Մեր նահատակները յարուցեալ կեանքի նոր աղբերացումներ եղան մեր հայութեան կեանքի անդաստանին մէջ, աղբերացումներ՝ Մեծ Խաչեալին եւ Մեծ Յարուցեալին, Ամենազօր Փրկչին սկզբնաբուխ ակունքէն:

 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 4 (268), ապրիլ 2022 թ.  


 

       

«ՄԱՏՆԵՑԱՅ ԵՒ ՈՉ ԵԼԱՆԷԻ, ԱՉՔ ԻՄ ՏԿԱՐԱՑԱՆ ՅԱՂՔԱՏՈՒԹԵՆԷ»
ԱՎԱԳ ԿԱՄ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ՇԱԲԱԹԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

«Խորհեցան եւ խօսեցան զչարութիւն, եւ զապիրատութիւն ի բարձունս խորհեցան:
Եդին յերկինս զբերանս իւրեանց, եւ զլեզուս իւրեանց ածէին զերկրաւ»:
ՇԱՐԱԿՆՈՑ

նչպես Ծաղկազարդին հաջորդող ողջ շաբաթը, այնպես եւ յոթն օրերից յուրաքանչյուրը բնորոշվում է Ավագ անունով: Ավագ շաբաթվա իրադարձությունները ներկայացնում են Հիսուսի՝ հանուն մարդկության սիրո ու փրկության կատարած ինքնազոհողությունը՝ չարչարանքները, խաչին գամվելը, մահը եւ թաղվելը: Այդ օրերին Եկեղեցին վերապրում է մարդկության անցած ողջ ուղին՝ դրախտային երանավետ կյանքից, անհնազանդության հետեւանք անկումից ու շնորհազուրկ, տառապագին կյանքից մինչեւ Քրիստոսի Հարությամբ պարգեւված փրկության հուսառատ պահը, շնորհն ու օրհնությունը:

Ավագ երկուշաբթին նվիրված է աշխարհի եւ երկնքի ու երկրի արարչագործությանը: Այն հիշատակն է անպտուղ թզենու, որ դատապարտվեց Տիրոջ կողմից (Մատթ. ԻԱ 18-22):

Ավագ երեքշաբթին եկեղեցական տոնացույցով նվիրված է Տասը կույսերի առակին (Մատթ. ԻԵ 1-13): Ավագ չորեքշաբթին հիշատակությունն է մեղավոր կնոջ ձեռքով` Բեթանիայում Հիսուսի գլուխը եւ ոտքերը նարդոսի թանկարժեք յուղով օծելուն (Մատթ ԻԶ 6-13):

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ

Ավագ շաբաթվա հիմնական արարողություններն սկսվում են Ավագ հինգշաբթի, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը, հաղորդության խորհրդի հաստատումը, Փրկչի կողմից Իր աշակերտների ոտքերը լվանալը՝ Ոտնալվան:

Ապրիլի 14-ի առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Ապաշխարողաց կարգ, որի ընթացքում մեղքերի արձակում տրվեց, քառասնօրյա պահեցողության շրջան անցած, հավատացյալներին: Ապա Ս. Աստվածածին մայր եկեղեցում, ի հիշատակ Վերջին ընթրիքի եւ Ս. Հաղորդության խորհրդի հաստատման, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Վերջին ընթրիքին Քրիստոս վերցրեց հացը, բեկանեց, տվեց աշակերտներին՝ ասելով. «Սա է իմ մարմինը»: Այնուհետեւ վերցրեց գինին եւ ասաց. «Սա է իմ արյունը, որ թափվելու է շատերի մեղքերի թողության համար»: Այս կերպ մեր Տերը հաստատեց Նոր Ուխտը:

Սուրբ Հաղորդության խորհուրդը քրիստոնեության հարատեւությունն է ապահովում եւ մեզ Տիրոջով միավորված է պահելու մինչեւ Նրա երկրորդ գալուստը: Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: Ընթերցեց նաեւ Ս. Հաղորդության խորհրդի մասին Ս. Բարսեղ Հայրապետի թուղթը եւ հանգամանալից մեկնեց այն: Մեծաթիվ հավատացյալներ ստացան Սուրբ Հաղորդություն:

ԿԱՐԳ ՈՏՆԱԼՎԱՅԻ

Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ Ոտնալվայի հոգեպարար արարողությունը՝ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի հանդիսապետությամբ: Երուսաղեմում՝ Վերնատանը աշակերտների հետ զատկական սեղան նստելուց առաջ, Հիսուս մեկ առ մեկ լվանում է աշակերտների ոտքերը: Աստված լվանում է Իր արարածների ոտքերը՝ ցույց տալով կատարյալ սեր նրանց հանդեպ եւ, խոնարհության ու հեզության օրինակ դառնալով, հորդորում նրանց նույն կերպ վարվել միմյանց հանդեպ: Օրհնվեց նաեւ յուղը, որ խորհրդանշում է անբարո կնոջ կողմից Հիսուսի ոտքերին հեղած անուշաբույր յուղը եւ բաշխվեց ներկա հավատացյալներին:

Եկեղեցական այս կարգը հեղինակել է Ս. Եփրեմ Ասորին, 4-րդ դարում եւ հայերեն է թարգմանվել 11-րդ դարի մեր հայրապետ Գրիգոր Բ Վկայասերի կողմից: Սուրբգրային ընթերցվածներից հետո Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը, Ս. Խաչով եւ Ս. Ավետարանով, օրհնեց ջուրն ու յուղը, ապա ծնրադրելով կատարեց, Քրիստոսով սկիզբ առած, արարողությունը՝ Ս. Խորանի վրա լվանալով եւ յուղով օծելով տասներկու ընտրյալների ոտքերը:

ԿԱՐԳ ԽԱՎԱՐՄԱՆ

Նույն օրը երեկոյան, երբ ըստ եկեղեցական օրացույցի օրը փոխվում է, սկսվեց Խավարման գիշերը՝ ի հիշատակ Գեթսեմանիի այգում Հիսուսի աղոթքի, Հուդայի կողմից համբույրով մատնության, Քրիստոսի բանտարկության, դատավարության ու դաժան չարչարանքների: Խավարման խորհրդավոր կարգն սկսվեց ժամը 21:00-ին եւ շարունակվեց մինչեւ ուշ գիշեր: Ս. Խորանի վրա վառվող 11 մոմերը խորհրդանշում էին Տիրոջ առաքյալներին, իսկ 12-րդը, որ սեւ գույնի էր եւ բնավ չի վառվում՝ Հուդային: Դրանց միջեւ Տիրոջը խորհրդանշող մոմն էր: Ավետարանական ընթերցումներին զուգահեռ՝ աստիճանաբար մարվեցին մոմերը: Վերջում մնաց Քրիստոսին խորհրդանշող մեծ մոմը՝ հիշեցնելով, որ մատնության գիշերը Տերը մնացել էր միայնակ: «Տէր յերկնից» շարականի երգեցողությունից հետո այն եւս մարվեց, ապա մարեցին եկեղեցու լույսերը:

Արարողությունն ավելի ազդեցիկ դարձավ, երբ խավարի ու լռության մեջ հնչեցին զղջման ու ապաշխարության «Տէր, ողորմեա»-ն եւ «Ուր ես, մայր իմ» հոգեպարար տաղը, ապա ընթերցվեց «Կտակը» (Եբ. Թ): Որից հետո, մթության մեջ, ներկաներին իր խոսքը հղեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ ԿԱՐԳ ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ

Ամենահանդիսավոր եւ ամենատխուր օրը քրիստոնյաների համար: Խաչելության արարողությունը, որ սովորաբար կատարվում է կեսօրին, հիշատակում է մեր Տիրոջ չարչարանքը, խաչելությունն ու մահը: Այն Սուրբ Յոթվերք եկեղեցում ապրիլի 15-ին կատարվեց հանդիսապետությամբ թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի՝ մեծաթիվ հավատացյալների ներկայությամբ, հընթացս որի ներկաներին իր հայրական խոսքը հղեց Սրբազան Հայրը:

ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԽՈՍՔԸ

Ահա այս ժամին կատարեցինք Խաչելության կարգը եւ ընթերցվեցին մարգարեական բոլոր այն հատվածները, որոնցում հիշվում, կանխատեսվում, կանխագուշակվում էր Տիրոջ չարչարանքների ու խաչելության մասին: Ընթերցեցինք Պողոս Առաքյալի վերլուծություններն ու նաեւ Ավետարանները Հիսուսի զոհաբերության եւ խաչելության վերաբերյալ, «տեսանք», թե ինչպես Քրիստոս խաչ բարձրացավ, խաչի վրա Իր արյունը հեղեց եւ հոգին ավանդեց: Տիրոջ երկու կողմերում երկու ավազակներ կային, որոնցից մեկը նախատում էր Հիսուսին՝ ասելով. «Քեզ էլ փրկիր, մեզ էլ»: Իսկ մյուսը սաստում է նրան՝ ասելով. «Չե՛ս ամաչում, մենք պատժված ենք իրապես մեր արարքի համար եւ ճշմարիտ հատուցում ենք կրում, իսկ այս մարդը ոչ մի վատ բան չի արել»:

Ես ուզում եմ հիմա ձեր ուշադրությունը հրավիրել երկրորդ ավազակի խոսքերի վրա: «Մենք արժանի ենք դրան, արժանիորեն ենք կրում այս պատիժը»,- ասում է նա եւ այդ խոսքերով է փրկվում, դրանցով է բացվում նրա փրկության ճանապարհը: Մյուսի նման չի ասում՝ փրկիր ինձ, այլ ասում է՝ արժանի եմ այս վիճակին որի մեջ եմ, արժանիորեն եմ կրում այս պատիժը, որով եւ նրա առջեւ բացվում է ապաշխարության ու փրկության դուռը: Այդ ավազակը չէր արժանանա փրկության, եւ Քրիստոս չէր ասի, թե «այսօր ինձ հետ կլինես դրախտում», եթե վերջինիս մեջ չլիներ գիտակցությունը, որ այն, ինչ ինքը կրում էր, արժանիորեն է կրում: Ինչու եմ սա ասում. մենք արժանի ենք այն վիճակին, ինչի մեջ որ ենք, բայց չենք գիտակցում դա եւ չենք խոստովանում այն փորձանքները, այն տիղմը, որի մեջ ենք իբրեւ ազգ, ժողովուրդ, պետություն, հասարակություն: Մեր մեղքերի պատճառով ենք արժանի այս վիճակին, որ ենք, բայց մյուս ավազակի կերպարի մեջ ենք մտել, ասում ենք՝ փրկիր մեզ եւ չենք ասում՝ արժանի ենք այս վիճակին, Տե՛ր, հիշիր մեզ, երբ գաս:

Ընտրանքը, ընտրությունը շատ հստակ է, եւ այսօր՝ Ավագ ուրբաթ, երբ այս թշվառ վիճակի մեջ ենք իբրեւ ազգ եւ պետություն, դարձյալ համառում ենք, չենք ասում՝ արժանի ենք այս վիճակին, Տե՛ր, հիշիր մեզ, այլ մատ ենք թափ տալիս դեպի երկինք՝ ասելով. «Ո՞ւր ես Աստված, ինչո՞ւ չես փրկում մեզ»: Ահավասիկ խաչելության այս կարգը, Ավետարանների ընթերցումները մեզ ցույց են տալիս ճանապարհը, բայց պարզվում է, որ ճանապարհը գտնելը դժվար է, նույնիսկ եթե այն պարզորեն երեւում է: Մեր ազգի համար միշտ դժվար է, երբ պարզորեն երեւում է ճանապարհը:

Աղոթենք, սիրելինե՛ր, որ ի վերջո մեր ժողովրդի գերակշիռ մասը հասկանա, ըմբռնի այն վիճակը, ինչի մեջ որ է, արժանի է իր մեղքերի, թերացումների, ապիկարության ու անպետքության պատճառով: Դա գիտակցելուց հետո պիտի ասի. «Այո՛, արժանի եմ այս վիճակին, բայց, Տե՛ր, հիշիր ինձ, երբ գաս»: Ուրեմն՝ ավազակի խոսքով ասենք. «Տե՛ր, արժանի ենք այս վիճակին, բայց փրկիր մեզ»:

Օրհնեալ եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն, երթայք, ի խաղաղութիւն, եւ Տէր Յիսուս եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսդ. ամէն:

ԿԱՐԳ ԹԱՂՄԱՆ

Երեկոյան՝ ժամը 17:00-ին, Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի գլխավորությամբ, կատարվեց թաղման կարգ, որի ընթացքում Քրիստոսի խորհրդանշական ծաղկահյուս գերեզմանը, հանդիսավոր թափորով, պտտեցվեց մայր եկեղեցու շուրջը՝ ի տես եւ ի խոնարհումն հավատավոր ժողովրդի: Ապա այն կրկին դրվեց եկեղեցում, ուր եւ ներկա հավատացյալներին, օրվա խորհրդին առնչվող, հուզիչ խոսք ասաց Առաջնորդ Սրբազանը:

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ԽՈՍՔԸ

Սիրելի՛ հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, ահա այս արարողությամբ ավարտեցինք Ավագ ուրբաթ օրվա տնօրինական կարգերը: Երեկ սկսեցինք, Ժողովրդական լեզվով ասած, Խավարման կարգով եւ նշեցինք մեր Տիրոջ մատնությունն ու չարչարանքը, այսօր, կեսօրից առաջ, նշեցինք խաչելությունը եւ հիմա թաղման կարգը կատարեցինք, խորհրդանշական գերեզմանով շրջեցինք, եւ բոլորդ փորձեցիք հպվել, ստանալ աստվածային օրհնություն: Աստված գործում է ցանկացած ձեւով ու եղանակով: Մարդկային հնարավորությունները, միտքը, կամքը, գիտելիքը չեն կարող կանխարգելել Աստծո շնորհների թափանցումը: Մենք չէ, որ որոշում ենք, թե Աստված ինչպես է գործում:

Հետեւաբար՝ եթե մեզ մնար, Աստված չէր մարդանա, չէր ծնվի կույսից, չէր ապրի մեզ հետ, չէր խաչվի, չէր մահանա, չէր թաղվի եւ հարություն էլ, բնականաբար, չէր առնի, որովհետեւ Աստված գործում է ոչ թե մեր բանականության համաձայն, այլ Իր փրկագործական, փրկչական առաքելության համապատասխան: Այսօր մենք, այո, Ավագ ուրբաթ օրվա խորհրդով, կսկծում ենք, ցավում, տխուր ենք եւ տրտում, բայց ոչ այնքան պիտի տխրենք եւ տրտմենք նրանից, որ Հիսուս մահացավ, որովհետեւ Հիսուս վաղը գիշեր հարություն է առնելու, այլ պիտի տրտմենք, կսկծանք, ցավենք ու ողբանք մարդկային հիմարության համար: Մարդկությունն ինչպես հիմար գտնվեց 2000 տարի առաջ, այնպես էլ շարունակում է հիմար գտնվել այսօր: Այսօր էլ, եթե Տերը կամենա մարդանալ ու մարմնանալ, շատ հնարավոր է, որ մենք խաչողների մեջ լինենք, որովհետեւ այն պատգամը, որ բերեց Տերն իբրեւ փրկության առհավատչյա ու գրավական, այո՛, ընդունեցինք, փափագելով ընդունեցինք, բայց վաստակել, դրա համար հոգնել, քրտնել, ջանք թափել չկամեցանք եւ չենք էլ կամենում:

Բազմաթիվ անգամներ ասել եմ, որ պիտի անցնենք խաչի ճանապարհով, որպեսզի հարությանը ժառանգակից լինենք: Բայց մեր ժողովրդի ստվար հատվածը, քրիստոնյա աշխարհի ստվարագույն զանգվածը ցանկանում է հարությունից մաս ունենալ, իսկ խաչի ճանապարհից մնալ զերծ եւ ազատ: Այդպես չի լինի: Եթե նույնիսկ թվում է, թե հնարավոր է, ապա Հարության խորհուրդը, տված պատգամն ու կենսուրախությունը կլինի թերի: Ուստի մենք մխիթարված ենք, որ այսօր խուռներամ բազմությամբ եկել եք հրաժեշտ տալու Հիսուսի երկրավոր կյանքին, որպեսզի արժանի լինեք դիմավորելու Նրա Հարությունը եւ, Հարությամբ սկսված, հավիտենական կյանքը ոչ միայն Իր համար, որ ուներ ի բնե հավիտենությունը, այլ հավիտենական կյանքը մեզ, ձեզ, ձեր սիրելիների, մտերիմների եւ, ինչպես առավոտյան ասացի, նաեւ ձեր թշնամիների համար: Երբ ասում եմ «ձեր թշնամիներ», նկատի չունեմ, որ դուք ինչ-որ մեկին թշնամի եք, չպետք է լինեք ինչ-որ մեկին թշնամի, այլ երբ ինչ-որ մեկը ձեզ թշնամի է, այդ մարդկանց ենք մենք համարում Աստծուն թշնամի: Այլապես քրիստոնյան իրավունք չունի թշնամի ունենալու, բայց ունի թշնամիներ, որովհետեւ շրջապատված է մարդկանցով, որոնք ինչպես Հիսուսի մահն էին ցանկանում, այնպես էլ ցանկանում էին քրիստոնյայի մահը. ո՛չ միայն ֆիզիկական, այլ հավիտենական մահն ու կորուստն են ցանկանում: Չպետք է թույլ տանք մեզ, որպեսզի այդ հավիտենական, անփոփոխ թշնամին, որ է սատանան, ուրախանա մեր անկումներով, սխալներով, թերացումներով եւ, իբրեւ հետեւանք, հավիտենական կյանքի կորստյամբ:

Ուրեմն՝ սիրելինե՛ր, թող մեզ համար խաչված, այսօր թաղված եւ վաղը հարություն առնող մեր Տերն օրհնի բոլորիս եւ տա ուժ, կարողություն մեր կյանքը քրիստոնեավայել անցկացնելու, մեր երկիրը ոտքի կանգնեցնելու, մեր երկրին հարություն ապահովելու, որովհետեւ այսօր մեր երկիրն էլ փոսի մեջ է եւ անհրաժեշտ է, որ Աստվածային միջամտությամբ ու մեր ջանքերով հարություն առնի, պայծառանա, զորանա, հզորանա, քրիստոնյա պետության, առաջին քրիստոնյա պետության համապատասխան ապրի ու գործի: Դրա համար Աստծո օգնականությունն ենք խնդրում եւ հայցում, որովհետեւ Ինքն է ասել՝ առանց Իրեն ոչինչ չենք կարող անել: Այսքան տարի փորձում էինք առանց Իրեն անել, դրա համար մեր վիճակն այս է: Հետեւաբար՝ այսօր Ավագ ուրբաթ օրվա խորհուրդը թող վերափոխի բոլորիս, որպեսզի հասկանանք՝ եթե ինչ-որ լավ բան ենք ուզում անել մեր քաղաքի, երկրի, պետության, հայրենիքի, ժողովրդի, ազգի համար, չենք կարող անել առանց Աստծո: Օրհնեալ եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն, երթայք, ի խաղաղութիւն, եւ Տէր Յիսուս եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսդ. ամէն:

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ. ՃՐԱԳԱԼՈՒՅՑ

Ավագ շաբաթը հիշատակում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը եւ արդար հոգիների ազատումը:

Ապրիլի 16-ին, երեկոյան ժամերգությունից հետո՝ ժամը 20:00-ին, հանդիսապետությամբ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: Մինչ Ս. Պատարագը, կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, որից հետո ընթերցվեցին Դանիել մարգարեի թղթերը: Երեք ընթերցողները խորհրդանշում էին բոցավառ հնոց նետված երեք երիտասարդներին: Սա նաեւ խորհրդանշում է Հիսուսի երեքօրյա թաղումը, որ, սակայն, չապականվեց:

Հավարտ ժամը 22:00-ին սկսած Ճրագալույցի Ս. Պատարագի, կատարվեց Ս. Հարության նախատոնակ: Գիշերվա խորհրդավոր լռության մեջ հաղթականորեն հնչեց «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը: Ներկաները, Ս. Հարության ավետիսն ստանալով, վառված մոմերը ձեռքներին, հրաշափառ Հարության լույսը տարան իրենց օջախները՝ իբրեւ Կենսատու լույսի խորհրդանիշ:

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ

Քրիստոսի հրաշափառ Հարությունը մարդկության պատմության ամենակարեւոր ու առանցքային իրադարձությունն է:

17 ապրիլի, «տօն հրաշափառ յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»: Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Հռիփսիմե, Ս. Մինաս, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների զանգերն ազդարարեցին Հարության Ս. Պատարագի սկիզբը: Ս. Յոթվերքում օրվա պատարագիչն էր Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական պատգամը:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Ապրիլի 18-ին մայր եկեղեցում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ:

ԱՐՄԵՆ ՍԱՐԿԱՎԱԳ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները