Չենք կրնար Լոյս-Աստծուն հետ հաղորդ ըլլալ՝ առանց այդ հաղորդութիւնը արտայայտելու մեր նմաններուն հետ խաղաղութեան, հաճութեան, եղբայրութեան, միութեան քրիստոսաբեր սկզբունքներուն կիրարկութեամբը...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 12 (276), դեկտեմբեր 2022 թ.  


 

       

«ՀԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

«Կանգնիր, անկյալ ժողովուրդ Ե՛վ հավատա, ե՛ւ տոկա, Կա քո վշտում
վեհ խորհուրդ Եվ խաչվածին մահ չկա»:
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

7 դեկտեմբերի, 1988… դարձյալ չորեքշաբթի եւ ընդամենը 47 վայրկյան: Չդիմացավ, ծնկեց յոթը եկեղեցիների քաղաք Գյումրին: Արդեն երեսունչորս տարի է մեզ բաժանում այն ահեղ օրից, որը, ինչպես եւ այսօր, տաք էր, սակայն թախծոտ ու անժպիտ: Աղետն ապրածների ենթագիտակցության մեջ դեկտեմբերի 7-ը մշտառկա ցավագին հիշողություն դարձավ:

Երեսունչորս տարի անց եւս երկրաշարժը երերում է մարդկանց ճակատագրերում ու հոգեբանության մեջ: Բայց այսօր մեր հոգիներում առավել տեղ ունեն լավատեսությունն ու հավատը: Թեպետ տարիները մեզ բաժանում են այդ ահեղ վայրկյաններից, սակայն յուրաքանչյուր օր մեր ժողովրդի համար ոգեկոչման ու խնկարկման օր է, հոգեւոր երթ՝ դեպի վեր հառնած հուշարձաններ, ծնրադիր խոնարհումով աղոթք՝ բարձրացված անմեղ զոհերի եւ 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների հոգիների համար:

Անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Գյումրի էին եկել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ԱԺ պատգամավորներ, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարներ, Գյումրիում ՌԴ հյուպատոսը, մարզային եւ քաղաքային իշխանությունների, ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Առաջնորդանիստ Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց հիշատակի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգեհույզ քարոզ խոսեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը:

Հավարտ սրբազան արարողակարգի կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Ոգեկոչման Սուրբ Պատարագ մատուցվեց եւ հոգեհանգստյան կարգ կատարվեց նաեւ Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում:

ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ՄՈՏ

Առավոտյան ժամը 11:41-ին, ճիշտ այն ժամին, երբ տեղի ունեցավ ահեղ երկրաշարժը, հոգեւորականաց սգո թափորը, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի գլխավորությամբ, Ս. Աստվածածին մայր եկեղեցուց ուղղվեց դեպի Վարդանանց հրապարակ՝ աղետից խոնարհված, բայց այսօր վերակառուցված Ս. Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող, «Անմեղ զոհերին եւ գթության սրտերին» հուշարձան-կոթող, որն աղետը հիշեցնող խոսուն վավերագիր է եւ ապագայի, հույսի, սիրո, հավատի մարմնացում, մահվան նկատմամբ կյանքի տարած հաղթանակի խորհրդանիշ:

Այո, անվարան է մեր հավատը, դարերի հոլովույթում բազում փորձություններ հաղթահարած, բազում մահեր ոտնակոխած:

ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԿԱՐԳ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, քաղաք այցելած կառավարական պատվիրակությունն ու հյուրերը ծաղկեպսակներ զետեղեցին եւ ծաղիկներ խոնարհեցին, երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող, հուշակոթողին, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Այնուհետեւ, ձեռամբ թեմակալ Առաջնորդի, կատարվեց հոգեհանգստյան հատուկ կարգ՝ զոհվածների հոգիների խաղաղության համար:

Ցավ ի սիրտ խոսք ուղղելով ներկաներին՝ Սրբազան Հայրն ի մասնավորի նշեց, որ երբեք չպետք է մոռանալ մեր ննջեցյալներին:

Անշուշտ, խորն են վերքերը, ծանր հիշողությունները, որոնք ուղեկցում են մեզ տարվա ցանկացած օր: Սակայն դեկտեմբերի 7-ի եւ տարվա մյուս օրերի միջեւ տարբերությունը թերեւս մեկն է. այդ օրը գնված բոլոր ծաղիկները խոնարհվում են անմեղ զոհերի տապանաքարերին:

Խունկ, մշտահունչ աղոթք եւ հավերժ օրհնություն երկրաշարժի զոհերի հիշատակին:

ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԵՐԳ Ս. ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Նույն օրը՝ երեկոյան ժամերգությունից հետո, Ս. Յոթվերք եկեղեցին լեփ-լեցուն էր երաժշտասեր հասարակությամբ, որ եկել էր ունկնդրելու հոգեւոր երաժշտություն: Հիշատակի համերգը, որ տեղի ունեցավ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս Աջապահյանի օրհնությամբ, նվիրված էր 1988-ի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցին: Հանդես եկան Գարի Եփրիկյանը (երգեհոն), Սոնա Ազարյանը (ջութակ), Էլվիրա Մարգարյանը (սոպրանո):

Մեկ ժամ տեւած համերգի ընացքում հնչեցին Դ. Բուքստեհուդեի, Յ. Ս. Բախի, Վ. Լյուբեկի, Ա. Գիլմանի, Յ. Բրամսի եւ այլոց անմահ ստեղծագործություններ:

Վերջում, համերգին ներկա Առաջնորդ Սրբազանին, իր եւ մյուս ելույթ ունեցողների անունից, շնորհակալություն հայտնեց Էլվիրա Մարգարյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները