Հայրենիքի ու հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 7 (271), հուլիս 2022 թ.  


 

       

«ԵՒ ԼՈՒՍԱՒՈՐԵՑԱՆ ԵՐԵՍՔ ՆՈՐԱ ԻԲՐԵՒ ԶԱՐԵԳԱԿՆ, ԵՒ ՀԱՆԴԵՐՁՔ ՆՈՐԱ ԵՂԵՆ ՍՊԻՏԱԿ ԻԲՐԵՒ ԶԼՈՅՍ»
ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

«Բարձրութիւնք լերանց նորա են, նորա է ծով, եւ նա արար զնա եւ զցամաք ձեռք
նորա ստեղծին: Եկայք երկիրպագցուք նմա, անկցուք եւ լացցուք առաջի
Տեառն արարչին մերոյ»:

ՇԱՐԱԿՆՈՑ

ՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

եր Տերը՝ Հիսուս, Իր երկրավոր կյանքի մեծագույն դրվագներն ապրեց լեռների վրա: Նա Իր բազմաչարչար կյանքի համար հանգրվան ընտրեց բարձունքները՝ այս կերպ ավելի մոտ լինելով Աստծուն եւ վեր ու հեռու՝ մարդկային կյանքի մեղքերից, աղմուկ-աղաղակից: Փորձենք մտովի պատկերացնել Նրա սուրբ կյանքը, Աստվածային առաքելությունը: Ավետարանը քարոզելուց առաջ առանձնացավ, պատրաստվեց քառասուն օր, փորձվեց բարձր լեռան կատարին՝ Փորձության Լեռան վրա, Իր Ավետարանի մեծագույն պատգամները՝ ինը երանիները, ավանդեց Երանությանց լեռան վրայից, մադկության փրկության համար խաչվեց Գողգոթայի բարձունքում, եւ, վերջապես, Իր երկրավոր կյանքի դրվագը փակեց՝ Ձիթենյանց լեռան բարձունքից երկինք համբառնալով:

Երեք սիրելի աշակերտների՝ Հովհաննեսի, Պետրոսի եւ Հակոբոսի հետ առաձնացավ մյուս աշակերտներից ու աղոթեց: Իր դեմքը ճառագայթեց հրաշալի պայծառությամբ, լուսեղեն ճառագայթներով, ձյունաճերմակ «Նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ Նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը» (Մատթ. ԺԷ 2): Աստծո անտեսանելի ներկայությունը նույնպես լույսով է խորհրդանշվում: Ավետարաններում Քրիստոս անվանվում է «Լույս հեթանոսների համար», «Լույս աշխարհի», «Լույս ճշմարիտ» եւ այլն:

Պայծառակերպության ընթացքում Հիսուսի ամբողջովին լույսով ողողվելը եւ Նրանից լույսի ճառագումը հավաստումն է Նրա աստվածային բնության: Կարելի է ասել, որ աստվածհայտնությունը, իր տեսանելի կերպի մեջ, իրականացավ լեռան վրա՝ պայծառակերպության պահին: Թեեւ երեք աշակերտներից փոքր-ինչ էր հեռու, սակայն միայնակ չէր: Այդ պահին Հիսուսի կողքին հայտնվում են լույսով պարուրված Մովսեսն ու Եղիան եւ նրա հետ խոսում վերահաս տառապանքների ու չարչարանքների մասին:

Հիսուս առաջին մարմնավոր Էակն է, ում հետ խոսեցին անմարմին հոգիները: Սքանչելի տեսարանից զմայլված՝ Պետրոս Առաքյալը բացականչում է. «Րաբբի՛, լավ է, որ մենք այստեղ լինենք եւ երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի եւ մեկն էլ Եղիայի համար» (Մարկոս Թ 4): Մինչ նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց եւ ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրան լսեցեք» (Մատթ. ԺԷ 5):

Եվ եթե առաքյալները տեսան Նրա փառքը կիսաբաց աչքերով, մի կարճ ժամանակահատված ցնծալով եւ միայն Մովսեսի եւ Եղիայի հետ, ապա աղոթքով ու մեր պատվիրանապահությամբ կարող ենք հուսալ՝ տեսնելու Աստծուն բյուրավոր հրեշտակներով շրջապատված, հարատեւ բերկրանքի ու ցնծության, պայծառության մեջ եւ մշտապես խոսակից Նրա հետ, ինչպես Պողոս Առաքյալն է ասում. «Եվ մենք բոլորս բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը, ինչպես հայեու մեջ, նույն պատկերով ենք նորոգվում փառքից փառք, որպես թե Տիրոջ հոգով…Եվ Նա ծագեցրեց մեր սրտերում Աստծո փառքի գիտության լույսը, որը ճառագում է Հիսուս Քրիստոսի դեմքից» (Բ Կորնթ. Գ 18, Դ 6):

Ըստ Եկեղեցու Սուրբ Հայրերի՝ Թաբոր լեռան վրա ներկա էր միասնական Երրորդությունը՝ Հայրը երկնային ձայնով, Որդին՝ պայծառակերպված եւ Սուրբ Հոգին՝ ամպով նրանց վրա հովանի եղած:

ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղավարներից երրորդը հավատավոր հայորդուն է մեկնում Տիրոջ պայծառակերպության կամ այլակերպության խորհուրդը, որ, համաձայն եկեղեցական տոնացույցի, մեծ շուքով նշվում է հրաշափառ Սուրբ Հարությունից իննսունութ օր հետո:

Պայծառակերպության տոնը կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Վարդավառն այս տարի տոնախմբվեց հուլիսի 24-ին: Տոնի ուրախ առիթով հայոց բոլոր, այդ թվում եւ Շիրակի թեմի, եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում եւս մատուցվեց Սուրբ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրը հավուր պատշաճի ոգեշինիչ քարոզ խոսեց՝ հանգամանալից մեկնելով նաեւ տոնի խորհուրդը, դերն ու նշանակությունը հավատավոր հայ ժողովրդի կյանքում:

Սուրբ եւ անմահ Պատարագին մեր Տիրոջ կենսատու Մարմնին ու կենդանարար Արյանը հաղորդակից եղան մեծաթիվ հավատացյալներ:

ԱԶԳԱՅԻՆ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ ՎԱՐԴԱՎԱՌԻ ՋՐԱԽԱՂ

Տոնը հայտնի է նաեւ Վարդավառ, Վարդեւոր ժողովրդական անվամբ՝ Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով:

Ըստ Սուրբ Գրիգոր Տաթեւացու՝ ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում նախքան բացվելը եւ, բացվելով, երեւում է ամենքին, այդպես էլ մեր Տերը, պայծառակերպվելով, հայտնում է Իր Աստվածությունը: Իսկ վարդի չորս գույներանգները՝ կանաչը, կարմիրը, սպիտակն ու դեղինը, խորհրդանշում են Քրիստոսին. դեղինն անմեղությունն է, սպիտակն Աստվածությունը, կարմիրը՝ խաչի վրա հեղված Նրա Արյունը, իսկ կանաչը՝ Նրա հասակի գեղեցկությունը:

Միմյանց վրա ջուր ցանելու սովորույթը եկել է դեռ Նոյ նահապետից: Համաձայն հին ավանդության՝ Արարատ լեռից իջնելով, փրկվածները միմյանց վրա ջուր են ցողում՝ ի հիշատակ աշխարհակործան ջրհեղեղի:

Ջրի միջոցով սրբվեց երկրագունդը Նոյի օրերին, իսկ Քրիստոսի ավանդած մկրտությամբ մարդիկ վերստին ծնվում են ջրից ու Սուրբ Հոգուց եւ սրբագործվում:

Ուստի Վարդավառը հեթանոսական տոն չէ, այլ՝ քրիստոնեական:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Սուրբ Պատարագով ոչ միայն ողջերի համար է փրկություն լինում, ովքեր հավատով են հաղորդվում, այլեւ նրանց համար, ովքեր հույսով ու հավատով ննջեցին ի Քրիստոս: Քրիստոսի մահը ոչ միայն ողջերի համար փրկություն եղավ, այլեւ ննջեցյալների:

Պետրոս Առաքյալն ասում է. «Գնաց ավետարանեց հոգիներին, որոնք դժոխքում էին» (Ա Պետրոս Գ 19):

Տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ եւ կատարվում Հոգեհանգստյան կարգ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ ու սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս, եւ Ս. Պատարագի ընթացում՝ Աստծո առջեւ, հիշատակվում են նրանց անունները, ինչպես Սողոմոնը հիշատակեց իր հոր՝ Դավթի անունը (տե՛ս Բ Մնաց. Զ 42):

Նման պարագայում ննջեցյալների վրա կենաց ցող է իջնում, որը մեծ ուրախություն է պատճառում երկնային զորքերին, նաեւ նրանց, ովքեր ուղիղ սրտով, ճշմարիտ հավատով, ողջամիտ հույսով ու սուրբ սիրով հիշատակում են սրբերին, քանի որ հանգուցյալների հիշատակությունը մեծ շահ է եւ կատարյալ օգուտ: Այդ օրը մարդիկ այցելում են նաեւ իրենց ննջած հարազատների գերեզմանները, պատվիրում քահանաներին օրհնել այն, որով ավետում ենք ննջեցյալներին Տիրոջ Երկրորդ գալստյան ու մեռյալների հարության հույսը:

Հուլիսի 25-ին առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները