Դժվարություններն
ու նեղությունները հաղթահարելու ամենագեղեցիկ
զենքը հույսն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 5 (269), մայիս 2022 թ.  


 

       

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ
ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

այիսի 17-20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի եւ օրհնության խոսքից հետո ժողովի նիստերն ատենապետեցին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպս. Պարսամյանը եւ Տավուշի թեմի Առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը:

Ժողովի ընթացքում քննության առնվեց Մայր Տաճարի հիմնանորոգության եւ Մյուռոնօրհնության կազմակերպական աշխատանքների ընթացքը: Այս ուղղությամբ կատարվածի վերաբերյալ համապարփակ տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի Վանական խորհրդի ատենապետ եւ լուսարարապետ Տ. Մուշեղ եպս. Բաբայանը:

Ընդունելով զեկույցն ի գիտություն՝ ԳՀԽ անդամները մասնավոր իրենց գոհունակությունը հայտնեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգությունն ու շրջափակի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին՝ գնահատանք փոխանցելով, սրբազան այս առաքելության արդյունավորման գործում իրենց նպաստը բերող, բոլոր կառույցներին եւ անհատներին: Քննարկելով առաջիկա Մյուռոնօրհնության արարողությանն առնչվող հարցերը՝ Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշեց այն կազմակերպել 2023-ին, երբ լրանում է նաեւ Մայր Տաճարի հիմնադրման 1720-ամյակը:

Ժողովին Արցախում տիրող իրավիճակի մասին զեկույց ներկայացրեց Արցախի թեմի Առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանը՝ մասնավորապես անդրադառնալով առկա մարտահրավերներին եւ դրանց հաղթահարմանն ի նպաստ հոգեւոր, բարոյահոգեբանական, հումանիտար եւ սոցիալական աջակցության ծրագրերի կարեւորությանը: Վրթանես եպիսկոպոսը տեղեկություններ փոխանցեց թեմում սպասավորող քահանաների հովվական ծառայության ու առաքելության վերաբերյալ՝ իրազեկելով երիտասարդության հոգեւոր դաստիարակությանն ուղղված ծրագրերի վերաբերյալ:

Զեկույցում Արցախի թեմի Առաջնորդն անդրադարձ կատարեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության պղծման, յուրացման եւ ոչնչացման դեպքերին՝ Ադրբեջանի որդեգրած այս քաղաքականության կանխման գործում կարեւորելով միջազգային հանրության դերակատարությունը:

Գերագույն հոգեւոր խորհուրդը գնահատանքով ընդունեց Արցախի թեմի հոգեւոր սպասավորների կողմից տարբեր ոլորտներում իրականացվող խնամատար նվիրյալ գործունեությունը: Ժողովականները հորդորեցին Հայաստանի եւ սփյուռքի թեմակալ առաջնորդներին՝ շարունակել ջանքեր ներդնել, զանազան ծրագրերի միջոցով, զորակցելու Արցախի ժողովրդին, ինչպես նաեւ հայաստանյան թեմերի կողմից պարբերաբար ուխտագնացություններ կազմակերպել դեպի Արցախ: ԳՀԽ նաեւ կարեւոր նկատեց, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված, միջազգային գիտաժողովների կազմակերպումը՝ ընդգծելով խնդրի հետեւողական արծարծման անհրաժեշտությունը միջազգային, միջեկեղեցական ու միջկրոնական հարթակներում:

Հայաստանի եւ Արցախի թեմերում Հայաստանյայց Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության առավել զորացման վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծ. վրդ. Բաղումյանը: Վերջինս խոսեց հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, առկա խնդիրների եւ առարկայի ուսուցիչների ժրաջան ու նախանձախնդիր աշխատանքի մասին: Հայր Սուրբը ժողովականներին տեղեկացրեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների հետ կանոնավոր կազմակերպվող հանդիպումների, ինչպես նաեւ թեմերի քրիստոնեական դաստիարակության պատասխանատուների հետ առկա գործակցության եւ նախանշվող համատեղ ծրագրերի մասին:

ԳՀԽ անդամները, կարեւորելով հոգեւոր դաստիարակության ծրագրերի խթանումը եւ ազգային-հոգեւոր արժեքների պատշաճ ջամբումը մատաղ սերնդին, թելադրեցին շարունակել այս ուղղությամբ աշխատանքները: Խորհուրդը մասնավորապես ողջունեց, թեմերում քրիստոնեական դաստիարակության կենտրոնների եւ կիրակնօրյա դպրոցների առավել համակարգված գործունեության, կրթական ծրագրի նախապատրաստման նախաձեռնությունը՝ հորդորելով, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, ամբողջացնել ծրագիրը եւ հրատարակության պատրաստել անհրաժեշտ կրթական ձեռնարկներն ու տեղեկատվական նյութերը:

Անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին, 44-օրյա աղետալի պատերազմից հետո Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին՝ տիրող մտահոգիչ իրավիճակի առնչությամբ Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես եկավ առանձին հայտարարությամբ: Ժողովի ընթացքում քննարկվեցին նաեւ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին առնչվող հարցեր:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները