Մանուկների ուրախությունն ու ժպիտը մեր փառքն են, իսկ արցունքները՝
մեր
խայտառակությունը:

 
 
ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 6 (270), հունիս 2022 թ.  


 

       

«ԽԱՉ ՔՈ ԵՂԻՑԻ ՄԵԶ ԱՊԱՒԷՆ, ՏԷՐ ՅԻՍՈՒՍ»
ԽԱՉԻ ՕԾՈՒՄ ԿԱՄՈ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

«Ամեն մի Եկեղեցի, որ նորոգվում է կամ կառուցվում, ամեն մի խաչ, որ օծվում է,
ես նրանց հետ վերստին ծնվում եմ եւ դարձյալ կրկնում ամենակարեւորը՝
իմ կյանքն անիմաստ չեմ համարում»:
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

որհրդանշաններ կան, որոնք դարերի ընթացքում եւս ներառում են ընդարձակ ու համապարփակ գաղափարներ: Այդպիսին է Սուրբ Խաչը հատկապես քրիստոնյաների համար: Խաչը, որով մահ էին պատճառում, Քրիստոսով վերածվեց հաղթության գործիքի, եւ քրիստոնյաների համար այն այլեւս հաղթության խորհրդանիշ է: Դրանից զատ, խաչը նաեւ նորովի վեր հառնելու խորհուրդ ունի: Պողոս Առաքյալն ուսուցանում է. «Մեր միջի հին մարդը խաչվեց Նրա հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, եւ այլեւս մենք չծառայենք մեղքին» (Հռով. Զ 6)):

Այսպիսով՝ խաչը նաեւ կատարելության, իբրեւ նոր մարդ վեր հառնելու խորհուրդն է պարունակում՝ մշտապես մնալով որպես Քրիստոսով մահվան դեմ տարած հաղթանակի եւ հավիտենության ճանապարհը մարդկանց առջեւ բացող զորության խորհրդանիշ:

ԿԱՄՈ ԳՅՈՒՂՈՒՄ

Հունիսի 11-ին, Շիրակի թեմի Կամո գյուղում, հանդիսապետությամբ թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, կատարվեց նորակառույց եկեղեցու կենտրոնական գմբեթի խաչի օծման հանդիսավոր արարողությունը: Ուրախառիթ նախաձեռնությանը ներկա էին մեծաթիվ տեղաբնակներ, վարչական ղեկավար Մկրտիչ Բաղդասարյանը, դպրոցի տնօրեն Սուսաննա Պետրոսյանը, Ախուրյան համայնքի վարչական ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանը: Եկեղեցու հիմնօրհնեքը կատարվել էր 2021 թվականի մայիսի 29-ին, հանդիսապետությամբ Սրբազան Հոր, իսկ այսօր օծվելու էր նորակառույց եկեղեցու խաչը՝ դարձյալ ձեռամբ թեմակալ Առաջնորդի:

Մինչ հանդիսավոր արարողակարգն սկսելը՝ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, դիմելով ներկաներին, ի մասնավորի ասաց. «Սա հերթական արարողությունն է: Եթե հիշում եք, ժամանակին եկանք, հիմնարկեքի կարգը կատարեցինք: Հիմա եկեղեցին բարձրացել է, եւ խաչը պիտի դրվի: Այսօր էլ խաչն ենք օծելու, որից հետո, երբ բոլոր աշխատանքներն ավարտվեն, պիտի գանք եւ արդեն եկեղեցին օծենք: Աստված կամենա այս տարվա մեջ օծումը կատարվի եւ աղոթատունն իր դռները բացի ամենքի առջեւ՝ մեր սիրելի պարոն Լամբարյանի ջանքերով, ձեր օժանդակությամբ ու աղոթքներով:

Կարծում եմ՝ բոլորդ ուրախ եք, որ այս եկեղեցին կառուցվում է եւ աշխատանքները մոտենում են ավարտին: Ուրա՞խ եք, թե ոչ. երխաներն ուրախ են, մեծերն էլ են ուրախ, որովհետեւ ձեր գյուղը, որ եկեղեցի չուներ, աստվածամերժության տարիներին քանդել էին, ահավասիկ նորից կառուցվում է բարերարի ջանքերով, բարերարի միջոցներով:

Եկեղեցու անունը նույնիսկ Մենք դեռ չգիտենք եւ հուսանք, որ բացման օրը բարերարը, եթե անգամ չգա ու բացմանը ներկա չլինի, գոնե իր որոշած անունը կբաշխի մեզ: Չէ՞ որ այդպիսի հասկացողություն կա: Մենք շատ ուրախ ենք, որ կան հայ ժողովրդի մեջ այնպիսի մարդիկ, ովքեր, այս կամ որեւիցե այլ գյուղի հետ կապ չունենալով, արմատներն այնտեղ չլինելով, մեծ հարստության տեր էլ չլինելով, հավատքի կայծ ունեն, ցանկություն ունեն բարի, լավ գործ անելու եւ այսպիսի գործեր են անում: Սակայն որքան վատ է, երբ մարդիկ ունեն հնարավորություն եւ չեն անում: Վաղը, մյուս օրը պիտի հեռանան այս աշխարհից՝ աշխարհինն աշխարհին վերադարձնելով եւ ոչ մի բարի հիշատակ իրենց հետեւից չթողնելով: Լեփ լեցուն հարուստներ կան, ովքեր ամեն ինչում, ուրագի նման, ձգում են միշտ դեպի իրենց, միշտ դեպի իրենց, չեն լինում սղոցի պես՝ մեկ դեպի իրենց, մեկ դեպի ժողովուրդը:

Ուրեմն՝ Կամոյի եկեղեցու կառուցումը թող օրինակ լինի բոլոր-բոլոր նրաց համար, ովքեր հնարավորություն ունեն եւ մատը մատին չեն խփում, տեղից չեն շարժվում, որպեսզի իրենք էլ ուրիշ գյուղերում նման բարեգործություն անեն: Այնքա՜ն գյուղեր կան, որ եկեղեցի չունեն, քաղաքներ կան, ուր եկեղեցիների կարիք կա: Լավ, եկեղեցի չեն կառուցում, թող ուրիշ լավ գործ անեն, ասենք՝ դպրոց, հիվանդանոց կառուցեն: Այնպես չէ, որ մենք «առել ու գնում ենք»՝ եկեղեցի, հա եկեղեցի, բայց, անշուշտ, եթե գյուղ է, պիտի եկեղեցի ունենա, դպրոց ունենա: Գյուղը շատ բան կարող է չունենալ, բայց եկեղեցի ու դպրոց պետք է ունենա:

Խոսքս շատ չերկարացնեմ. ուրախալի օր է, որովհետեւ եկել եւ մոտեցել ենք վերջնական փուլին: Հիմա խաչը պետք է օծենք, որից հետո այն պիտի բարձրացվի եւ տեղադրվի, որպեսզի իր բարձրությունից ձեր գյուղն օրհնի: Նախ Տեր Հայրը պիտի լվանա խաչը ջրով ու գինով, որից հետո մենք կօծենք սրբալուս Մյուռոնով: Այնուհետեւ խնկարկելու, համբուրելու ենք նորաօծ խաչը: Երբ արարողությունն ավարտվի, դուք էլ կմոտենաք, կհամբուրեք, որից հետո կբարձրացվի այն եւ կտեղադրվի գմբեթին»:

ԼՎԱՑՈՒՄ ԵՎ ՕԾՈՒՄ

Համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ մեր հոգեշնորհ Հայրապետների կանոնակարգած արարողության, Ախուրյան համայնքի հոգեւոր հովիվ Տ. Նարեկ քհն. Անտոնյանը նախ ջրով ու գինով լվաց խաչը, ապա, Սուրբգրային համապատասխան ընթերցվածներից եւ «Տէր Աստուած մեր» աղոթքից հետո, հանդիսադիր Սրբազան Հայրը սրբալույս Մյուռոնով տյառնագրեց խաչի «զակն», «զթագն», «աջ եւ ահեակ թեւսն եւ զբունն…»:

Հավարտ սրբազան արարողակարգի, «Խաչի քո Քրիստոս» շարականի երգեցողությամբ, հոգեւորականաց դասը խոնարհվեց նորաօծ Ս. Նշանի առջեւ եւ երկյուղով ու ակնածանքով համբուրեց այն:

Վերջում ներկաներին իր հայրական հորդորը հղեց Միքայել Սրբազանը՝ առանձնակի շեշտելով. «Խաչի օծումը կատարեցինք սրբալույս Մյուռնով: Տիրոջ զորությամբ, օգնականությամբ ու շնորհով այս խաչը, որ պարզ մետաղ էր, այժմ պիտի դառնա օրհնություն բաշխող եւ օրհնություն բաշխի ձեր գյուղին: Բայց օրհնությունը չի իջնում նրա վրա, ով այն չի փնտրում: Օրհնությունը պիտի փնտրես, որպեսզի ստանաս: Ուստի չպիտի մտածեք, թե խաչը դրեցինք, ուտենք, խմենք, մեղք գործենք, շարունակենք մեր սխալ քայլերն անել, եւ խաչը մեզ պահապան կլինի: Խաչը պահապան է լինում նրանց, ովքեր խաչի զորությանը հավատում են: Եթե խաչի զորությանը չեն հավատում, խաչը պահապան չի լինի:

Հետեւաբար՝ մենք մաղթեցինք եւ աղոթեցինք, որպեսզի այս խաչը զորավոր պահապան լինի ձեր գյուղին, մեծին ու փոքրին, տղամարդկանց ու կանանց, եւ որպեսզի դուք էլ, այդ խաչի զորությամբ, վերափոխում ապրեք, հասկանաք, որ մինչ այդ մի ուրիշ գյուղ էր, հիմա, սրանից հետո ուրիշ գյուղ պիտի լինի լավ իմաստով: Չի կարելի բավարարվել՝ ասելով. «Ես լավն եմ»: Լավն ես, ավելի լավը եղիր, ավելի լավն ես, լավագույնը եղեիր: Մեր ժողովուրդը երբեմն այդ ինքնագոհության մեջ է եւ հաճախ է կրկնում. «Դե լավն ենք էլի»: Է հա, էլի լավը եղիր, բայց ավելի լավը կարելի է լինել:

Շատ ուրախ եմ, որ իմ առաջնորդական կյանքում այս մի ձեռքբերումն էլ եղավ, որ ձեր գյուղում եկեղեցի կառուցվեց, եւ ես կարողացա նաեւ խաչի օծումը կատարել, որը քիչ անց կտեղադրվի: Շնորհավորում եմ բոլորիդ: Սպասենք եկեղեցվո կառուցման եւ ներքին հարդարման ավարտին: Կհանդիպենք աղոթատան օծման ժամանակ, իսկ հիմա կարող եք մոտենալ խաչը համբուրել միայն զգուշությամբ, որ շուռ չտաք եւ կարող եք խաչը բարձրացնել ու տեղադրել»:

Թեմակալ Առաջնորդի ուսանելի պատգամ-հորդորից հետո ներկա բարեպաշտ հավատացյալները նույնպես մոտեցան ու համբուրեցին օրհնված ու օծված Սուրբ Խաչը, ապա այն բարձրացվեց եւ տեղադրվեց եկեղեցու գմբեթին՝ որպես հաղթության ու փրկության նշան, որի զորությամբ պիտի շարունակվի կյանքն ի բարօրություն Կամո համայնքի:

ԱՐՄԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները