Քրիստոնէութիւնը ո՛չ գիրք է, ո՛չ ծէս է եւ ո՛չ դաւանանք.
իր էութեամբ ան կեանք է եւ
կեանքը ըմբռնելու
ու ապրելու իւրայատուկ եղանակ:

 
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 11 (275), նոյեմբեր 2022 թ.  


 

       

«ԱՆԻՆ ԱՅՆՔԱՆ ՄՈՏ, ԱՆԻՆ ՇԱՏ ՀԵՌՈՒ…»

յս խոսքերն ամբողջովին ընկալելու եւ զգալու համար պետք է հայ լինել: Հայ լինել ու հեռվից՝ պետական սահմանից, նայել պատմական Հայաստանի երբեմնի հզոր, սակայն այսօր գերված մայրաքաղաքին: Ես դա հասկացա, երբ ուխտավորաբար Անին տեսնելու էինք գնացել: Թերեւս ոչ մի ուխտագնացության այսպես սրտատրոփ չէին սպասել Գյումրու թիվ 8 հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների աշակերտները, ուսուցիչները, ծնողները՝ նախաձեռնությամբ Հայ Եկեղեցու պատմության ուսուցչուհի Լեյլի Մարտիրոսյանի:

Ուխտավորները, ստանալով թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, բարի երթի աղոթքով ու երգեցողությամբ, ճանապարհ ընկան մայրաքաղաքից ուխտավայրի փոխված Անի, որի ավերակները յուրաքանչյուր հայի համար սրբազան մասունքներ են: Մեզանից ամեն մեկը մտովի ցանկանում էր վերականգնել քաղաքների քաղաքը՝ հազար ու մի եկեղեցիներով, ամրակուռ միջնապարիսպներով ու բերդապարիսպներով: Եվ մտքերիս շփոթ ընթացքն ակամա կանգ առավ Ս. Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ»-ի տողերին. «…Առաջ դու էլ էիր վայելուչ հարս մի քողածածկ, մերձավորին շատ ցանկալի, հեռավորին՝ փափագելի»:

Հեռավորին փափագելի. այս տողը խիստ համահունչ էր մեր այդ պահի ապրումներին: Թեեւ Անիին շատ մոտ էինք, սակայն եւ այնքան հեռու, որ իրավունք չունեինք նույնիսկ նկարվելու վաղեմի փառքից այսօր զրկված, բայց բաղձալի քաղաքի՝ հեռվում մնացած ավերակների համայնապատկերի ներքո:

ՄԵԾ ԿԱԹՈՂԻԿԵՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

884 թ. Աշոտ իշխանաց իշխանը, թագ ստանալով, դարձավ Աշոտ Ա Բագրատունի՝ սկիզբ դնելով Բագրատունյաց թագավորությանը, որի փառքի գագաթնակետն էր դառնալու Անին՝ իր հազար ու մի եկեղեցիներով ու հզոր բերդապարիսպներով: Հիրավի, Անին ամբողջությամբ լի էր եկեղեցիներով ու մատուռներով: Միջնադարյան Հայաստանի ճարտարապետական աննվաճ գեղեցկությամբ էր օժտված Անիի մայր տաճարը՝ կառուցված 989-1001 թթ., ճարտարապետ Տրդատի ձեռքով, ում անվան շուրջ դարերի ընթացքում հյուսվել են մեծաթիվ լեգենդներ ու հմայիչ պատմություններ:

Ասում են, թե մի ժամանակ, ճշմարիտ Աստծո Միածին Որդու մարդեղացումից շատ առաջ, այստեղ երկրպագում էին Անահիտ դիցուհուն, որի անունից էլ ամրոցը, այնուհետեւ քաղաքը կոչվել է Անի: Բագրատունիների, հատկապես Գագիկ Ա արքայի տիրապետության օրոք, մեկը մյուսի հետեւից վեր են խոյանում Կաթողիկե (1001-1002 թթ.), Գագկաշեն Ս. Գրիգոր զվարթնոցատիպ եկեղեցիները, ինչպես նաեւ 10-րդ դարի՝ Հովվի, Աբուղամրենց Ս. Գիգոր, Ս. Փրկիչ (1036թ.) եւ էլի մի շարք եկեղեցիներ, վանքեր ու մառուռներ: 1064 թ. Անին ընկնում է սելջուկների ծանր լծի տակ, իսկ 12-րդ դարը բնորոշվում է որպես պայքարի շրջան՝ վրաց արքայության եւ Շեդդադյան ամիրաների միջեւ: Սակայն գեղեցկաշեն Անիի խաղաղ կյանքը փոթորկած բյուզանդացիներն ու սելջուկները վերջը չէին: 1319 թ. իրենց ավերիչ գործն են անում երկրաշարժը, ապա թուրքերը:

Հազար ու մի եկեղեցիների քաղաքամայր Անիի ճշմարիտ տերերը՝ հայերը, այլեւս հեռու են նրանից եւ լքվածության ու լռության շունչն իջել ու պարուրել է այն: Թվում է, թե խորհրդավոր այդ լռության մեջ եկեղեցու խնկաբույր քարերն անգամ Տիրոջից փրկություն են աղերսում: Ներիր, որ այսքան ուշ եմ մոտդ գալիս, իմ Անի, թեկուզ ամեն օր էլ գամ, իմ կարոտը չեմ առնի:

ԱՆԻԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ

Մեծ ակնածանքով ու երկյուղածորեն հատեցին ուխտավորները սահմանագիծը: Քիչ այն կողմ՝ ձորի մյուս ափին, պապերի գուրգուրած երազն է, որ նաեւ իրենք են որդեգրել: Սակայն հուսով են, թե այն մի օր իրականություն է դառնալու, բացվելու են մարդկային հոգու փակ դռները եւ ի վերջո գերյալ որդին տուն է դառնալու: Հեռվից դիտելով որբացյալ Անիի՝ կորստյան դատապարտված ավերակները, ցավ ի սիրտ, ամենքն աղոթեցին առ Աստված, որպեսզի օրերից մի օր այլեւս այսպես չայցելեն հայրենի տուն:

Այնուհետեւ աշակերտները հանդես եկան գրական-գեղարվեստական հայտագրով:

Անիից հետո ուխտագնացների խումբն ուղեւորվեց դեպի Երերույքի տաճար: Վաղ քրիստոնեական շրջանի եզակի այս կոթողը գտնվում է Անիպեմզա ավանի մոտ: Անմեկնելի էին բոլորիս ապրումները, երբ մոտիկից դիտում էինք հայ ստեղծագործ մտքի արարումներից մեկը եւ, ամենակարեւորը, կարող էինք մեր աղոթքն առաքել առ Աստված, ժամանակների փոշին ուսած, հենց այս աղոթատանը: Տաճարի արեւմտյան դռան վերեւում փորագրված արձանագրության մեջ նշվում է. «Հանուն Աստծո 477 թ. ես՝ բարեպաշտ թագուհիս Աբասի դուստրը, արքայից-արքա Սմբատի կինը եւ Աշոտի մայրը, սերնդեսերունդ ազատեցի Երերույքը թաստակից զորեղ արքայից արքա Սմբատի երկարակեցության եւ Աշոտի համար, եթե որեւէ մեկը հակառակվի այս գրին մեծերից թե փոքրերից, թող նզովյալ լինի 318 հայրապետների կողմից»: Երերույքը կոչվել է նաեւ «Կարապետի եւ Նախավկայի վկայարան», իսկ ուշ միջնադարում դարձել վանք-եկեղեցի՝ Ս. Երրորդություն անվամբ: Տաճարը վերագրվում է 5-րդ դարին:

Վերջին հանգրվանը Հայկաձորի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր: Ուխտավորներն այցելեցին, հայկական տարածքում, սակայն դարձյալ չեզոք գոտում գտնվող, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը Հոռոմոսի վանական համալիրի բաղկացուցիչ մասերից է: Այն կառուցված է սրբատաշ կարմիր քարերից եւ նման է Մարմաշենի վանքին: Շքեղ գմբեթը եւս կարմիր քարից է, որի համար էլ տեղաբնակներն անվանել են Ղզրքիլիսա, այսինքն՝ Կարմիր վանք: Վանքի հիմնադիրն է Հոռոմոսի վանահայր Սարգիս եպիսկոպոսը կամ նույն ինքը Սարգիս Ճոնը:

Վանքի շինարարական աշխատանքները, Սրբազան Հոր հրահանգով, սկսվում են 980 թ.: Նրան, սակայն, բախտ չի վիճակվում տեսնել ավարտուն կառույցը: Սարգիս Ճոնի վախճանումից հետո կառուցողական աշխատանքներն ի կատար է ածում նրա աշակերտը՝ Սողոմոն վարդապետը, «ի թուին Հայոց ՆԼԴ (985)»: Եկեղեցու հարավային պատի արձանագրությունն ավանդում է, որ այն կառուցվել է «Յամս Աստուածապաշտութեան եւ ի թագաւորութեանս Սմբատայ Բագրատունւոյ Շահն-շահիս»: Եկեղեցին անսյուն կառույց է, ունի գեղեցիկ սրածայր գմբեթ՝ չորս լուսամուտներով, Ս. Պատարագի սեղան, երկու խորաններ եւ մեկ դուռ հարավային կողմից: Վանքը Բագրատունյաց թագավորության օրոք ուներ մեծաթիվ հարստություններ, որոնք ավարառվել են Շահ Աբասի եւ Լենկ Թեմուրի հրոսակախմբերի ձեռքով:

Այստեղ եւս ուխտավորներն աղոթք առաքեցին առ Բարձրյալն Աստված, որ օրն անցկացրին խաղաղությամբ, վառեցին իրենց հավատի մոմերը: Այս ուխտագնացությունը դեռ երկար կմնա բոլորի հիշողության մեջ: Աշակերտները, ուսուցիչներն ու ծնողներն ի խորոց սրտի շնորհակալություն են հայտնում թեմակալ Առաջնորդին՝ իրենց նման հնարավորություն ընձեռելու համար:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՆՈՒՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները