Մանուկների ուրախությունն ու ժպիտը մեր փառքն
են, իսկ արցունքները՝
մեր խայտառակությունը:

  ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 6 (270), հունիս 2022 թ.  


 

       

«ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ԱՅԴ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԻ ԱՐԳԵԼԵՔ,
ՈՐ ՆՐԱՆՔ ԻՆՁ ՄՈՏ ԳԱՆ»

րեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1949-ին, Մոսկվայում, կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի խորհրդի նստաշրջանում: Այն ամեն տարի նշվում է հունիսի 1-ին: Առաջին անգամ նշվել է 1960-ին՝ 51 երկրներում:

Այդ օրը համաշխարհային հասարակության համախմբման, պատերազմի սպառնալիքներից երեխաների պաշտպանության, նրանց առողջության պահպանման, ինչպես նաեւ դաստիարակման ու կրթության օրն է: Ամռան սկիզբն ազդարարող առաջին օրն իր մեջ լույս ու ջերմություն ունի, գունագեղություն եւ վառվռուն ցոլանքներ, ծաղիկների բույր ու պայծառ-պայծառ, գրավիչ թովչություն: Այն կանչող ու ձգող ուժ է պարունակում եւ ափեափ ժպիտներ, քանզի տոնական է եւ աղերսված մանկան ու մանկության հետ:

Հիսուս Քրիստոս սիրում է մանուկներին, որովհետեւ նրանց մեջ են ամբարված աշխարհի անմեղությունն ու վարակիչ անմիջականութունը, երկնքի արքայության բանալին ու իրական մեծության գաղտնիքը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա է մեծ» (Մատթ. ԺԸ 3-4):

Երեխաները մեր կյանքի սիրո առանցքն են, մեր ներշնչման եւ հավերժ մանուկ մնալու ակունքը: Մանուկներին է խոստացված Երկնքի առաջին ժառանգորդները լինելու շնորհը՝ նրանց անմիջականության, պարզության ու անմեղության համար: Մանուկներին է տրված նաեւ երկրի վրա առավել սիրված լինելու պատիվը: Նրանք մեր կյանքի հրաշալիքներն են, քնքուշ ծաղիկները, որ հանապազ հոգածության ու սիրո կարիք ունեն:

Անշուշտ, մանկությունը մի հրաշալի հեքիաթ է՝ բազմաթիվ արկածներով, չար ու բարի հերոսներով: Չքնաղ երազների երկնքում նրանց անհոգ աշխարհը լցված է վառ ու թափանցիկ գույներով: Ակնթարթի է նման ոսկեհյուս մանկությունը, իսկ մանուկները երկիր իջած հրեշտակներ են՝ սրտով մաքուր ու պարզ:

Ամեն տարվա նման, այս հունիսի 1-ին դարձյալ տոնական տեսք ուներ Գյումրու թիվ 15 հանրակրթական դպրոցի բակը: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով կազմակերպվել էր տոնախմբություն, որի նախաձեռնողներն էին նախակրթարանի դաստիարակներ Կարինե Մուրադյանն ու Անի Սարիբեկյանը: Նրանք ջանք չէին խնայել՝ երեխաների օրը տոն դարձնելու համար: Հաճելի էր տեսնել նրանց հոգատարությունը, անսպառ եռանդն ու ոգեւորությունը: Փոքրիկներից շատերն իրենց երեւակայության աշխարհը ներկայացրին կավճանկարների միջոցով՝ գունավորելով ու աշխուժացնելով օրվա տոնական տրամադրությունը: Նրանք պատկերել էին տներ, ծառեր, ծաղիկներ ու արեւ, որ խորհրդանշում էր կյանքը, իսկ արեւի ճառագայթներն իրենք էին՝ երեխաները, որ իրենց ջերմությամբ լույս էին սփռում շուրջբոլորը:

Թող Տերն այս մանուկների շնորհքը բյուրացնի, որ, իրենց մատաղ հոգում կրելով քրիստոնեական սերն ու հավատարմությունը հանդեպ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, կարողանան հայ մշակույթն ավելի մեծ բարձրունքների հասցնել, իսկ նրանց մանկության անամպ երկնքում ճախրեն խաղաղության աղավնիները:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԼԻԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները