Դժվարություններն
ու նեղությունները հաղթահարելու ամենագեղեցիկ
զենքը հույսն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 5 (269), մայիս 2022 թ.  


 

       

«ԽԱՉ ՔՈ ԵՂԻՑԻ ՄԵԶ ԱՊԱՒԷՆ, ՏԷՐ ՅԻՍՈՒՍ…»
ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՉՈՐՍ ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ

«Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»:
ԳԱՂ. Զ 14

ուրբ Խաչը, Քրիստոսի կենարար արյամբ, պատժի նյութական գործիքից բարձրացավ մինչեւ քրիստոնեական բարոյական կյանքի խորհրդանիշ՝ իբրեւ հրաշագործ զորություն չարի դեմ: Քրիստոսի Խաչը նվիրագործվեց մարդկության փրկագործության մեծ խորհրդով, մարդու հանդեպ Աստծո մեծագույն սիրո արտահայտությամբ: Սուրբ Խաչը «հոգեւոր զենք է ու չբթացող սուր», որի անհաղթ զորությունը չարի խափանման պատճառն է, իսկ նրանով տյառնագրումը՝ մարդու զորացման ամենակարող միջոցը, քանզի զորավոր է Քրիստոսի հարությամբ, նաեւ հույսի, սիրո, հաղթանակի ու փրկության նշան է. «Դավանում եմ խաչը, քանզի գիտեմ Հարությունը» (Կյուրեղ Երուսաղեմցի), իսկ տիեզերալույս Վարդապետ Գրիգոր Տաթեւացին ասում է. «Խաչն անհավատների կուրությունն է եւ հավատացյալների զորությունը, որը եւ երկրպագուներին պայծառացնելով կանգնեցնում է մեր Քրիստոս Աստծո աջ կողմում, ում փառք հավիտյանս, ամեն»:

Այս հավատքով եւ Սուրբ Խաչի սիրով մայիսի 15-ին, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մի խումբ հավատացյալներ մեկնեցին հերթական ուխտագնացության Արագածոտնի եկեղեցիներ:

ԱՊԱՐԱՆԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ

Օրը հրաշալի էր եւ արեւոտ… Ուխտագնացների անդրանիկ հանգրվանն Ապարանի 4-րդ դարի Ս. Խաչ եկեղեցին էր, ուր, «Տօն Երեւման Սուրբ Խաչի» առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Շնորհք աբղ. Պալոյանը:

Ի լրումն օրվա խորհրդի՝ կատարվեց խոստովանություն եւ բարեպաշտ հավատացյալներն ստացան Սուրբ Հաղորդություն:

Ի ԴԵՊ

Սուրբ եւ անմահ Պատարագից հետո՝ եկեղեցու բակում, կատարվեց Անդաստան մեր Տիրոջ խաչափայտի մասունքով, որ իր հետ Հայաստան բերեց Սուրբ Հռիփսիմե կույսը: Ներկաները խոնարհվեցին Սուրբ Խաչին, որ ամեն տարի, Երեւման Սուրբ Խաչի տոնին, Մայր Աթոռից բերում են Սուրբ Խաչ եկեղեցի: Այսպիսով՝ ապավինելով խաչի զորությանը, մենք խափանում ենք չարը, խաչակնքվելով զորացնում մեզ Աստծով, պաշտպանում չարի ներգործությունից եւ այդ կերպ, Քրիստոսի կյանքը օրինակ ունենալով, մեր խաչն իբրեւ քաղցր բեռ կրելով՝ գնում ենք դեպ Աստված, դեպ հավիտենություն, դառնում Լույսի որդիներ՝ «…որպէս զորդիս լուսոյ, զորդիս տունջեան»:

ՔՈՒՉԱԿ ԳՅՈՒՂԻ ԵՎ ՄՅՈՒՍ ԱՂՈԹԱՏՆԵՐԸ

Հաջորդ հանգրվանը Քուչակ գյուղի 18-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի էր: Այստեղ ուխտավորները վառեցին իրենց հավատի մոմերը՝ Տիրոջից խնդրելով հայոց աշխարհին խաղաղություն, իրենց օջախներին հաջողություն: Ուխտավորները եղան նաեւ Շենավանի, 2019 թվականին կառուցված, Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Հաջորդ հանգրվանը Արագած գյուղի՝ 2014 թվականին վերակառուցված, Սուրբ Աստվածածին եկեղեցին էր: Այստեղ նույնպես ուխտավորները վառեցին իրենց մոմերը, գոհաբանական աղոթք առաքեցին առ Աստված:

Ի մոտո Ս. Աստվածածին եկեղեցու Սուրբ Թուխ Մանուկ մատուռն էր, որը 1973 թվականի կառույց է: Այն ժամանակին խոնարհվել է, իսկ 2012 թվականին վերակառուցվել:

Վերջին հանգրվանը Բաշ Ապարանի հերոսամարտի հուշարձանն էր: Սա ժողովրդի հերոսական կերպարը խորհրդանշող կոթող է՝ նվիրված տարբեր ժամանակների ապարանցի հերոսներին: Երեք կոթողներից յուրաքանչյուրը նվիրված է տարբեր ժամանակահատվածների: Մեկը խորհրդանշում է 1915 թ. ցեղասպանության զոհերի հիշատակը: Կենտրոնական կոթողը նվիրված է, 1918 թ. տեղի ունեցած, Բաշ Ապարանի ճակատամարտի հերոսներին, որոնք անհավասար պայքարի դուրս եկան թուրքերի դեմ: Երրորդ կոթողը Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակն է խորհրդանշում: Այս հուշարձանը հարուստ է ազգային զարդաքանդակներով եւ հայոց հաղթանակի հուշարձանների մեջ իր ուրույն տեղն ունի: Ուխտավորները խոնարհվեցին Դրաստամատ Կանայի, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների շիրիմներին, խնկարկեցին ու վառեցին իրենց մոմերը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍՏԵԼԼԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները