Դժվարություններն
ու նեղությունները հաղթահարելու ամենագեղեցիկ
զենքը հույսն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 5 (269), մայիս 2022 թ.  


 

       

ԿՅԱՆՔԵՐ, ՈՐ ԱՆՍԱԿԱՐԿ ՆՎԻՐՈՒՄ ԷԻՆ ՄԵՐ
ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

յսօր նրանք մեզ ներկայանում են թանձրացյալ կերպով, որովհետեւ ժամանակի հողմերը չեն կարող խլյակի պես քշել-տանել նրանց հիշատակը, նրանց անունն ու գործը, քանզի այն տեսանելիորեն եւ ամուր նստած է նրանց սիրող ժողովրդի սրտում: Տղաների կյանքը պտղատու ծառի նման էր, որից սնվում էին մեր եղբայրներն ու քույրերը: Պտղատու ծառերն այսօր գերեզմանված են, սակայն նրանց բարության սերմերը ճաշակում ենք ամենքս: Նրանք ուզում էին տեսնել հզոր հայրենիք, բարեզարդ կյանքով ապրող ժողովուրդ, ապագային վառ հույսերով նայող, տենչացող սրտով ազգ:

Ժամանակը՝ ճշմարտության մունետիկն ու անաչառ դատավորը, մեզանից հեռացրեց, 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված, բազում լույս հերոս տղաների, սակայն անմահ ու անապական կպահի նրանց անունները: Հետեւաբար՝ մշտանորոգ ժառանգությունն է մնում անթառամ, մնում որպես կենդանի պատվիրան սերունդների համար: Հերոսության գրավականն է գիտակցական պայքարում ծնվող մղումը, երբ, հերոսության շեմին կանգնած, հայրենիքի զինվորը վերապրում է իր կյանքի լուսավոր պահերը եւ, նվիրական սրբություններով տոգորված, հոգով վեր է խոյանում դեպի անմահություն:

Տղաների կյանքը բեկվեց արդար ընդվզումի ճանապարհին. Գառնիկ Հովհաննիսյան, Սամվել Ողոյան, Շիրազ Սանասարյան, Մերուժան Գրիգորյան, Նվեր Ասատրյան, Հրանտ Ասատրյան... նրանց երազանքներն ամպի ծվեններ դարձան, իսկ իրենք՝ տեսիլք:

Երկրավոր իրենց ընթացքն ավարտելով` նրանք փոխադրվեցին հավերժություն, ուր Տերը, Իր անգին խոստման համաձայն, հավիտենական կյանքի երանությունն է պարգեւում հավատարիմ զավակներին: Ի խորոց սրտի հայցում ենք, որ ողորմած Աստված երկնային բարձունքներում հավիտենական երանության մեջ հանգչեցնի նրանց հոգիները:

Մայիսի 30-ը Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցում հիշատակի եւ խնկարկման օր էր: 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող, 31-ամյա Նվեր Ասատրյանի հոր՝ Սամվել Ասատրյանի ֆինանսավորմամբ ու ջանքերով դպոցի բակում կանգնեցվեց խաչքար-հուշակոթող՝ ի հիշատակ պատերազմում անմահացած սիրելի որդու: Յուրօրինակ խաչքարն ապրեցնելու կոչով էր կարծես վեր խոյացել, որը բացելու պատիվը տրվեց հերոս Նվերի որդուն ու զարմիկին:

Աղավնիները, ճախրելով երկնքում, թվում է, թե խոստանում էին խաղաղություն: Խաչքար-հուշարձանի օրհնության արարողությունը կատարեցին ՀՀ ԶՈՒ հոգեւոր հովիվ Տ. Հակոբ քհն. Գրիգորյանն ու Մարալիկի Ս. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Խունկ, աղոթք եւ օրհնություն հավերժի ճամփորդներին:

Դպրոցի բակում տեղադրված խաչքարին ի մոտո կան եւս մեկ խաչքար ու ցայտաղբյուր՝ նվիրված 1988-ի ահեղ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Բացման հանդիսավոր արարողակարգից հետո կատարվեց նաեւ ծառատունկ՝ զոհված տղաների անուններով:

Հանդիսությանն իրենց պատշաճ մասնակցությունն ունեցան երկրապահ ջոկատի երեխաները: Նրանք, զինվորական համազգեստով, ազդեցիկ համարներով հուզեցին ներկաներին՝ հավաստելով, որ զոհվածների ոգին իրենց մեջ է, իսկ հիշատակն անմար:

Վերջում սրտի խոսք ասաց դպրոցի տնօրեն Սեդա Համբարձումյանը, իսկ ՀՀ ՊՆ ԶՀԾ Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Թումանյանը, 44-օրյա Արցախյան պատերազմին մասնակից, դպրոցի յոթն աշակերտներին հանձնեց պատվոգրեր:

Խաչքար-հուշարձանի բացմանը ներկա էին քաղաքային, մարզային իշխանությունների, ինչպես նաեւ կրթության բաժնի ներկայացուցիչներ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԼԻԱՆԱ ԱԴԱՄՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները