Մանուկների ուրախությունն ու ժպիտը մեր փառքն
են, իսկ արցունքները՝
մեր խայտառակությունը:

  ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 6 (270), հունիս 2022 թ.  


 

       

«Ի ՊԱՐԾԱՆՍ ՁԵՐ ԲԱՐՁՐԱՑԵԱԼ ՏՕՆԷ ՄԱՅՐ
ՍԻՈՎՆ ԴԱՐԵՐՕՔՆ ԻՒՐՈՎՔ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈՒՌՈՒՄ

«Ով սրբագեղ Ս. Հռիփսիմէ, որ Հռոմի եւ Հայոց գահերին գերադասեցիր Քրիստոսի
սէրն ու անմահութեան թագը. ջնջիր մեր սրտերից հաճոյասիրութեան ախտը,
դրամապաշտութիւնը եւ իշխանատենչ փառասիրութիւնը, որպէսզի քեզ նմանուենք
եւ քեզ հետ մեկտեղ վայելենք անանց երջանկութիւնը»:

ՇԱՐԱԿՆՈՑ

այաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի, Հոգեգալստյանը հաջորդող Եղիական պահոց օրերից հետո, մուտք է գործում մի նոր ու սրբազան շաբաթ՝ պանծացնելու անմոռանալի այն սրբերի հիշատակը, ովքեր, սեփական արյան հեղմամբ, ամուր ու հաստատուն պահեցին Հայոց Եկեղեցու հիմքերը: Սուրբ Հռիփսիմյանք իրենց ողջ կյանքը նվիրեցին Տիրոջ սիրուն ու հավատքին, քանզի ունեին այն բարձր գիտակցությունը, թե Տիրոջ ամենամեծ պարգեւը՝ հոգին, անմահ է, եւ կյանքի այս երկրավոր, մարմնավոր ու փոքրիկ շրջանը չի կարելի փոխարինել հավերժության եւ անմահի հետ:

Սուրբ Գրիգորին պատժելուց հետո, Տրդատ թագավորը հրովարտակով արգելեց քրիստոնեությունը եւ հալածանք սկսեց քրստոնյաների դեմ: Այդ ժամանակ շատերը նահատակվեցին հանուն հավատքի: Նրանց թվում էին Հռիփսիմյան կույսերը, որոնց մայրապետն էր Գայանեն: Նրանք թվով քառասուն էին եւ ապրում էին, Բարդուղիմեոս Առաքյալի հիմնած, Հոգյաց վանքում: Տրդատի հալածանքների ժամանակ Հռիփսիմյան կույսերը փախան Հոգյաց վանքից եւ թաքնվեցին Վաղարշապատի մերձավոր այգիներում:

Սակայն մի օր զինվորները գտան նրանց թաքստոցը: Վերջիններս հիացան կույսերից մեկի՝ Հռիփսիմեի գեղեցկությամբ եւ այդ մասին շտապեցին հայտնել Տրդատին:

Տեսնելով Հռիփսիմեին՝ Տրդատը որոշում է նրան կինության վերցնել: Սակայն Հռիփսիմեն անվարան պատասխանում է. «Չեմ ուրանա հավատքս եւ չեմ ամուսնանա թագավորի հետ»: Տրդատը, շարականի խոսքերով, «ամաչելով դեռատի կույսից պարտվելու համար», խիստ կատաղության մոլուցքով բռնված, դահիճներին ուղարկում է Հռիփսիմեի հետեւից, ովքեր նրան գտնում են քաղաքից հյուսիս՝ մի բարձադիր վայրում աղոթելիս: Հենց այստեղ էլ, դաժան ու անմարդկային չարչարանքներից ու կտտանքներից հետո, նահատակվում է չքնաղ կույսը:

Դահիճները սրատում են նաեւ Հռիփսիմեի մարմինը հողին հանձնել կամեցող երեսուներկու կույսերին, իսկ վերջում նրանց կացարանում սպանում են նաեւ Մարիանե անունով կույսին, ով, հիվանդության պատճառով, չէր կարողացել միանալ ընկերուհիներին: Հաջորդ օրը, Վաղարշապատի հարավային կողմում գտնվող մի վայրում, դարձյալ դաժան ու սարսափելի կտտանքներով նահատակում են Գայանեին եւ նրա հետ բանտարկված երկու կույսերին:

Այսօր դարձյալ եւս մեկ անգամ Սրբոց Հռիփսիմյանց կույսերը՝ Ս. Հռիփսիմեի գլխավորությամբ, մեզ հիշեցնում են այն ճշմարտությունը, թե նահատակությամբ, զոհողությամբ ամրագրված հավատքն առավել մեծ արժեք ունի: Միանշանակ, կույսերն անառիկ են պահում իրենց տկար ամրոցը՝ մարմինը, զորավոր թշնամուց, այդ պատճառով էլ մյուսներից ավելի մեծ պսակի են արժանանում: «Ինչպես մարմինն էր վառվում առանց այրվելու» (Ելք Գ 2), այդպես էլ սուրբ կույսերն իրենց մարմինները, դաշտի շուշանի նման, անուշահոտ դարձրին. «Ինչպես շուշանն էր փշերի մեջ, այնպես էլ իմ սիրելին է դուստրերի մեջ» (Երգ Բ 2):

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Հունիսի 13-ին մարդաշատ էր Սուրբ Հռիփսիմե մատուռը: Բարեպաշտ գյումրեցիներն ի մի էին եկել՝ ներկա գտնվելու, ի հիշատակ Հռիփսիմյանց նահատակ կույսերի, մատուցվելիք ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Արսեն ավագ քհն. Սիմոնյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հանգամանալից քարոզ խոսեց եւ օրվա խորհուրդը մեկնեց պատարագիչ Տեր Հայրը:

Սուրբ Պատարագին ներկա ուխատավորներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները