Հայրենիքի ու հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 7 (271), հուլիս 2022 թ.  


 

       

«ՕՐՀՆԵԱԼ ՏԷՐ, ՈՒՍՈ ԻՆՁ ԶԱՐԴԱՐՈՒԹԻՒՆՍ ՔՈ…»
ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐՆ ՈՒԹ ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ

խտը սիրո դրսեւորում է, զոհողություն, որի ակունքը հավատն է ու նվիրումը, Ամենակարողի նկատմամբ անբեկանելի վստահությունը: Այս հավատքով առաջնորդվելով եւ աղոթքն ուղեկից դարձնելով՝ հուլիսի 2-ին, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մի խումբ հավատացյալներ մեկնեցին հերթական ուխտագնացության Սպիտակ-Ստեփանավան երթուղով:

Ուխտագնացների առաջին հանգրվանը Սպիտակի Ս. Կամակատար մատուռն էր, որը կառուցվել է 9-րդ դարում եւ գտնվում է բարձր սարի վրա: Այստեղ ուխտավորներն իրենց սրտի խոսքն առաքեցին առ Ամենաբարի Աստված՝ աղաչելով, որ իրենց զերծ պահի ոսոխի որոգայթից, ամեն վտանգից, բանսարկուի գաղտնի նետից, մաքրի մեղքերից:

Հաջորդ ուխտատեղին Ստեփանավանի 11-12-րդ դարի Ս. Սարգիս եկեղեցին էր, որի դռան վրա առկա է հետեւյալ արձանագրությունը. «Ի Հայրապետության Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ առաջնորդության Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, հիմնովին վերանորոգվեցին եկեղեցին, հովվատունը եւ բարեկարգվեց բակը՝ բարերարությամբ Միշա Ղարաքեշիշյանի 2009 թ.»: Այստեղ բարեպաշտ հավատացյալները մոմեր վառեցին եւ աղոթք առաքեցին առ Երկնային Հայրը՝ հայցելով խաղաղություն Հայաստան աշխարհին:

Հաջորդ ուխտատեղին Ս. Խաչ մատուռն էր, որ կառուցվել է 2008-2014 թթ., սակայն օծվել է 2022-ի մայիսի 15-ին՝ Երեւումն Ս. Խաչի տոնին, ձեռամբ Տ. Հովնան եպս. Հակոբյանի: Բարերարը մեծ հպարտությամբ ասաց, որ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եւս այցելել է Ս. Խաչ մատուռ:

Հաջորդ կայանը Կուրթան գյուղի 5-6-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցին էր: Այն աստվածամերժության տարիներին վերածվել է պահեստի, սակայն այսօր արդեն գործող եկեղեցի է, որ, նոր շունչ ու ոգի առած, իր գիրկն է բացել հավատացյալների առջեւ: Ուխտավորներն այստեղ խնկաբույր աղոթք բարձրացրին առ Աստված եւ ուղեւորվեցին դեպի Հնեվանք:

Հայոց հնամենի աշխարհն իր վեհաշուք ուխտավայրերով զիջում է միայն Երուսաղեմին: Զորեղ են Հայաստանում գտնվող սրբավայրերը: Դրանք մեր աղոթքն են հասցնում Աստծուն: Այսպիսի զորեղ սրբավայր է 10-14-րդ դ. կառուցված Հնեվանքը: Այստեղ եւս այն զգացումն ունեցա, թե աշխարհի ոչ մի անկյունում այդքան մոտ չեմ կարող գտնվել Աստծուն, որքան Հնեվանքում: Ժամանակին՝ դարեր առաջ, վանքն ունեցել է ընդարձակ կալվածքներ, խոշոր միաբանություն, բանվոր-ծառայողներ, որոնք մշակել են հողատարածքներ, շահագործել անտառը, իսկ այսօր հուշահամալիրը հանդիսանում է լոկ պատմամշակութային հուշարձան: Վանքի կարեւոր մասն է գավիթը: Այն կառուցվել է 13-րդ դարասկզբին: Վանքի խնկաբույր կամարների ներքո ուխտավորներն իրենց աղոթքներն ու շարականները հնչեցրին առ Աստված:

Հաջորդ կանգառը Գարգառի 19-րդ դարի Ս. Հովհաննես եկեղեցին էր՝ կառուցված սեւ սրբատաշ քարերով: Այն բազիլիկ է եւ շատ գեղեցիկ: Վերջին հանգրվանը Սպիտակի Ս. Հարություն եկեղեցին էր՝ կառուցված 1999 թվականին՝ որպես վկայություն ապրելու եւ հարատեւելու, որպես վկայություն արարող մեր ոգու: Այս եկեղեցին միաժամանակ գեղեցկագույն հուշարձանն է բոլոր այն սպիտակցիների, որոնք դարձան զոհն ահավոր երկրաշարժի: Այսօր վեր հառնած Ս. Հարությունը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նվերն է աղետյալ սպիտակցիներին: Աղոթատան կառուցումն սկսվել է երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի օրհնությամբ: Այստեղ ուխտավորներին դիմավորեց հոգեւոր հովիվը եւ տվեց իր հայրական օրհնությունը: Ապա բոլորն աղոթեցին, վառեցին իրենց հավատքի մոմերը եւ գոհ սրտով բռնեցին տունդարձի ճամփան:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԼԻԶԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները