Մանուկների ուրախությունն ու ժպիտը մեր փառքն
են, իսկ արցունքները՝
մեր խայտառակությունը:

  ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 6 (270), հունիս 2022 թ.  


 

       

«Ի ՀԱՆԴԷՍ ՏՕՆԻ ՈՒՐԱԽԱՑԵԱԼ ՑՆԾԱՄՔ, ՀԱՅՐ ԵՒ
ՎԱՐԴԱՊԵՏ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԱՊԵՏ»
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԵԼՆ Ի ՎԻՐԱՊԵՆ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ\

«Թեպետ ուրիշ ազգերի հավատացյալները եւս սուրբ հովվապետեր եւ
լուսավորիչներ ունեն, սակայն նրանք երկար տարիներ
բազմատեսակ չարչարանքների բովում չեն մաքրվել՝ ինչպես մեր
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը»:
ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑԻ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս Առաքյալներից շուրջ 250 տարի հետո Ս. Գրիգորը, հավատի զորությամբ եւ կենդանի նահատակությամբ, դարձավ հայոց երկրորդ լուսավորիչը: Հոր մեղքի համար ապաշխարության, բազում տանջանքներով լի ուղին Ս. Գրիգորին տարավ Խոր Վիրապ, որտեղից էլ սկսվեց առաքելապատիվ հովվապետությունը, քրիստոսատու փառքի առաջնորդությունը, քահանայապետությունը տանող ճանապարհը:

Սուրբ Լուսավորիչն ազատվեց Խոր Վիրապից, քանզի, ինչպես ինքն էր հավաստում, «ճշմարիտ խոստովանողներն ու ապաշխարողներն ազատվում են Քրիստոսի փրկավետ Մարմնով եւ Արյամբ, քանզի դա է մեր հույսն ու քավության առիթը եւ դրանով են լինում ազատություն եւ մուտք դեպի արդարների ուրախություն ու ժառանգություն՝ Քրիստոսի սուրբ սիրո երաշխիքներով, որն արդարացնում է ապաշխարող մեղավորներին» (Հաճախապատում ԺԹ): Խոր Վիրապի խավարը չէր կարող հաղթել լուսազգեստ Սրբին, քանի որ, ինչպես Ավետարանում է ասվում, «Լույսը խավարի մեջ լուսավորում է, եւ խավարը նրան չնվաճեց» (Հովհ. Ա 5):

Պարզ ճշմարտություն է, որ հավատքով լցված մարդիկ են անելանելի պահերին իրենց մեջ ուժ գտնում եւ մարդկանց առաջնորդում դեպի ճշմարիտ լույսը՝ զերծ պահելով խավարի ճանկերից: Պողոս Առաքյալն ասում է. «Յիշեցէ՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խօսքն ասացին: Նայելով նրանց կեանքի ընթացքի վախճանին՝ հետեւո՛ղ եղէք նրանց հաւատին» (Եբր. ԺԳ 7): Իսկ ովքե՞ր են մեր առաջնորդները, եթե ոչ Ս. Գրիգոր Լուսավորիչը, Ս. Մեսրոպն ու մյուսները, ովքեր անվարան հավատացել եւ իրենց սրտում ընդունել էին կենդանի Աստծո Որդուն՝ Հիսուս Քրիստոսին՝ որպես Փրկիչ այս աշխարհի: Այս օրինակով ամեն մեկս էլ, անաղարտ հավատքով, կարող ենք վստահել ու ապավինել Փրկչին:

Հետեւաբար՝ պարտ է, որ այսօր եւ մշտապես, մեր Սուրբ Հայրապետի բարեխոսությունը հայցելով, աղաչենք ամենողորմ Աստծուն, որպեսզի Իր մարդասիրության առատաբուխ շնորհներն իջեցնի անարժաններիս վրա՝ լուսո որդիներ դարձնելով, որպեսզի մենք եւս, բոլոր սրբերի հետ, մշտապես օրհնաբանենք ու փառավորենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն:

Ս. ՊԱՏԱՐԱԳ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵՎ
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

18 հունիսի: Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելն ի վիրապեն: Տոնի ուրախ առիթով հայոց եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սուրբ Պատարագ մատուցվեց նաեւ Գյումրու Ս. Աստվածածին առաջնորդանիստ եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում:

Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մեծաթիվ հավատացյալների, ուխտավորաբար Իջեւանից եկած ուսուցիչների եւ աշակերտների ներկայությամբ, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ «Հայր մեր»-ից առաջ օրվան համահունչ քարոզ խոսեց Ախուրյան համայնքի հոգեւոր հովիվ՝ Տ. Նարեկ քհն. Անտոնյանը:

Նույն օրը Սուրբ Գրիգոր Լուսավորչում օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը: Այստեղ նույնպես ներկա էին մեծաթիվ ուխտավոր հավատացյալներ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՍԱՐԳԻՍ ՍՐԿ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները