Քրիստոսով թող բացվեն դռները
Նոր Տարվա: Քրիստոսով ու հայրենիքի սիրով միացած զավակները մեր ազգի թող
կերտեն ազատ ճանապարհն
իրենց նոր կյանքի:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 1 (277), հունվար 2023 թ.  


 

       

«ԵՒ ԾԱՆԻՋԻՔ ԶՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆ ԵՒ
ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆ ԱԶԱՏԵՍՑԷ ԶՁԵԶ»
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Մարդու կյանքում եւ աշխարհի պատմության մեջ Հիսուս եղավ եւ երկու հազար
տարիներից ի վեր մնաց առաքյալը սիրո ու խաղաղության,
մնաց «Ճանապարհը, Ճշմարտությունը եւ Կյանքը բոլոր հուսացյալ հոգիների»:
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

«ԾՆԱՒ ՆՈՐ ԱՐՔԱՅ Ի ԲԵԹՂԵՀԷՄ ՔԱՂԱՔԻ»

ստվածային արարչագործությունն ինքնին հրաշափառ իրողություն է: Անշուշտ, առավել հրաշալի ու սքանչելի ճշմարտություն է Արարիչ Բանն Աստծո ծնունդը, որով անեզր Աստված, սահմանափակվելով, հայտնվեց կենդանիների մսուրում՝ ծնվելով Սուրբ Կույսից, նյութական, շոշափելի մարմին առնելով: Բեթղեհեմի խավարացիր արշալույսով, աշխարհի տագնապներից, խարդավանքներից ու անօրինություններից վեր, հույսը շողաց, եւ երկնահեղ սիրով մարդկանց հոգիները նորոգվեցին՝ «յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն» հրավերով:

Մարդկային մտքին անհասանելի է մնում, թե ինչպե՞ս Աստծո Միածին Որդին՝ Արարչի Փառքի Լույսը, արարած եղավ, Տերը ծառայի կերպարանք ստացավ: Աստծո այս մեծ հրաշքի ինչպես լինելը չգիտենք եւ չենք կարողանում բացատրել, սակայն գիտենք այդ հրաշքի պատճառը. «Զի վասն մեր մարմնացաւ»: Իրավամբ, այս մի քանի բառերը բացատրում են Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության Բարձրյալի նախախնամական տնօրինությունը: Այս տոնով Աստված կրկին անգամ է այցելում յուրաքանչյուրին եւ հատկապես հավատցյալին, որ հոգով վերածնվում է Հայոց Եկեղեցու Ս. Ավազանից եւ օծվում Սրբալույս Մյուռոնով: Նա, սեփական կյանքի օրինակով եւ զոհողությամբ, սիրո ճառագայթում է թե՛ Իր նմանակի եւ թե՛ Իր Արարչի հանդեպ: Դեպ Նորածին Հիսուս տանող մեր կյանքի ճանապարհը փորձենք անցնել այնպես, որ արժանի լինենք Աստծո որդեգիրը լինելու. «Ինձ ցույց տուր այն ճանապարհը, որով պիտի գնամ, որովհետեւ դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը» (Սղմ. 143. 8):

«ՈՉ ՄԵԿՆԵԼՈՎ Ի ՀՕՐԷ, Ի ՍՈՒՐԲ ԱՅՐԻՆ ԲԱԶՄԵՑԱՒ…»

Հունվարի 5-ին՝ հավարտ երեկոյան ժամերգության, սարկավագներն ընթերցեցին Դանիել մարգարեի թղթերը, որ, որպես կանխասաց, վկայեց ու ավետեց մեզ գալիքը: Նախնյաց ավանդույթի համաձայն՝ խորհրդին հատուկ արարողակարգով, վառվեցին հայոց եկեղեցիների ջահերն ու կանթեղները՝ խորհրդանշելով մոգերին առաջնորդող աստղը: «Որպես մեծ աստղդ, որ գիսաւոր կոչի, յորժամ երեւին որ իմն նշանակէ, առաւել եւս հրաշափառագոյն աստղ երեւեցաւ ի ծնանել Փրկչին կամ հրեշտակ իսկ երեւեալ ի նմանութիւն աստեղ» (Ստեփանոս Սյունեցի):

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագին մեծաթիվ հավատավոր գյումրեցիներ էին հավաքվել Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում՝ ներկա գտնվելու մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

«ՔՐԻՍՏՈՍ ԾՆՎԵՑ, ՓԱՌԱՎՈՐԵՆՔ…»

Հունվարի 6-ին Հայոց աշխարհում, եկեղեցիների զանգերի ղողանջների հետ միաձույլ, ասես Աստված Ինքն էր իջնում ձեռակերտ տաճարներ՝ սեր, խաղաղություն եւ հաճություն բերելով ամենքին: Աստվածահայտնության Սուրբ եւ անմահ Պատարագին ներկա էին մեծաթիվ հավատացյալներ: Ս. Յոթվերք մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

Սրբազան արարողակարգի ընացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Ծննդյան պատգամը, որով կրկին հիշատակվում էր Բեթղեհեմյան անմար աստղից ճառագող սերը, ինչը հավատացյալ հայորդուն կոչում է ինքնաճանաչման:

«ԱՅՍՕՐ ՄԵԶ ՀԱՍԱՎ ՏՈՆԻ ԼՈՒՅՍԸ»

Հայ Առաքելական Ս. Եկեղեցու կանոնակարգի համաձայն՝ Ս. Ծննդյան Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնյաց կարգ, ինչը խորհրդանշում է Քրիստոսի մկրտությունը: Հոգեւորականները ժողովրդի անունից Տիրոջից խնդրում են, որ Նա օրհնի ու սրբի ջուրը՝ դարձնելով օգտակար տների շինության, հիվանդների բժշկության, մարդկանց մաքրության, հոգիների փրկության համար, ապա ջրի մեջ իջեցնի Սուրբ Հոգու բժշկության եւ չար զորությունների դեմ հաղթության շնորհները: Այս աղոթքից հետո հոգեւորականը խաչն իջեցնում է ջուրը: Այնուհետեւ ջուրն օրհնվում է Ս. Խաչի նշանով: Ս. Ավետարանով եւ սրբալույս Մյուռոնով, հանուն Սուրբ Երրորդության, օրհնված ջուրը բաժանվում է ժողովրդին:

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ թեմակալ Առաջնորդի, հանդիսավոր թափորն ուղղվեց դեպի Վարդանանց հրապարակ: Կենաց ծառը խորհրդանշող Ամանորի տոնածառի հարեւանությամբ բարձրացված բեմահարթակի վրա կատարվեց Ջրօրհնեքի արարողություն, որ խորհրդանշում է մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մկրտությունը Հորդանանում: Սրբազան Հայրը, խաչն իջեցնելով ջրի մեջ, Աստծուց հայցեց, որ ինչպես Ս. Հոգին իջավ Տիրոջ վրա, այժմ նույնպես իջնի, օրհնի ու սրբացնի ջուրը: Ապա, «Պահպանիչ» աղոթքի ուղեկցությամբ, խաչը հանձնեց Արմեն Տոնոյանին, որ արժանացել էր տարվա ջրօրհնեքի խաչի կնքահայրը լինելու պատվին: Արարողությունից հետո, ինչպես ընդունված է, հավատացյալներն օրհնված ջուրը տուն տարան, որպեսզի ընտանիքի անդամներին եւս հաղորդակից դարձնեն օրվա խորհրդին:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան հաջորդ օրը, Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հակոբ, Ս. Ամենափրկիչ եկեղեցիներում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Ս. Աստվածածին եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Մեռելոցը նախ երախտագիտության ու հարգանքի արարողություն է ողջերի կողմից մեռյալների հանդեպ, որպեսզի նրանք չմոռացվեն, ապա նրանց վերստին նորոգման, հարության հույս է պարգեւում: Հավարտ սրբազան արարողության կատարվեց հոգեհանգիստ՝ վասն համորեն ննջեցելոց:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները