Հայրենիքի ու հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 7 (271), հուլիս 2022 թ.  


 

       

«ՏԷՐ, ԲԱՐՒՕՔ Է ՄԵԶ ԱՍՏ ԼԻՆԵԼ»
ՄԵԿՕՐՅԱ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐ

այ ժողովրդին բազում արհավիրքներից ու դժվարություններից փրկել է սեփական կրոնի եւ հայրենյաց նկատմամբ ունեցած սերն ու հավատքը: Այդ սիրո եւ հավատքի ցայտուն դրսեւորումներից են նաեւ ուխտագնացությունները: Այդ ի մտի ունենալով՝ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մի խումբ հավատացյալներ հուլիսի 20-ին ուխտավորաբար այցելեցին Վայոց Ձորի մի շարք եկեղեցիներ:

ՆՈՐԱՎԱՆՔ

Առաջին կայանը Սյունյաց մետրոպոլիտների աթոռանիստ, Օրբելյանների հոգեւոր կենտրոն ու դամբարանավայր, նաեւ հայ եկեղեցական ճարտարապետության ամենանշանավոր կառույց Նորավանքն էր: Ըստ տեղացիների՝ այն անվանում են «Կարմիր վանք»: Համալիրի գլխավոր եկեղեցին՝ Ս. Ստեփանոս Նախավկան, 12-րդ դարի կառույց է, որին կից է Ս. Գրիգոր եկեղեցի-տապանատունը: 1999 թ. վերաբացվեց եւ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս ձեռամբ, վերաօծվեց հռչակավոր Նորավանքը: Հայկական ճարտարապետության մեջ եզակի մի փաստ է սա, երբ տոհմական տապանատունը եկեղեցի է, ունի անուն, ինչպես նաեւ բեմ, սրբավայր-ուխտատեղի, քանզի վանքի մոտ էր գտնվում Ս. Փոկաս մատուռը՝ Ս. Փոկաս Հհայրապետի մասունքով ու հրաշագործ աղբյուրով:

Ուխտավորներին հիացրեց նաեւ 13-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցի-դամբարանը, որ կառուցել են իշխանաց իշխան Բուրթելեն ու Իվանեն՝ Մոմիկ ճարտարապետի նախագծով: Նորավանքն ուխտավորի համար «կենդանի քար» է (Ա Պետ. Բ 5), որ իր հատուկ լեզվով խոսում է հավատքի, սիրո, Աստծո անստվեր ներկայության մասին: 1840 թ. երկրաշարժից լիովին ավերված Ս. Աստվածածինը նորոգվել է 1996-98 թթ.՝ մեկենասությամբ Տեր եւ Տիկին Տիգրան եւ Տիանա Հաճեթյանների: Ուխտավորներն այստեղ երգեցին հոգեզմայլ շարականներ եւ աղոթք առաքեցին առ Աստված:

ՄԱԼԻՇԿԱՅԻ Ս. ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտավորների հաջորդ կանգառը Մալիշկա գյուղի Ս. Աննա եկեղեցին էր: Այն կառուցվել է 2000 թվականին՝ ՌԴ հայ համայնքի նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ: Եկեղեցին օծվել է ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Այստեղ եւս ուխտավորները վառեցին իրենց հավատքի մոմերը, աղոթք առաքեցին առ Բարձրյալն Աստված՝ խնդրելով Ս. Կույս Մարիամի մոր՝ Սուրբ Աննայի բարեխոսությունը:

ՄՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ

Մուշաղբյուրը եղել է Հայաստանի հնագույն եւ նշանավոր բնակավայրերից մեկը: Այն մի քանի անգամ հիշատակվում է նաեւ Ս. Հովհաննես Կարապետ վանքի վիմագիր արձանագրություններում, ուր նշվում է, թե 1301 թ. իշխանուհի Գոնցան կառուցել է Սպիտակավոր Աստվածածին, Ս. Հովհաննես-Կարապետ վանական համալիրը: Վերջինս Ջալալ Օրբելյանի կինն էր:

Գմբեթավոր սրբատաշ քարերով կառույց է: Եկեղեցու ներսում է գտնվում Օրբելյանների զինանշան քանդակը: Համալիրը կանգուն է մնացել մինչեւ 1678 թ. երկրաշարժը: Եղել է նաեւ գրչության կենտրոն: Այցելուներին եկեղեցում իր հայրական օրհնության խոսքն ասաց հոգեւոր հովիվ Տ. Արիստակես վրդ. Այվազյանը: Վերջինիս առաջնորդությամբ ուխտավորներն աղոթք բարձրացրին առ Աստված՝ հայցելով Սուրբ Հովհաննես Կարապետի բարեխոսությունը: Եկեղեցում ամփոփված է Սրբի մասունքը, որի առջեւ ծնրադիր խոնարհվեցին ուխտավորները:

ՄԱՍԻՍԻ Ս. ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑԻ

Հաջորդ կանգառը Մասիսում գտնվող Ս. Թադեոս եկեղեցին էր, որը 2003 թվականին օծվել է ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի: Այն կառուցվել է բարերարներ Տեր եւ Տիկին Վարդանյանների, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Ուխտավորները ծնրադիր, միաձայն ու միահունչ երգեցին «Տեր ողորմյա»-ն, «Հայր մեր»-ը, «Սուրբ Աստվածը»-ը եւ աղոթք վերառաքեցին ի փառս Աստծո:

ԱՐՏԱՇԱՏԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ

Վերջին հանգրվանը, Արտաշատ քաղաքում գտնվող, Ս. Հովհաննես եկեղեցին էր, որ կառուցվել է 2002 թ. եւ օծվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի ձեռամբ: Այն խաչաձեւ է, միագմբեթ, ունի զանգակատուն: Կառուցվել է բարերարությամբ Հովիկ Աբրահամյանի:

Եկեղեցի կառուցել նշանակում է հավատարմություն դրսեւորել մեր հայրերի սրբազան հավատքի, անցյալի հոգեւոր ժառանգության հանդեպ, սիրել հայրենիքը եւ նախանձախնդիր լինել նրա վաղվա օրվա նկատմամբ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները