Չենք կրնար Լոյս-Աստծուն հետ հաղորդ ըլլալ՝ առանց այդ հաղորդութիւնը արտայայտելու մեր նմաններուն հետ խաղաղութեան, հաճութեան, եղբայրութեան, միութեան քրիստոսաբեր սկզբունքներուն կիրարկութեամբը...
 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 12 (276), դեկտեմբեր 2022 թ.  


 

       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ

իրելի՛ հավատացյալ շիրակցիներ,

Փորձություններով ու խոչընդոտներով լի այս տարին եւս շուտով պատմություն կդառնա, եւ մեզանից յուրաքանչյուրի հիշողության մեջ կմնա որպես դառնություններով եւ մի բուռ ժողովրդի հանդեպ համայն մարդկության անտարբերության ու ոչ բարյացակամ վերաբերմունքի տարի:

Կճանապարհենք հայ ժողովրդի համար փորձաշատ այս տարին եւս եւ կփորձենք բարի ու հուսառատ սպասումներով դիմավորել փրկչական 2023 թվականը:

Տարեմուտն ազդարարող ղողանջներին կհետեւի Աստվածորդու Սուրբ Ծննդյան ավետիսը եւ յուրաքանչյուրիս հարկից ներս կհնչի հրեշտակների «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» օրհներգությունը: Ամանորը յուրաքանչյուրի համար սկիզբ է հույսի` նորն արարելու, նվիրական իղձերն ու ձգտումներն ի կատար ածելու, նաեւ կյանքի ընթացքն ի բարին փոխելու:

2022 թվականը մեր ժողովրդի համար, բացի փորձություններից, լավագույնի հանդեպ սպասումների ու հույսերի տարի էր: Մենք ոչ միայն տեսանք մեր զավակների հայրենասիրության, աննկուն կամքի, մարտական ու բարոյական ոգու դրսեւորումները, այլեւ զգացինք կորստյան, դառը կսկծի, հերոսացած ու անհետ կորած մեր զավակների ու նրանց ծնողների ծանր ապրումների ցավը: Որդեկորույս մորը, բացի Ամենակարող Աստծուց, ոչ ոք եւ ոչինչ չեն կարող սփոփել:

Ուզում ենք հուսալ, որ գալիք տարին Հայաստան եւ Արցախ աշխարհներին նոր հնարավորություններ կընձեռի՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու, առանց կորուստների ապրելու եւ գերյալ զավակներին վերադարձնելու համար:

Մեր հինավուրց երկիրն իրավամբ կարող է դառնալ լուսավոր ու հուսաշող երկիր՝ ամենքիս ջանքերի, միակամության, փորձությունները մի մարդու պես դիմակայելու շնորհիվ, ինչը մեզ հեշտ չի տրվելու՝ առանց քրիստոնեական հավատի, առանց Ամենակարող Աստծո օգնության ու հովանու: Թերեւս սրանք են այսօր հայ ժողովրդի հաջողության հասնելու բանալիները:

Մենք պարտավոր ենք նաեւ հոգ տանել մեր մշակույթի, կրթության, հոգեւոր ու ընտանեկան արժեքների մասին՝ հենվելով Հայոց Սուրբ Եկեղեցու եւ Սուրբ Հայրերի՝ մեզ կտակած ժառանգության վրա:

Սիրելինե՛ր, մեկ անգամ եւս կամենում եմ հիշեցնել, որ մշտապես բոլորիդ կողքին եմ: Թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրի հարկից ներս մտնեն սերը, հավատն ու հույսը, թող բացվեն հաջողության դռները, Տիրոջ կամքով ամոքվեն վշտացյալ սրտերը՝ նորածնունդ մանկան ճիչով, անառիկ մնա մեր տառապյալ հայրենիքը, ամեն զինվոր տուն դառնա ծաղկեփնջով, եւ թող յուրաքանչյուր հայաստանցի զգա ու ապրի իրական երջանկությունը:

Թող, Բազումողորմ Աստծո կամքով, Հայաստան աշխարհն ու Արցախը հասնեն բաղձալի խաղաղության, որին եւ կհետեւեն հաջողությունն ու բարեկեցությունը: Նորոգ տարում նաեւ թող հաղթահարվեն ներքաղաքական բոլոր տարաձայնությունները, բարելավվի համայն հայության կյանքը: Սուրբ Ծննդյան հրեշտակաբարբառ ավետիսին սպասող մեր ժողովրդի համար փրկչական 2023-ը թող դառնա բարգավաճ կյանքի արարման, ազգային իղձերի իրագործման, առ հայրենիքն ու Հայոց Եկեղեցին անմնացորդ սիրո, հավատքի զորացման տարի:

Հին տարվան հրաժեշտ տալուց առաջ մեր աղոթքն առաքենք առ Ամենատես Աստված եւ հայցենք կարոտյալներին աջակցություն, վշտացյալներին՝ մխիթարություն, հիվանդներին՝ ապաքինում, գերյալներին՝ բարի վերադարձ: Բավ են արցունք ու տառապանք: Ժամանակն է բռունցքվելու, հզորանալու՝ հանուն նոր հաջողությունների, նոր ձեռքբերումների ու նոր հաղթանակների: Ամանորը թող մեր հոգին լցնի լավատեսությամբ, մեր հույսերն ու տեսիլքներն իրագործելու աննահանջ հավատով:

Բարեպաշտ իմ ժողովուրդ, ես կամենում եմ խոսքս շարունակել հայ հանճարեղ բանաստեղծ Պարույր Սեւակի 1963 թ. դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի առիթով գրած, հրաշալի ուղերձով, որը նույնքան արդիական է եւ համահունչ յուրաքանրյուրիս սրտին ու հոգուն.

«Սիրելի՛ ազգակիցներ, երկրագնդի բոլոր միջօրեականներն ու հորիզոնականներն անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավոր հարազատներ, գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը, գալիս է եւ մե՛զ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք: Ուրեմն՝ թող նա գա նախ եւ առաջ իբրեւ մեջքապնդող գոտի բոլորիդ համար՝ աշխարհագրական որ գոտիներում էլ լինեք:

Եթե համբերությունը թել է, մերը պիտի պարան կոչվի եւ հյուսված լինի ոչ թե թելերից, այլ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նյարդերից:

Թող Նոր տարին նորոգի ձեր ջղերը, ամրապնդի ձեր մկանները, երիտասարդացնի ձեր նյարդերը: Աչքերը տեսնելու համար են եւ ոչ թե միայն ճանապարհ պահելու: Բոլորիս աչքերն էլ ճանապարհ են պահում. մենք՝ ձեր ճանապարհը, դուք՝ մեր ու ձեր հայրենիքի:

Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, ե՛ւ ճանապարհները կրճատվեն, ե՛ւ սպասելիքները մոտենան:

Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ: Մեր տվածի գեթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչվածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի:

Թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս: Թող հայ մանուկներ շատ ծնվեն Նոր տարում. կնունքը՝ որտեղ կուզի, բայց նրանց հարսանյաց հանդեսը կատարվի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը եւ փշաքաղվում է մեր մաշկը...»:

Սիրելինե՛ր, թող Հայր Աստծո սերն ու աջակցությունը, Որդու շնորհներն ու Սուրբ Հոգու առաջնորդությունը լինեն տիրախնամ մեր թեմի հավատավոր հոտի, ինչպես նաեւ համայն հայության հետ ի Հայաստան, Արցախ եւ ի սփյուռս աշխարհի այժմ եւ միշտ եւ հավիտյանս. ամեն:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Օրհնությամբ՝

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները