Դժվարություններն
ու նեղությունները հաղթահարելու ամենագեղեցիկ
զենքը հույսն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 5 (269), մայիս 2022 թ.  


 

       

«ՀԱՄԲԱՐՁԷՔ ԻՇԽԱՆՔ ԶԴՐՈՒՆՍ ՁԵՐ
Ի ՎԵՐ ԵՒ ՄՏՑԷ ԱՐՔԱՅ»
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

իսուս Քրիստոսի համբարձմանը (մթ 30 թվականի մայիսի 18) նվիրված տոնը հիշատակվում է Հարությունից քառասուն օր հետո: Ըստ Ավետարանների՝ Հիսուսի երկրավոր կյանքի հետ առնչվող տնօրինական դրվագներից վերջինն է: Հարությանը հաջորդած օրերի ընթացքում մեր Տերը մարմնապես երեւում էր աշակերտներին, պատգամներ տալիս. «Այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մոտ… Ճշմարիտ եմ ասում ձեզ, լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետեւ եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա, իսկ եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհ. ԺԶ 5-7), նաեւ ոգեւորեց, հուսադրեց, պատգամեց քարոզել Ավետարանը ողջ աշխարհում. «Գնացեք ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով» (Մատթ. ԻԸ 19):

Փրկիչը մարմնով բաժանվեց մարդկանցից, սակայն մշտապես նրանց հետ է Ս. Հոգու միջոցով, ուստի Տիրոջ Համբարձումը Հոգեգալուստի նախապատրաստումն էր նաեւ, որի շնորհիվ առաքյալների՝ երկրե-երկիր քարոզությամբ Ավետարանը քարոզվեց բոլոր մյուս ժողովուրդներին:

Եթե Տերունական մյուս հիշատակություններն են Քրիստոսի երկրավոր կյանքի դեպքերի, ապա Համբարձման տոնը հայտնապես Նրա Աստվածությունն է մատնանշում ու շեշտում: Համբարձումից հետո Հիսուս այլեւս դադարում է ժամանակի մեջ պատմական անձ լինելուց եւ շարունակում է մշտակա, իրական ու զգալի Իր ներկայությունը յուրաքանչյուր քրիստոնյայի եւ իր Եկեղեցու կյանքում:

Համբարձումով իր լրումին հասավ մարդացյալ Աստծո փրկագործական առաքելությունը: Ադամի գործած մեղքից հետո, երբ մարդը դուրս մնաց դրախտից, հանուն անկյալ մարդու, Աստծո Միածին Որդին իջավ երկնքից, մարդացավ՝ ծնվելով Ս. Կույսից, Իր խոսքով եւ կյանքով բացահայտեց փրկության ճանապարհը, խաչի վրա հեղած Արյամբ քավեց մարդու մեղքերը, մահվամբ եւ Հարությամբ ավերեց դժոխքը, հաղթեց մահվանը եւ Համբարձվեց երկինք՝ մարդու առջեւ բացելով երկնքի արքայության ճանապարհը:

ԱՎԱՆԴՈՒՅԹ ՀԱՄԲԱՁՄԱՆ ՏՈՆԻ

Համբարձման տոնը ժողովրդի մեջ հայտնի է նաեւ «Վիճակ» եւ «Ջան գյուլում» (գյուլ - վարդ, ծաղիկ) անուններով: Մեր Եկեղեցու հայրերը շատ գեղեցկորեն են համադրել ժողովրդական ավանդույթները քրիստոնեական տոների հետ: Սուրբ Գրիգոր Տաթեւացին ասում է՝ Քրիստոսի համբարձմամբ երկնքի ճանապարհը բացվեց մարդկանց համար եւ տրվեց «մեզ յամարձակութիւն յուսալոյ ի նոյն եւ մտանել մարմնով ի յաւիտենական ժառանգութիւն»:

Համբարձման գիշերը կապվում էր նաեւ արեւելքի երկու մեծ սիրահարների՝ Լեյլիի ու Մեջլունի երկնային եւ աստեղնային հանդիպման ավանդությանը, համաձայն որի Լեյլին ու Մեջլունը սիրահարներ էին: Մի անգամ, երբ Մեջլունի հայրը նրանց տեսնում է գրկախառնված, վախեցած սիրահարները խնդրում են Աստծուն իրենց երկինք տանել եւ աստղեր դարձնել: Աստված կատարում է նրանց խնդրանքը:

Այդ օրվանից տարին մեկ անգամ՝ Համբարձման գիշերը, հավիտենական սիրահար զույգ աստղերը, երկնակամարի տարբեր կողմերից, մոտենում են միմյանց, համբուրվում եւ շարունակում իրենց ընթացքը՝ մինչեւ հաջորդ տարի: Ըստ ավանդության՝ այդ համբույրի ականատեսների բոլոր ցանկությունները պետք է կատարվեին:

Հավելենք նաեւ, որ վիճակ գցելու սովորույթն առաքյալների՝ Քրիստոսի Համբարձումից հետո Երուսաղեմ վերադառնալու եւ Վերնատանը վիճակ գցելու հիշատակությունն է, երբ, տիրադավ Հուդա Իսկարիովտացու փոխարեն, տասներկուերորդ առաքյալ ընտրվեց Մադաթիան:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ

Մայիսի 26-ին՝ հինգշաբթի օրը, Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի ուրախ առիթով, հայոց բոլոր եկեղեցիներում վերստին հնչեղ ղողանջեցին զանգերը: Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում նույնպես, մեծաթիվ հավատացյալների ներկայությամբ, մատուցվեց համբարձման Սուրբ եւ անմահ Պատարագ:

Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում եւս հավաքվել էին մեծաթիվ հավատացյալներ՝ ներկա գտնվելու տոնական Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ միաժամանակ մեկնելով նաեւ տոնի խորհուրդը: Սուրբ եւ անմահ Պատարագին մեր Տիրոջ կենսատու մարմնին ու արյանը հաղորդվեցին ներկա հավատացյալները:

ՏՈՆ ԱԶԳԱՅԻՆ

Համբարձման տոնի հետ մեկտեղ Հայաստանյայց Եկեղեցին ոգեկոչում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը 1441 թ. Սսից Ս. Էջմիածին փոխադրման հիշատակը, որպեսզի հիշենք յուրաքանչյուրս, որ այս Աթոռի շնորհիվ կանք իբրեւ ազգ, պետություն, պետականություն եւ հայրենիք: Պատմության թելադրանքով՝ 15-րդ դարում, սրանից 577 տարի առաջ, Սուրբ Աթոռը վերահաստատվեց Սուրբ Էջմիածնում:

Ինչպես Թովմաս Մեծոփեցի պատմիչն է ասում՝ այն պահին, երբ Արեւելյան վարդապետներն ու հավատացյալները հավաքվել էին այստեղ՝ այս սուրբ տաճարում, սավառնաթեւ մի արծիվ գալիս եւ բազմում է տաճարի Սուրբ Խաչին, եւ դա նշան էր, որ վարդապետները գնան ու առաքելագործեն, որովհետեւ այդ պահին, ըստ նույն պատմիչի վկայության, բացում են Ավետարանը եւ ընթերցվում է այն հատվածը, ուր Քրիստոս ասում է. «Այս աշխարհում նեղություններ կտեսնեք, բայց քաջալերվեցեք, ես հաղթեցի աշխարհին»:

Այս պատգամով Առաքելական Աթոռը 1441 թվականին, հենց Համբարձման տոնին, վերահաստատվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա եւ ի հավերժություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի՝ հընթացս սրբազան արարողակարգի, կատարվեց գոհաբանական աղոթք:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՆԻ ԶԱՐԻՖՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները