«ԹԱԳԱՒՈՐԻՆ
ԵՐԿՆԱՒՈՐԻ ՍՈՒՐԲ
ԶՕՐԱՊԵՏ ԵՒ ՄԵՆԱՄԱՐՏԻԿ»
ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ
«Արեգակն արդարութեան մեծ
կարապետ, պայծառ արուսեակ, ցոլացեալ յարեւմտից
ի յելս արեւու, երագահաս սուրբդ Սարգիս, անշէջ ճառագայթ,
բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց»:
ՇԱՐԱԿՆՈՑ
ին
Օրենքի վերջին եւ Նորի առաջին Սրբից՝ Հովհաննես Մկրտչից հետո, իր
առավել ժողովրդականության եւ մեծության շնորհիվ, ոգեկոչվում է Սուրբ
Սարգսի հիշատակը, ով ընկալվել է իբրեւ սիրահարների պահապան ու բարեխոս
Սուրբ, նրանց համար սիրո ճանապարհ հարթող, քաջության եւ անձնազոհության
օրինակ, նեղյալների ապավեն ու վշտացյալների մխիթարող, հողմերն ու
քամիները սաստող, ով օգնում է բոլոր նրանց, ովքեր աղոթքով եւ աներեր
հավատքով դիմում են նրա բարեխոսությանը:
Սուրբ
Սարգիսն իր վաղեմի կերպարով գալիս է կրկին հաստատելու հավատքի համար
նահատակվելու եւ սրբանալու պայծառ կերպը: Նա հուշում է, որ հավատքի
համար չեն նահատակվում, այլ լույս են դառնում ու դարերով ճառագում:
Նրա, կյանք եւ սեր պարգեւող, կերպարը մեզ ոչ միայն տարվա մեջ մեկ,
այլ բոլոր օրերին է անհրաժեշտ, որովհետեւ Գամիրիքում ծնված այդ համեստ
զինվորականը, իր քաջագործություններով, առաքինի վարքով, պատվաբեր
անվամբ ու զինավառ քայլերով, համոզում է առատ ձեռքով այցելել եւ
բարի աչքով նայել աղքատներին, բաշխել գթառատություն եւ կիսել հացը,
ինչպես ինքն էր կիսում, փորձել լինել ամենակարող ու ամենահաս, կանգնել
սահմանները հսկող հայ զինվորի կողքին՝ աղոթքով ու քաջալերանքով:
Սուրբ Սարգիսը մեր պատմության հոլովույթում ընկալվել է իբրեւ սիրահարների
պահապան ու բարեխոս Սուրբ, նրանց համար սիրո ճանապարհ հարթող: Նրա
ձիու սմբակի հաստատուն ձայնն ու հետքը լսում եւ տեսնում են արժանավորներն
ու հատկապես սիրահար զույգերը, ովքեր հավատում են Աստծո ամենազորությանը
եւ իրենց խնդրանքերով դիմում Ս. Սարգսի բարեխոսությանը: Անշուշտ,
այս ամենով հանդերձ, Ս. Սարգիսը մեզ համար նախ եւ առաջ կերպավորվում
է որպես քրիստոնյայի ճշմարիտ կատարելատիպ, ներշնչանքի իրական աղբյուր:
ՏՈՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Համաժողովրդական սիրո արժանացած Ս. Սարգսի անվան շուրջ հայ ժողովուրդը
հյուսել է բազմաթիվ ավանդույթներ ու զրույցներ, որոնք ոչ մի աղերս
չունեն նրա բուն վարքի հետ: Ահա մեծ զորավարին վերաբերող հրաշապատում
- զրույցներից առավել տարածվածները:
Ասում են, թե իբր Ս. Սարգիսը կռվում է ջրարգել վիշապի հետ, նիզակով
սպանում եւ երախից ազատում նրան ի կեր մատուցված երկու որբերի՝ քույր
ու եղբորը:
Ըստ «Յայսմավուրք»-ի՝ 5-րդ դարում լուսահոգի Ս. Մեսրոպ Մաշտոցը Պարսկաստանի
Դաղման (այժմ՝ Նամիա) քաղաքից Ուշի է տեղափոխել ու ամփոփել Սարգիս
զորավարի նշխարները, որոնց վրա կառուցվել է եկեղեցի:
ՆԱԽԱՏՈՆԱԿ
Փետրվարի
3-ին, առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում, տոնի ուրախ առիթով,
հավաքվել էին մեծաթիվ երիտասարդներ՝ ներկա գտնվելու երեկոյան ժամերգությանը:
Հավարտ ժամերգության Տ. Հակոբ քհն. Գրիգորյանն օրհնեց բոլոր ներկաներին՝
ի մասնավորի շեշտելով, որ ոչ միայն այս առիթով, այլեւ մշտապես է
պետք սեփական հոգին, սիրտը բաց պահել Ս. Ավետարանի պատվիրանների
ու պատգամների առջեւ…
Բնականաբար այստեղ էականն աղոթքն է առ Աստված՝ մանավանդ Ս. Սարգսի
բարեխոսությամբ: Արժանապատիվ Տեր Հայրն իր հայրական օրհնությունը
հղեց ողջ երիտասարդությանը՝ բարեմաղթելով իղձերի իրականացում, արեւշատություն,
քաջառողջ օրեր եւ բյուր-բյուր շնորհներ:
Վերջում՝ հենց Ս. Յոթվերք եկեղեցու բակում, ավանդական երգ ու պարով
հանդես եկավ «Հրայրք» պարի համույթը (պարուսույց՝ Դավիթ Հարոյան):
ԽԱՉԵՐԹ ԴԵՊԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈՒՌ
ԵՎ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Փետրվարի 4-ին Սուրբ Սարգիս մատուռում, հավարտ առավոտյա ժամերգության,
մատուցվեց Ս. Պատարագ: Մինչ այդ, հանդիսապետությամբ Տ. Հակոբ քհն.
Գրիգորյանի, մի խումբ երիտասարդներ, Ս. Յոթվերք եկեղեցուց, խաչերթով
ուղղվեցին դեպի Ս. Սարգիս մատուռ: Երթի մասնակիցների առջեւից տարվում
էր խաչվառը:
Հասնելով մատուռ՝ նրանք միացան բարեպաշտ հավատացյալներին եւ ներկա
գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր
Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր
մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգենորոգ քարոզ խոսեց պատարագիչ Տեր
Հայրը՝ մեկնելով տոնի խորհուրդը:
Սուրբ Պատարագի ընթացքում ներկա հավատացյալները հաղորդվեցին մեր
Տիրոջ Սուրբ Մարմնին ու Արյանը:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
Սուրբ Սարգսի տոնը նվիրական է նաեւ երիտասարդների համար, քանզի տարիներ
առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց
Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ եւ օրհնությամբ, այն հռչակվել է
երիտասարդների օրհնության օր: Այդ առիթով, հավարտ Սուրբ եւ անմահ
Պատարագի, պատարագիչ Տեր Հայրն իր բարեմաղթանքն ու օրհնությունը
հղեց ներկա երիտասարդներին, ինչպես նաեւ ուխտավորներին:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|