Չենք կրնար Լոյս-Աստծուն հետ հաղորդ ըլլալ՝ առանց այդ հաղորդութիւնը արտայայտելու մեր նմաններուն հետ խաղաղութեան, հաճութեան, եղբայրութեան, միութեան քրիստոսաբեր սկզբունքներուն կիրարկութեամբը...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 12 (276), դեկտեմբեր 2022 թ.  


 

       

«ՏԷՐ ՈՒՂՂԵԱ ԶԳՆԱՑՍ ՄԵՐ Ի ՃԱՆԱՊԱՐՀՍ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ»

«Ով անսկիզբ եւ ամենագութ Հայր, որ հայոց փրկությունն ի սկզբանե
սահմանելով, Քո Միածին Որդու հետ մեզ ծանոթացրիր
Սուրբ Առաքյալների միջոցով»:
ՇԱՐԱԿՆՈՑ

եկտեմբերի 3-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչների՝ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս Առաքյալների տոնը: Այդ առիթով Ս. Յոթվերք եւ Ս. Գրիոր Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ հավատացյալներ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, ստանալով Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, ուխտավորաբար այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Առաքյալների տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սբատառ կոնդակով, դեռեւս 2015 թ. հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում, Մայր Աթոռում պահվող, համաքրիստոնեական սրբությունը՝ Գեղարդը, որի վրա Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի կենարար արյան հետքերն են դրոշմված: Ս. Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց Հիսուս Քրիստոսին խաչի վրա: Այդ մասին վկայում է Ս. Ավետարանը. «Երբ եկան Հիսուսի մոտ եւ տեսան, որ Նա արդեն մեռած էր, Նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց Նրա կողերը, եւ իսկույն արյուն եւ ջուր ելավ» (Հռոմ. ԺԹ 33-34):

Հայոց Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն, տերունի այս սրբությունն Ա դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադեոս Առաքյալը: Այն դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ ԺԳ դարից՝ Այրիվանքում, որը, ի պատիվ Ս. Գեղարդի, կոչվել է Գեղարդավանք: ԺԸ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին եւ մինչեւ օրս պահվում է հանուր հայության հոգեւոր կենտրոնում: Համաձայն պատմական տեղեկությունների, աստվածամուխ Ս. Գեղարդն իր հրաշագործ զորությամբ փարատել է հոգեկան ու մարմնական հիվանդություններ: Այդ նպատակով՝ ԺԸ-ԺԹ դարերի ընթացքում Գեղարդը մի քանի անգամ տարվել է Հայաստանի որոշ գավառներ, նաեւ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:

ՈՒԽՏԻ Ս. ՊԱՏԱՐԱԳ Ս. ՎԱՐԴԱՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Շնորհառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ եւ Ս. Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվի տնօրեն Տ. Ասողիկ աբղ. Կարապետյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ եւ տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ: Ս. Պատարագի ընթացքում, հայրապետական հանդիսավոր թափորով, մատուռ-մկրտարան բերվեց աստվածամուխ Ս. Գեղարդը, որպեսզի հավատավոր ժողովուրդը հնարավորություն ունենա համբուրել հրաշագործ սրբությունը եւ ստանալ աստվածային բյուր օրհնություններ:

Սրբազան արարողության ընթացքում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին, նաեւ խոսեց Սուրբ Գեղարդի նշանակության մասին: «Աստվածամուխ Ս. Գեղարդը կենաց զեն է, որ առատ օրհնություն եւ բարօրություն է պարգեւում դեպի իրեն եկող անկեղծ, ազնիվ, հավատով վառյալ, հույսով թեւավորյալ ու սիրով լիացյալ անձերին»,- ասաց պատարագիչ Հայր Սուրբը:

ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ Ս. ԳԵՂԱՐԴԻՆ

Նորին Սուրբ Օծությունը, օրհնելով ներկա ժողովրդին, հնարավորություն ընձեռեց, Մայր Աթոռ Ս. Էջմիածին ուխտավորաբար ժամանած, հավատացյալներին երկրպագել ու համբուրել համաքրիստոնեական սրբությունը: Գյումրեցի ուխտավորները երկյուղով համբուրեցին Ս. Գեղարդը՝ խնդրելով բժշկություն, աշխարհին խաղաղություն, հայոց հինավուրց ազգին սեր, մաքրություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն անսասանություն, քանզի «Եկեղեցին Հայկական հայ հոգիին եւ մարմնոյն զրահանդերձն է փայլուն, …եւ զանգակներն են բոմբիւն եւ երգն է միշտ յաղթութիւն…» (Վահան Թեքեյան):

Սուրբ Պատարագի վերջում Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին: Ս. Գեղարդը Ս. Վարդան մատուռում-մկրտարանում մնաց մինչեւ երեկոյան ժամերգության ավարտը:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ Ս. ԳԱՅԱՆԵ, Ս. ՀՌԻՓՍԻՄԵ, Ս. ՇՈՂԱԿԱԹ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Ուխտավորների հաջորդ հանգրվանը Ս. Գայանե եկեղեցին էր: Վանքի լուսե կամարների ներքո ուխտավորները մոմեր վառեցին եւ աղոթք առաքեցին առ Բարձրյալը:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցում վերջիններս խնդրեցին Ամենաբարի Աստծուց, որ Իր բարությամբ, մեր հանցանքների պատճառով հասնող, պատուհասի ցասումը հեռացնի մեզնից, ների ու լսի մեզ, թողություն տա մեր բոլոր մեղքերին:

Չորրորդ հանգրվանը Ս. Շողակաթ (Ս. Մարիանե) եկեղեցին էր: Այստեղ եւս ուխտագնացներն աղոթեցին եւ վառեցին իրենց հավատի մոմերը:

ՄԵԾԱՄՈՐԻ Ս. ՂԱԶԱՐ ԵԿԵՂԵՑԻՆ

Հաջորդ կանգառը Մեծամորի Ս. Ղազար եկեղեցին էր: Այստեղ եւս ուխտավորներն աղոթք առաքեցին առ Բարձրյալը՝ խնդրելով. «Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամենայն աշխարհին»:

Վերջին աղոթատունն Արմավիրի Ս. Նարեկ մատուռն էր, ուր ուխտավորները երգեցին շարականներ եւ աղոթք բարձրացրին առ Աստված՝ հայցելով Սրբի բարեխոսությունը: Իսկ երեկոյան գոհ սրտով բռնեցին տունդարձի ճամփան:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԼԻԶԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները