իրավունքի պաշտպանության պայքարը մեր ժողովրդի համար դարձել է չընդհատվող, չավարտվող իրականություն: Հայաստանի եւ Արցախի շուրջ մտահոգիչ զարգացումները, ազգային եւ հայրենական կյանքում հառնած խնդիրները, արտաքին մարտահրավերներն այսօր էլ ազգն ու հայրենիքը կանգնեցրել են անվտանգային, գոյաբանական լուրջ խնդիրների առջեւ, ինչպիսին Սրբոց Վարդանանց ժամանակներում»,–արձանագրեց Վեհափառ Հայրապետը՝ նկատելով, որ ստեղծված դժվարին իրավիճակը հայ ժողովուրդը կարող է հաղթահարել իր հավատքի զորությամբ, ամուր կամքով, միասնական ջանքերով եւ մշտապես առ Աստված ապավինությամբ:

Հայոց Հովվապետը, կարեւորելով, առկա մարտահրավերների պայմաններում, հոգեւոր դասի, տերունապատվեր առաքելության մեջ, ջանքերի ու ծառայության առավել արդյունավորումը հատկապես կրթական-քարոզչական ոլորտում, ընդգծեց. «Մեծապես կարեւոր է մարդկանց սրտերում հոգեւոր-բարոյական արժեքների սերմանումը, ազգային ոգու եւ հայրենասիրության զորացումը, քանզի ամենքիս մտահոգող արատավոր երեւույթներ եւ շատ հարցեր հիմնականում հետեւանք են, արժեքային դաշտում արձանագրված, նահանջի, ավանդական ընկալումների տկարացման: Կրթական տարբեր ծրագրերով, նաեւ արդի տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններով պետք է զորացնենք քարոզչությունը՝ ամրապնդելու հավատքը, հույսն ու սերը մեր ժողովրդի՝ Աստվածաշնչի ուսուցմամբ եւ մեր Սուրբ Եկեղեցու ամբողջական ճանաչողությամբ»:

44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակում Նորին Սրբությունը կարեւորեց հովվական խնամքը հոգեւոր եւ հոգեբանական զորակցության կարիք ունեցող առանձին խմբերի նկատմամբ:

«Մասնավոր ուշադրություն հարկ է դարձնել զոհվածների, վիրավորների, գերեվարվածների եւ անհայտ կորածների ընտանիքներին, ինչպես նաեւ տեղահանված կամ, Լաչինի փակ միջանցքի պայմաններում, բաժանված արցախցի ընտանիքներին: Առաջնային մեր պարտավորություններից է նաեւ մանուկներին ու երիտասարդներին մեր Եկեղեցու հետ կապելը՝ Ավետարանի լույսով եւ մեր Սուրբ Եկեղեցու օրհնությամբ պաշտպանելու նրանց մերօրյա աշխարհի բազում մոլորություններից ու գայթակղություններից»,–ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

Գոհունակությամբ անդրադառնալով, աշխարհասփյուռ եկեղեցական կառույցների ու բարերար նվիրյալ հայորդիների աջակցությամբ, վերջին տարիներին առավել ընդլայնված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ հայաստանյան թեմերի սոցիալական աշխատանքներին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդներին ու հովիվներին՝ կարեւոր այդ առաքելության մեջ դրսեւորած նախանձախնդրության համար:

Բարձրորեն գնահատելով քահանա հայրերի նախանձախնդիր ու նվիրյալ ծառայությունը՝ Հայոց Հովվապետը հորդորեց. «Քրիստոսով զորացյալ քաջ, անվեհեր ու համարձակ եղեք ձեր հոգեւոր սպասավորության մեջ՝ ճշմարտության ճանապարհով առաջնորդելու մեր ժողովրդին՝ ի խնդիր հայրենական ու ազգային մեր կյանքը խաթարող թյուր ընթացքների եւ երեւույթների հաղթահարման: Ազգանվեր ու եկեղեցանվեր ծառայությամբ եւ մշտարթուն հովվի աննկուն ոգով, իբրեւ մերօրյա Ղեւոնդ երեցներ, շարունակեք ջանքեր ներդնել հանուն Հայոց Եկեղեցու պայծառության եւ մեր ժողովրդի հոգեւոր կյանքի բարօրության»:

Ապա Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորեց պարգեւների ու պատիվների արժանացած եկեղեցականներին՝ մաղթելով արդյունավետ ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ իրենց տերունապատվեր առաքելության մեջ:

Նորին Սուրբ Օծությունը նաեւ ծանուցեց, որ, տարիների վաստակաշատ նվիրյալ ծառայության բարձր գնահատանքով, արքության պատվի են արժանանում Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տավուշի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Բարգրատ եպիսկոպոս Գալստանյանը եւ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Վերջում իր գնահատանքը բերելով Հայ Եկեղեցու ողջ հոգեւոր դասին՝ Նորին Սրբությունը հայցեց, որ Բազումողորմ Տերը խաղաղության ու ապահովության մեջ պահի Հայաստանն ու Արցախը, շեն ու բարօր՝ հանուր հայության կյանքը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները