Դժվարություններն
ու նեղությունները հաղթահարելու ամենագեղեցիկ
զենքը հույսն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 5 (269), մայիս 2022 թ.  


 

       

ՆՐԱ ԱՐՎԵՍՏԻ ՆԵՐԳՈՐԾՈՒՆ ՈՒԺԸ

իրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ եւ նախաձեռնությամբ մայիսի 8-ի երեկոյան՝ ժամերգությունից հետո, Գյումրու Ս. Աստվածածին մայր եկեղեցում հոգեւոր համերգով հանդես եկավ Հայաստանի Ազգային Ակադեմիական երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Հովհաննես Չեքիջյանը:

Երաժշտությունը միաժամանակ ե՛ւ հոգու պոռթկում է, ե՛ւ զգացողություն: Հոգեւոր երաժշտությունը, որ արդեն իսկ ձեւով ու բովանդակությամբ կատարյալ է, իր արտահայտման ճիշտ ձեւն ու տեղն ունի, եւ եթե կարողանում են այնպես մատուցել, ինչպիսին եղել է, ապա հիանալի արդյունքի են հասնում: Ճիշտ այսպիսին էին երգչախմբի հոգեւոր եւ ոչ միայն հոգեւոր, այլեւ դասական կատարումները:

Հայաստանի երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թ. դեկտեմբերի 23-ին Ստամբուլում (Թուրքիա): Դիրիժորի արվեստում նա տեսնում էր ոչ թե լավ կարգավարի, որ ցույց էր տալիս տեմպը, նվագախմբի այս կամ այն ձայնի ճշգրիտ մուտքը, այլ, ավելի շուտ, կախարդի վարպետությունը, որ գունեղ երաժշտական կտավներ է ստեղծում, որոնցում ամեն ինչ ապրում է, շնչում, սրտակից զրուցում: Նրա դիրիժորական տեխնիկան, ժեստերը միշտ ենթարկվել են երգի ներքին էությանը, պայմանավորվել երաժշտության բնույթով: Մաեստրոն մեծ վարպետությամբ, իսկական հափշտակությամբ էր ունկնդիրներին հաղորդակից դարձնում իր գեղարվեստական իդեալին՝ գեղեցկին:

Մինչ համերգն սկսելը՝ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը ներողություն խնդրեց Ս. Աստվածամորից, ապա ներկաներին հորդորեց եկեղեցում չծափահարել, այլ ծափահարել վերջում: Նաեւ խնդրեց պահպանել բոլոր պատշաճություններն ու անջատել բջջային հեռախոսները:

Երգչախմբի համերգն սկսվեց Եկմալյանի Տերունական աղոթքով, այնուհետեւ հնչեցին «Խորհուրդ խորին», «Քրիստոս ի մեջ…», Կոմիտասի «Հոգի Աստուծոյ», «Սուրբ Սուրբ…» շարականները, որոնք իրենց ծանր ընթացքով եւ մեծակերտ-զարդարական ոճով վկայում են հայ հոգեւոր երգեցողության լավագույն նմուշների մասնագիտական ու գեղարվեստական բարձր մակարդակի մասին: Երգացանկի մեջ ներառված էր նաեւ Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: Կատարողները կարծես հաղորդության մեջ էին մտնում Բարձրյալի հետ ու վերին խորհուրդը փոխանցում երկրին, հողին, մարդկանց:

Արվեստը մեկն է, բայց ունի տարբեր դրսեւորումներ: Այն, ինչ գալիս է հոգուց, նվիրումից, անկեղծությունից, դառնում է արվեստ: Երաժշտության ներքին ուժը հավատքից է բխում: Առանց հավատքի երաժիշտը չի հասնի հնչյունների միաձուլմանը: 94-ամյա մաեստրոն արդեն վաթսուն տարի է, ինչ ղեկավարում է երգչախումբը: Նա, իր ներքին համոզվածությամբ ու հավատքով, կարողանում է ունկնդրին «ես»-ի կաղապարից դուրս հանել, հասցնել անձեռակերտ բարձունքներ, զգացնել տալ հոգեւորի զգլխիչ հմայքը: Առանց հոգու ներքին կապերի, սոսկ երեւույթն իր մեջ խորհուրդ չի կրում: Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած երգչախումբն ունեցել է մեծաթիվ համերգներ՝ աշխարհի տարբեր բեմերում: Անշուշտ, ինչ կատարվում է բեմի վրա, եթե սրտից է բխում, դեպի սիրտ ճանապարհ է բացում, իսկ այն ինչ մտքով է կատարվում, լավագույն դեպքում մտքից միտք կարող է փոխանցվել՝ անհաղորդ մնալով ունկնդրի սրտին:

Բացի Կոմիտասից, Երկմալյանից, հնչեցին նաեւ արեւմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններ: Համերգի ավարտին ունկնդիրները երկարատեւ ծափերով ողջունեցին երգչախմբին եւ գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին:

«Կարծում եմ՝ մեր Սուրբ Յոթվերքի Ս. Տիրամայրն իր զավակներին կների այս ծափահարությունների համար: Եկեղեցում ընդհանրապես չեն ծափահարում, բայց բացառությունները միշտ հարգելի են, հատկապես ազգային հերոս պարոն Չեքիջյանի համար, ով արդեն քանի տասնամյակ մեր հոգեւոր երգը բարձրացնում է աշխարհի չորս կողմերում: Վազգեն Վեհափառը մեկ անգամ, այսպիսի մի համերգից հետո, գոչեց. «Ի՜նչ լավ է, որ քրիստոնյա ենք»: Այսօր էլ Մենք ենք ասում՝ ի՜նչ լավ է, որ քրիստոնյա ենք, որովհետեւ ոչ միայն մեր մշակույթին ունկնդիր դարձանք, այլ նաեւ մյուս ազգերի մեծագույն նմուշներին»,- համերգի ավարտին, իր օրհնությունն ու շնորհակալությունը հղելով նվագախմբին և մաեստրոյին, նշեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները