Հայրենիքի ու հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 7 (271), հուլիս 2022 թ.  


 

       

«ՏԷՐ ԻՄ ԵՒ ԱՍՏՈՒԱԾ ԻՄ, ԼՈՒՍԱՒՈՐԵԱ ԶԽԱՒԱՐԵԱԼ ԽՈՐՀՈՒՐԴՍ…»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՔԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

խտավորի ամեն անգամվա հոգու, մտածողության նորոգությունը մի նոր ձգտում է առաջացնում՝ պարզելու, թե այս փոքրիկ հայրենի հողն է՛լ ինչ գաղտնիքներ ունի, եւ ինչե՜ր կան, որոնց հետ հաղորդակցվելու պահանջը երբեք չի նվազում քրիստոնյայի մոտ: Ի տարբերություն հավիտենական ուխտերի, որ Աստված կնքել է մարդկանց հետ (հիշենք Նոյին, Աբրահամին, Մովսեսին), այս ժամանակավոր ուխտերը, որ կամաց-կամաց սկսում են տեղ գտնել քրիստոնյա մարդկանց մոտ, իրենց գործնական ընթացքով կազմակերպվում են շփում ստեղծելու անցյալից մնացած հոգեւոր արժեքների հետ:

Հուլիսի 9-ին Սուրբ Տրդատ թագավորի, տիկնոջ՝ Աշխենի եւ Խոսրովիդուխտի տոնի ուրախ առիթով, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր ուխտագնացություն Վայք: Վաղ առավոտյան ուխտավորների փոքրիկ խումբը, օրվա խորհրդով լցված, մեկնեցին Վայք՝ ներկա գտնվելու եւ հաղորդակից դառնալու Ս. Տրդատ եկեղեցում մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագին:

ՈւԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՎԱՅՔՈՒՄ

Սուրբ Տրդատ եկեղեցին կառուցվել է 2000 թվականին եւ օծվել ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Հավարտ Սուրբ Պատարագի Հայր Սուրբը ներկաներին ծանոթացրեց եկեղեցու պատմությանը:

ՇԱՏԻՆԱՎԱՆՔ

Հաջորդ կանգառը Շատին գյուղի Շատինավանքն էր, որ կառուցվել է 10-րդ դարում, բայց դա հավանաբար վերաբերում է ավելի ուշ շրջանի ենթակառույցներին, քանզի, միանավ դահլիճից քիչ հեռու, առկա են ավելի վաղ շրջանի կառույցների մնացորդներ: Եկեղեցին իրենից ներկայացնում է, արեւելք-արեւմուտք ձգված, ուղղանկյուն գմբեթավոր դահլիճ: Արտաքուստ այն կառուցված է տուֆի սրբատաշ քարերով:

Ճանապարհը դժվար էր հատկապես սարն ի վեր բարձրացող հատվածում: Ավտոճանապարհը կրկին անցնում էր խորխորատներով: Տեղ հասնելով՝ ուխտավորները ծնկաչոք «Տէր ողորմեա» երգեցին: Քաղցրահունչ մեղեդին, ասես, ջնջում էր սահմանը երկնայինի ու երկրայինի միջեւ: Խնկաբույր պատերը նորից խնկարկվեցին: Տարիներն անցնում են, իսկ եկեղեցին ավելի ու ավելի է խոնարհվում: Ամեն օրն իր հետ մի քար է գլորում, եւ եկեղեցու վերանալու հավանականությունը մեծանում է:

ՍՊԻՏԱԿԱՎՈՐ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ

Վերջին հանգրվանը Գլաձորի Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին էր: Խուստուփի լեռնային բարձրադիր շավիղներով մենք շարունակեցինք մեր ճանապարհը: Լեռը, որի վրա գտնվում էր վանքը, սկզբում մեզ անհասանելի էր թվում, իսկ երբ հաջողվեց հաղթահարել բարձունքն ու մոտենալ վանքին, այն վերածվեց մի սովորական ու պարզ սարի: Հայաստանում գոյություն ունեն մի շարք սրբավայրեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հրաշալի պատմությունը:

Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքը կառուցվել է 1321 թ.: Այն անվանում են նաեւ Բոլորաբերդի անապատ: Կառուցված է սպիտակ սրբատաշ ֆելգիտից, որից էլ ստացել է Սպիտակավոր անունը: Վանքի կառուցումն սկսել է Էաչի Պռոշյան իշխանը: Նրա մահից հետո (1318 թ.) գործը շարունակել եւ 1321 թ. ավարտին է հասցրել որդին՝ Ամիրա Հասան Բ-ն: Մուտքի ճակատակալի քարին Աստվածամոր բարձրաքանդակն է՝ մանուկ Հիսուսը գրկին: Հյուսիսային պատին Էաչի իշխանի եւ Ամիր Հասսնի պատկերներն են:

Հարավային որմին «Ամիր Հասանը որսի ժամանակ» պատկերաքանդակն է, գմբեթի ներքուստ՝ Քրիստոսի եւ չորս Ավետարանիչների պատկերները: Եկեղեցու քանդակները, ամենայն հավանականությամբ, 13-րդ դարի նշանավոր քանդակագործ Մոմիկի ստեղծագործություններն են: Գավիթը կառուցվել է 1321-30 թթ.: Արեւմտյան պատին, կից ինքնատիպ հորինվածքով, եռահարկ զանգակատունն է, որը կառուցել են Հովհաննես եւ Թաճ ամուսինները 1330 թ:

Վանքը եղել է նշանավոր կրթօջախ, որ ծաղկում է ապրել հատկապես 15-րդ դարի երկրորդ կեսին՝ Տեր Ավագ վանահոր օրոք: Աստծո տաճարում ժամանակն այլ ընթացք ու ներկայություն ունի: Թվում է, թե ընդամենը րոպեներ առաջ են լռել մեր նախնյաց ձայներն ու հիմա հերթը մերն է, ժամը մերն է, քանզի երանելի է այն մարդը, ով ամբարիշտների խորհրդով չի շարժվում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին: Այստեղ կրկին հնչեցին ուխտավորի «Տեր ողորմյա»-ն, «Ես մեղավոր մի ուխտավոր»-ը, քանզի որտեղ ողորմություն, այնտեղ շատ բարիք ու ծով մարդասիրություն: Եվ ինչպես մեր հոգեւոր հայրերը կասեին՝ մեր ուխտն ի կատար թող լինի:

Ի ԴԵՊ

1987 թվականին եկեղեցու հարավային պատի տակ ամփոփվել են հայ ականավոր պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները: 1989 թ. տեղադրվել են բազալտից տապանաքար ու կարմիր սրբատաշ տուֆից խաչքար: Ուխտավորներն այստեղ խունկ ծխեցին՝ Գարեգին Նժդեհի հոգու հանգստության համար:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՆՈՒՇ ՆԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները