Դժվարություններն
ու նեղությունները հաղթահարելու ամենագեղեցիկ
զենքը հույսն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 5 (269), մայիս 2022 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ
ԵՎ ԱՅԼ ԱՂՈԹԱՎԱՅՐԵՐ

Յուրաքանչյուր ուխտագնացություն մի նոր կապ է անցյալի ու ներկայի միջեւ եւ մի
նոր կնիք Քրիստոսի հանդեպ հավատքի ուխտին, քանզի «ուխտել իմացող եւ ուխտը
կատարել կարողացող անհատն ավիշ է քաղում Աստծո եւ ազգի հետ
հաղորդակցվելուց եւ մնում առողջ ու տոկուն, կանաչ ու պտղաբեր:
Ուխտը մարդուն բարձրացնում է դեպ Աստված ու շաղկապում ազգին»:
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

իրավի Հասատանը, բազմաթիվ հոգեւոր, պատմա-մշակութային հուշարձանների առկայությամբ, մեծ թանգարան է բաց երկնքի տակ: Այդ թանգարանի մի հատվածն էլ սփռված է Կոտայքի գեղատեսիլ, բնական պաշարներով հարուստ տարածքում:

Մայիսի 26-ին՝ Համբարձման տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք եկեղեցու մի խումբ հավատացյալներ, բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ եւ Զարիկ Իգիթյանի ու ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մեկնեցին Գեղարդավանք: Նշենք նաեւ, որ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, Համբարձման տոնը հռչակվել է Գեղարդավանքի ուխտի օր:

ՍՈՒՐԲ ԱՅՐԻՎԱՆՔ (ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ)

Գեղարդավանքը Հայաստանի ամենահայտնի եւ ամենաշատ այցելու ունեցող տեսարժան վայրերից է: Իր ներկայիս անվանումը վանքն ստացել է, ի պատիվ 13-րդ դարում Ս. Էջմիածնից այստեղ բերված եւ մոտ 500 տարի պահված, համաքրիստոնեական սրբություններից մեկի՝ աստվածամուխ Սուրբ Գեղարդի:

Վանքը գտնվում է Կոտայքի Գառնի գյուղից հյուսիս-արեւելք, Ազատան գետի Գողթ վտակի ձորալանջին: Հիմնել է մեր հավատի հայր Ս. Գրիգոր Լուսավորիչը՝ 4-րդ դարասկզբին: Գեղարդի կիրճը, որի հատակում Կարմրագետի եւ Ազատի ջրերն աղմուկով միախառնվում են, հրաշքի պես է հայտնվում ուխտավորներին, իսկ կիրճի կենտրոնում, քարե վիթխարի խեցու մեջ, ամուր տեղավորված է 13-րդ դարի ճարտարապետության մարգարիտը՝ կաթողիկե մայր եկեղեցին, որը կառուցել է Երկայնաբազուկ իշխանը՝ Զաքարյանների տոհմի հիմնադիրը:

Պատմությունը վկայում է, որ Թադեոս Առաքյալն իր հետ Հայաստան է բերել Գեղարդը: Իսկ ի՞նչ է, քրիստոնեական աշխարհի համար սրբություն դարձած, այդ գեղարդը: Այն, շուրջ 15 սմ երկարությամբ տափակ, եռանիստ, երկաթյա տեգ է, որը, փայտի ծայրին ամրացնելով, ծառայել է որպես խոցող զենք՝ նիզակ: Հիսուսին խաչելուց հետո հռոմեացի զորականներից մեկը, հաստատ համոզվելու համար, որ խաչված Քրիստոս արդեն մեռած է, Նրա կողը նիզակով խոցեց մինչեւ սիրտը, որից «իսկույն արյուն եւ ջուր ելավ» (Հովհ. ԺԹ 33-34): Ավանդույթը վկայում է, որ Քրիստոսի վերքից կաթող ջրի ու արյան խառնուրդից ցայտել է Ղունկիանոսի հիվանդ աչքերին եւ բուժել՝ վերականգնելով նրա տեսողությունը:

Համբարձման տոնը Գեղարդավանքում սկսվեց առավոտյան ժամերգությամբ, ապա մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Կյուրեղ վրդ. Դավթյանը: Հընթացս սրբազան արարողակարգի, ուխտավորները նաեւ հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Ս. Արյանը:

ԳԵՏԱՐԳԵԼԻ (ՁԱԳԱՎԱՆՔԻ) Ս. ՆՇԱՆ

Ուխտավորների փոքրիկ խումբը, հավատքով զորացած, շարժվեց դեպի Գետարգելի Ս. Նշան, որ 13-րդ դարի կառույց է: Այստեղ է հոգեւոր ծնունդ ստացել Զաքարիա Ձագեցի Կաթողիկոսը: Ձագավանքը ոչ միայն հոգեւոր-կրոնական, այլեւ ազգային կարեւոր կենտրոն է եղել առավելապես 1293-ից հետո, երբ Կիլիկյան Հայաստանից, Սսից, Գրիգոր Անավարզեցի Կաթողիկոսի ջանքերով, այստեղ տեղափոխվեց Գետարգելի Ս. Նշանը՝ Խաչափայտի մասունքը, որով եւ մեծ հրաշքներ տեղի ունեցան 11-րդ դարում եւ որի պատճառով էլ կոչվեց Ս. Նշան:

Այստեղ է գործել Սիմեոն Րաբբունապետը, ում շիրիմը հանգչում է եկեղեցուց դեպի հյուսիս-արեւելք ընկած հատվածում: Ուխտավորները երկյուղով համբուրեցին խնկաբույր քարերը, վառեցին իրենց հավատքի մոմերը:

ԱՌԻՆՋԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ

Հաջորդ հանգրվանն Առինջի՝ 1880 թ. կառուցված, Ս. Հովհաննես եկեղեցին էր: Այստեղ եւս ուխտավորներն իրենց հավատի մոմերը վառեցին՝ աղոթասացությամբ Բարձրյալից հայցելով գթություն Իր արարածների եւ հայոց աշխարհի համար:

Ս. ՊՈՂՈՍ ԵՎ Ս. ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Ուխտավորները դարձյալ ճանապարհին են… Շարժվում են դեպի 19-րդ դարի վերակառուցված Ս. Պողոս եւ Ս. Պետրոս եկեղեցիներ:

Այստեղ նրանք աղոթք առաքեցին առ Աստված՝ աշխարհի խաղաղության, Հայոց առաքելահիմն Եկեղեցու եւ երկրի շինության ու բարեկեցության համար:

ՆՈՐ ԳԵՂԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Նոր Գեղիի Սուրբ Աստվածածին եկեղեցում եւս հավատավորները վառեցին իրենց հավատի մոմերը՝ խնդրելով Տիրոջից իրենց օջախներին խաղաղություն:

Վերջին կանգառը Նոր Հաճն գյուղի Ս. Հովհաննես եկեղեցին էր: Այստեղ եւս բոլորը համատեղ աղոթեցին, իսկ երեկոյան գոհ սրտով բռնեցին տունդարձի ճամփան:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները