Մանուկների ուրախությունն ու ժպիտը մեր փառքն
են, իսկ արցունքները՝
մեր խայտառակությունը:

  ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 6 (270), հունիս 2022 թ.  


 

       

«ՏԷՐ, ԵԹԷ ԶՇՐԹՈՒՆՍ ԻՄ ԲԱՆԱՍ, ԲԵՐԱՆ ԻՄ
ԵՐԳԵՍՑԷ ԶՕՐՈՒԹԻՒՆ ՔՈ»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԹԵՄԻ ԵՎ ԱՅԼ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

իրավի, պատմության ու հավատքի միահյուսման շաբաթ է հունիսի 13-18-ն ընկած ժամանակահատվածը, որ մեզ հնարավորություն է ընձեռում հետադարձ հայացք գցել մեր արմատներին եւ սթափվել հպարտության նիրհից: Այս շաբաթ պանծացվող անձինք ու դեպքերն սկիզբը եղան մի շրջանի, որով ամրագրվեց հայի գոյություն ունենալու իրավունքը՝ իբրեւ ազգ ու Եկեղեցի: Մենք էլ կարող ենք փաստել նրանց իրական ու իրավական հաջորդը լինելու հանգամանքը՝ հայ քրիստոնյային վայել գործերով:

Այս ի մտի ունենալով՝ հունիսի 16-ին, Սրբոց Հովհաննու Կարապետի եւ Աթանագինեա եպիսկոպոսի տոնին, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի, Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ-ում բնակվող Լուսինե Բադալյանի ու Քնարիկ Մխիթարյանի հովանավորությամբ, ուխտավորներն այցելեցին Վաղարշապատի Ս. Շողակաթ (Ս. Մարիանե) վանք՝ ներկա գտնվելու մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Կ. Պոլսո միաբան Տ. Հարություն վրդ. Տամատյանը:

Ս. ՄԱՐԻԱՆԵ ՎԱՆՔ

Վանքը, ըստ Ագաթանգեղոսի, կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչը՝ Մարիանեի նահատակության տեղում, ԺԸ դարում, ուր եւ ամփոփված է Ս. Կույսի աճյունը:

Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների խաչվառազարդ թափորն ուղղվեց Ս. Մարիանե վանք: Տոնի առիթով, հավատավոր ժողովրդի խոնարհումի եւ օրհնության համար, դուրս էր բերվել, Մայր Աթոռում պահվող, Ս. Հովհաննես Կարապետի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը, որը բերել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, երբ Կեսարիայից վերադառնում էր հայոց աշխարհ:

Սուրբ եւ անմահ Պատարագից հետո, հենց վանքի բակում, կատարվեց Անդաստանի արարողակարգ, որի ընթացքում խաչ-մասունքակիրով կատարվեց հավատացյալների օրհնություն:

ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտավորների հաջորդ կանգառը Ս. Հռիփսիմե եկեղեցին էր: Վանքը կառուցվել է Ս. Հռիփսիմեի նահատակության տեղում: Մեր հավատո հայրը՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը եւ Տրդատ արքան կառուցել են վկայարան, որը կիսագետնափոր էր՝ վերնամասում քարաշեն չորս սյուներով ամպհովանի: 395 թ. Սահակ Պարթեւը կույսի գերեզմանի վրա կառուցել է տալիս մի փոքր մատուռ:

Հայ ճարտարապետության ոսկեդարի սկզբներին, կաթողիկոսական տնօրինությամբ, նախկին մատուռի տեղում վեր է հառնում նոր ու փառավոր մի կառույց, որի գեղեցկությամբ հիանալու բախտն ունի նաեւ այս սերունդը: Հովհաննես Դրասխանակերտցին գրում է, թե եկեղեցու շինության ժամանակ բացվել է Սուրբ Կույսի մասունքներով տուփը, որ եղել է անձեռնմխելի եւ ունեցել երեք կնիք՝ Լուսավորչի, Սահակ Պարթեւի ու Կոմիտաս Վարդապետի:

Այս սուրբ կամարների տակ ուխտավորները երգեցին շարականներ, մոմեր վառեցին եւ աղոթք առաքեցին առ Բարձրյալն Աստված:

Ս. ԳԱՅԱՆԵ ԵՎ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Ս. Գայանե եկեղեցին կառուցվել է 632 թ., Գայանեի նահատակության վայրում, Եզր Կաթողիկոսի ձեռնարկումով: Այստեղ եւս ուխտագնացները մոմեր վառեցին եւ Ս. Կույսի գերեզմանին ծնրադիր աղոթեցին խոր համոզումով, թե Տիրոջ ամենահաս Ս. Աջը միշտ հովանի է իրենց:

Սրբուհի Գայանեն մեզ հորդորում է չկորցնել սուրբ զգաստությունը, ինչը հույժ կարեւոր է հատկապես այս դարաշրջանում:

Հաջորդ կանգառը Ս. Աստվածածին եկեղեցին էր: Այստեղ նույնպես ուխտավորները միասնական աղոթք առաքեցին առ Աստված եւ վառեցին իրենց հավատքի մոմերը:

ԵՂԻՊԱՏՐՈՒՇԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտավորների հաջորդ հանգրվանը Եղիպատրուշի՝ 4-րդ դարի կառույց, Ս. Աստվածածին եկեղեցին էր, ուր վերանորոգման աշխատանքներ էին ընթանում: Սակայն այն չխանգարեց, որ ուխտավորներն իրենց աղոթքը բարձրացնեն առ Ամենաբարի Աստված եւ հայցեն իղձերի կատարում:

ՀԱՌԻՃԱՎԱՆՔ

Վերջին հանգրվանը Հառիճավանքն էր: Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցել է Սարգիս Ճոնը: Այդ մասին կարդում ենք եկեղեցու արեւմտյան պատին: 10-րդ դարում տաճարը վերանորոգվել է Հոռոմոսի առաջնորդի կողմից, ՆԻԹ (975) թ.: Շինության հաստատ ապացույցն է հին գերեզմանատան խաչքարի վրա եղած արձանագրությունը՝ ԺԳ հայոց թվականով : Տեղ հասնելով՝ ուխտագնացներն ի մի եկան Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ուր ընթերցեցին Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի քսանչորս քառատողերը: Այստեղ եւս, իրենց աղոթքն առ Աստված ուղղելուց հետո, վերջիններս բռնեցին տունդարձի ճամփան:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները